HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Քաղաքապետի գործերը դատարան չեն հասնում

Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի նկատմամբ, իր գործունեության ու վարքագծի պատճառով, հարուցվել են տարբեր քրեական գործեր: Սակայն դրանցից եւ ոչ մեկն այդպես էլ դատարան չի հասել: Ներկայումս քաղաքապետը մեղադրվում է միայն մեկ հանցանքով, բայց դատելով նախորդ գործերի ճակատագրից` դժվար չէ կանխատեսել, թե ինչ վախճանի կարժանանա նաեւ այս մեկը:

2003 թ. քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, կեղծ փաստաթղթերի հիման վրա տրված եզրակացությամբ` Ստեփանավանում «Լինսի» հիմնադրամի կառուցած շենքի 4 սենյականոց բնակարաններից մեկն ապօրինաբար հատկացրել է Էմմա Թոթոլյանի ընտանիքին: Իսկ մեկ տարի անց, առանց վերջինիս գիտության եւ համայնքից բացակայելու պատրվակով, քաղաքապետ Ղարաքեշիշյանն այն ետ է վերցրել ու տրամադրել մեկ այլ ստեփանավանցու՝ Վարինկա Դավթյանի ընտանիքին: Սա հատված էր 11.07.2008 թ. Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից:

Այս պատմության հետ կապված անցյալ տարվա հուլիսին հարուցվեց քրեական գործ` «Պաշտոնական լիազորությունները չարաշահելու» հոդվածով: Ընդ որում` դա արվեց միայն այն ժամանակ, երբ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի  ղեկավար Արթուր Սաքունցը ներկայացրեց գրավոր հաղորդում: Եվ մինչ Լոռու քննչական բաժնում ընթանում էր նախաքննություն, Սարգիս Ղարաքեշիշյանի դեմ գողության, այնուհետեւ երեք հոգու կրակելու համար հարուցվեցին քրեական նոր գործեր:

Այդ գործերի ընթացքի մասին տեղեկություններ ստանալու ակնկալիքով «Հետքը» դիմեց ոստիկանությանը: Սակայն Լոռու մարզի քննչական բաժնի տրամադրած տեղեկանքում «Պաշտոնական լիազորությունները չարաշահելու» համար հարուցված քրեական գործի վերաբերյալ որեւէ հիշատակում չկա. կարծես նման գործ չի էլ եղել: Ըստ էության, այն արժանացել է «Գողության» մեղադրանքով հարուցված քրեական գործի բախտին:

Նախորդ տարվա սեպտեմբերին սկսված նախաքննությամբ հիմնավորվել էր, որ Ստեփանավանի քաղաքապետը գողացել է Հենրիկ Սաքուլյանին պատկանող ծածկի պանելները: 2009 թ. մարտի 6-ին այս գործը միացվել է երեք անձանց կրակելու համար Ղարաքեշիշյանի դեմ հարուցված քրեական գործին: Սակայն մոտ մեկ շաբաթ անց` մարտի 14-ին, գողության դեպքով քրեական գործի մասը կարճվել է: Ոստիկանության պաշտոնական հիմնավորումը հետեւյալն է. «Տուժող Հենրիկ Սաքոյանը քաղաքապետի հետ հաշտվել է»:

Սարգիս Ղարաքեշիշյանը Ստեփանավանի քաղաքապետն է 2002 թվականից: Այս ընթացքում, տարբեր օբյեկտների հետ, նա ձեռք է բերել նաեւ «կրակող տղայի» համբավ: Ըստ մամուլի հրապարակումների` 2006 թ. իր օբյեկտներից մեկում` Ամրակից գյուղում գտնվող «Դրախտ» ռեստորանային համալիրում, Ղարաքեշիշյանը կրակել է հաճախորդներից Վարուժան Մովսիսյանի ոտքին` «անհամ կատակ» անելու համար: Սակայն տուժողը չէր բողոքել, եւ կրակելու փաստն իր վրա էր վերցրել ու դատապարտվել միանգամայն այլ քաղաքացի: Արդյունքում Հանրապետական կուսակցության անդամ Սարգիս Ղարաքեշիշյանն անարգել շարունակել է պաշտոնավարել:

2008 թ. հոկտեմբերի 19-ին նա երրորդ անգամ վերընտրվեց Ստեփանավանի քաղաքապետի պաշտոնում: Նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղական հեռուստաընկերության եթերում Սարգիս Ղարաքեշիշյանին գովազդող հոլովակում հատուկ ընդգծվել է այն հանգամանքը, որ հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նրան նվիրել է անվանական զենք:

Ընտրություններում «հաղթելուց» հետո Ղարաքեշիշյանի հանձնարարականով պետական հիմնարկներում սկսել են աշխատանքից ազատել նրանց, ովքեր ձայնը տվել էին քաղաքապետի մրցակիցներին: Հենց այդ հանձնարարականի` «հետընտրական հաշվեհարդար» ծրագրի պատճառով էլ Ղարաքեշիշյանը գործի էր դրել վարչապետի նվիրած «Վիկինգ» տեսակի ատրճանակը:

Մեջբերում ենք դեպքի մանրամասները ներկայացնող ոստիկանության տրամադրած տեղեկությունը. «Արմեն Գրիգորյանն իր հորեղբոր դուստր, Ստեփանավանի քաղաքապետարանի Մշակույթի եւ ստեղծագործության կենտրոնի գործավար Լիանա Գրիգորյանին աշխատանքից ազատելու կապակցությամբ Ստեփանավանի քաղաքապետից պարզաբանում ստանալու նպատակով, իր ընկերներ Արթուր եւ Արծրուն Աղաջանյանների, Սարո Գագինյանի, եղբայրներ` Արմեն, Արտակ եւ Մարտուն Ալեքսանյանների ու եւս մի քանի հոգու հետ հոկտեմբերի 24-ին, ժամը 21-ի սահմաններում, գնացել են Սարգիս Ղարաքեշիշյանին պատկանող «Դրախտ» ռեստորան: Այստեղ Արմեն Գեւորգյանը քաղաքապետ Ղարաքեշիշյանից պահանջել է Լիանա Գրիգորյանին չազատել աշխատանքից, ապա, մերժում ստանալուց հետո, կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, իր մոտ ունեցած կտրող-ծակող գործիքով երկու անգամ հարվածել է վերջինիս պարանոցին եւ դեմքին…

Սարգիս Ղարաքեշիշյանը կյանքը Արմեն Գրիգորյանի ոտնձգությունից, ինչպես նաեւ մյուսների հարձակման իրական սպառնալիքից պաշտպանվելու նպատակով իր մոտ ունեցած ատրճանակից կրակել եւ վնասվածքներ է պատճառել Արծրուն Հակոբյանին, Արթուր Աղաջանյանին եւ Արմեն Գրիգորյանին…»:

Դեպքի առթիվ նույն օրը հարուցվեց քրեական գործ` 34-104 հոդվածի (հանցափորձ-սպանություն) հատկանիշներով: Այս մեղադրանքը, բնականաբար, Սարգիս Ղարաքեշիշյանին չէր վերաբերում: Բայց միջադեպը ստացել էր հասարակական լայն հնչեղություն, եւ դեկտեմբերի 18-ին մեղադրանք առաջադրվեց նաեւ քաղաքապետին` անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար:

Մարտի 13-ին Արմեն Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը` «Հանցափորձ-սպանությունը» փոխարինվել է «Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառել» հոդվածով: Փոփոխվել է նաեւ վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոցը. Գրիգորյանն ազատ է արձակվել «Ստորագրություն չհեռանալու մասին» որոշմամբ: Արդյունքում, եթե անգամ այս գործը հայտնվի դատարանում, եւ Արմեն Գրիգորյանին մեղսագրվող արարքն ապացուցվի, միեւնույն է` նրան ազատազրկում այլեւս չի սպառնում: Քանի որ նախկին մեղադրանքով նա արդեն իսկ մոտ 4 ամիս գտնվել է կալանքի տակ: Իսկ նոր առաջադրված հոդվածը, իբրեւ պատիժ, սահմանում է ընդամենը երկամսյա կալանք:

Այս գործը դատարան չմտնելու հավակնություն, իսկապես, ունի, քանզի դրանում որպես մեղադրյալ ներգրավված է նաեւ Սարգիս Ղարաքեշիշյանը: Ուստի բացառված չէ, որ կատարվածում իրավապահները, ասենք, հանցակազմ չգտնեն: Այնուամենայնիվ, եթե նույնիսկ ավանդույթը խախտվի, որպես այդպիսին որեւէ պատիժ չի սպառնում նաեւ քաղաքապետ Ղարաքեշիշյանին: Որովհետեւ մեղադրանքի հաստատման դեպքում առաջադրված հոդվածով առավելագույն պատիժը մեկամյա ազատազրկումն է: Իսկ Սարգիս Ղարաքեշիշյանի դեպքում, ազատազրկումը պայմանականորեն չկիրառելու համար, պատիժը մեղմացնող հանգամանքներ որքան ասես` «կգտնվեն»: Թեկուզ այն, որ Սարգիս Ղարաքեշիշյանը նախկինում դատված չի եղել:

Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter