Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը կգործարկվի 2026-ի օգոստոսից
Արարատի մարզում ներդրվել է միասնական երթուղային ցանց։ Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Նախարարության հայտարարած մրցույթում հաղթել է «Վեդու բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» ՍՊԸ-ն։
«Հետքի» հետ զրույցում ՏԿԵ նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանն ասաց, որ նոր ավտոբուսներն ու միկրոավտոբուսները երթուղի դուրս կգան հաջորդ շաբաթվանից։
«Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն առկա են, մնացել է միայն դեղին պետհամարանիշները տրամադրվեն»,- ասաց Հարությունյանը։
Արարատի մարզի միասնական երթուղին կսպասարկվի 87 նոր տրանսպորտային միջոցներով։
«Տրանսպորտային միջոցների մի մասը հարմարեցված է հատուկ կարիքներ ունեցող ուղևորների համար, հագեցած են օդափոխության համակարգերով»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում։
Արարատի մարզում միասնական երթուղային ցանցը նախատեսվում էր ներդնել դեռ 2022 թվականին, սակայն մրցույթից հետո ծագած դատական վեճի պատճառով գործընթացը հետաձգվել էր։
Միասնական երթուղային ցանցի ներդրումից հետո կթարմացվեն նաև չվացուցակները․ կավելանա մեկնման և վերադարձի հաճախականությունը։ Չվացուցակներն ամբողջությամբ հասանելի են նախարարության կայքում։
*Հոդվածում սկզբում գրել էինք, որ ուղեվարձի փոփոխություններ առաջիկայում չեն նախատեսվում, ավելի ուշ տեղեկացանք, որ փոփոխություն սպասվում է: Առաջիկայում պարզ կդառնա` ինչքանով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել