HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Սկսեցին դատել նաեւ Գոհար Վեզիրյանին

«Չորրորդ իշխանություն» օրաթերթի լրագրող Գոհար Վեզիրյանին սպառնում է նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուապատիկի չափով տուգանք կամ երկուսից երեք ամսվա կալանք, եթե հաստատվի նրան առաջադրված մեղադրանքը: Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, մեկնարկեց Վեզիրյանի դատավարությունը:

Ինչպես «Չորրորդ իշխանության» ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը, այնպես էլ Գոհար Վեզիրյանը մեղադրվում է «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի» համար: «Վիրավորված» դատավորը նորից Գագիկ Ավետիսյանն է, եւ դեպքը դարձյալ տեղի է ունեցել Սմբատ Այվազյանի դատաքննության ժամանակ` Գագիկ Շամշյանի հետ կատարված միջադեպի հաջորդ օրը` անցյալ տարվա օգոստոսի 6-ին:

Մեղադրանքի հիմքում նորից դրված է նույն մարդկանց ցուցմունքները, այն տարբերությամբ, որ վկա-կարգադրիչների թիվը մեկով ավելացել է: Դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանը, կարգադրիչներ Ռաֆայել Ստեփանյանը, Շահեն Օհանյանը, Մուրադ Գրիգորյանը եւ դատական նիստերի քարտուղար Հասմիկ Ջալալյանը միաբերան պնդել են, որ « …Գոհար Վեզիրյանը, չենթարկվելով դատավորի կարգադրությանը` բոլոր տեսակի նկարահանումներն ու ձայնագրությունները դադարեցնելու վերաբերյալ, շարունակել է ցուցադրաբար ձայնագրիչով ձայնագրել դատական նիստը: Պահանջը չկատարելու համար` դատավորը կարգադրել է Գ. Վեզիրյանին դուրս գալ նիստերի դահլիճից: Գ. Վեզիրյանը հրաժարվել է ենթարկվել եւ վիրավորական խոսքեր է ուղղել դատավոր Գագիկ Ավետիսյանի հասցեին` անվանելով «շիզոֆրենիկ» եւ «կամակատար», իր պահվածքով խախտել է դատական նիստի կարգը, որի համար դատավորի կարգադրությամբ նրան հեռացրել են դահլիճից, վերցրել արգելանքի եւ հանձնել ոստիկանությանը»:

«Բացարձակ սուտ է. դատավորը նիստը չձայնագրելու կարգադրություն արձակելու իրավունք չունի, եւ նման կարգադրություն նա չի էլ տվել: Ինչի՞ մասին է խոսքը. դա լուսանկարել չէ, եւ բոլոր լրագրողներն էլ անարգել ձայնագրել են»,- ասում է Սմբատ Այվազյանի պաշտպան Հովիկ Արսենյանը, որն այս գործում ներգրավված է որպես Գոհար Վեզիրյանի շահերի պաշտպան:

Գոհար Վեզիրյանը հիշում է, որ ամռան այդ շոգ օրը դատարանի շենքի մոտ հավաքված բազմաթիվ մարդիկ վանկարկել են «Ազատություն քաղբանտարկյալներին» եւ նմանօրինակ արտահայտություններ: Ու որպեսզի նիստերի դահլիճում աղմուկ չլինի, փակ են եղել բոլոր պատուհանները:

«Այնքան շատ մարդ կար, որ իրար սեղմված էինք նստել: Իսկ կարգադրիչները շատ անհարմար դիրքով կանգնած էին ինձ շատ մոտ: Խնդրեցի, որ մի քիչ այն կողմ գնան` արդեն շունչս կտրվում էր, երկրորդ` նրանք փակել էին տեսադաշտս, եւ չէի կարողանում աշխատել: Հենց այդ խոսակցության պահին դատավոր Գագիկ Ավետիսյանը մտավ դահլիճ եւ միանգամից ինձ կարգադրեց կանգնել ոտքի: Հարցրեցի` ինչո՞ւ, բա` հրաժարվո՞ւմ եք կատարել դատարանի պահանջը: «Այո» կամ «ոչ» ասել չէի կարող, ստիպված պատասխանեցի հարցով` «Իսկ Դուք ո՞նց եք կարծում,- հիշում է Վեզիրյանը եւ նշում, որ անմիջապես հետեւել է դահլիճը լքելու դատավորի կարգադրությունը,- կարգադրիչներն ուզում էին մոտենալ, ասացի` ինձ չկպչեք, ես ինքս դուրս կգամ, եւ հանգիստ քայլքով դահլիճը լքել եմ»:

Գագիկ Շամշյանի օրինակով` այս դեպքում եւս նախաքննական մարմինն առաջադրված մեղադրանքն ապացուցված է համարել նաեւ գործին կցված հիշյալ նիստի ձայնագրությամբ: Վկա-կարգադրիչների ցուցմունքներին հակառակ` դրանում բացակայում է «շիզոֆրենիկ» եւ «կամակատար» վիրավորական արտահայտությունները:

«Այդ բառերը նրանք ուղղակի վերցրել են այդ օրվա թերթում հրապարակված իմ հոդվածից, որտեղ դրանք ես օգտագործել եմ նախորդ օրը Գագիկ Շամշյանի հետ կատարվածի կապացությամբ: Իսկ կարգադրիչներին անվանել էի «դատավորի վեցնոցներ», որովհետեւ նրանք դատավորի պահանջով հարձակվել էին Գագիկի վրա»,- ասում է լրագրող Վեզիրյանը: Նրա խոսքերով` հենց այդ հոդվածի համար էլ կարգադրիչները «կատաղած» են եղել իր վրա, եւ երբ դահլիճից դուրս է եկել, դատարանի միջանցքում սկսել են իրեն հարվածել:

«Ինձ երկու ժամ դատարանում պահեցին վանդակաճաղերի հետեւում` քրեականնների հետ: Նույնիսկ նրանք կարգադրիչներին հայհոյում էին, ինձ հետ նման դաժան ձեւով վարվելու համար»,- պատմում է Գոհար Վեզիրյանը:

Թեեւ ոստիկանությունը Գոհարին դատաբժշկի ուղեգիրը տվել է երեք օր անց, այնուամենայնիվ փորձագետն արձանագրել է նրա մարմնի տարբեր հատվածներում առկա բռնության հետքերը: Դատաբժիշկը, սակայն, իր եզրակացության մեջ չի նշել, թե վնասվածքներն ինչ աստիճանի են:

«Իսկ գործը քննող Գայանե Երիցյանը վկա-կարգադրիչների ֆիզիկական ուժ գործադրելու գործողությունները գնահատել է իրավաչափ: Նա ակնհայտ խոշտանգման մեջ հանցակազմ չի տեսել, եւ գործի այդ մասը կարճել է»,- նշում է Հովիկ Արսենյանը:

Գահար Վեզիրյանի խոսքերով` անկախ այն հանգամանքից, թե օրերի ինչ թվագրությամբ է իր եւ Գագիկի նկատմամբ հարուցվել քրեական գործ, դա արվել է ի պատասխան «Չորրորդ իշխանության» բողոքների:

«Մեր խմբագրությունը բոլոր համապատասխան ատյաններին բողոք էր գրել դատավոր Գագիկ Ավետիսյանի` լրագրողներիս նկատմամբ դրսեւորած վարքագծի համար: Դրա համար էլ նման քրեական գործեր սարքեցին»,- ասում է նա:

Վերջինս համոզված է, որ եթե նույնիսկ մեր երկրի դատական ատյաններն իրենց մեղավոր ճանաչեն, Եվրադատարանը, «ընդամենը 5 րոպեանոց քննությամբ», վճիռ է կայացնելու հօգուտ իրենց:

Այսօրվա նիստում պաշտպան Հովիկ Արսենյանը բացարկ հայտնեց մեղադրող Լեւոն Չարխիֆալակյանին, որովհետեւ վերջինս, ինչպես Շամշյանի դեպքում, հաստատել է մի մեղադրանք, որի հիմքում դրված է միայն կարգադրիչների եւ քարտուղարի ցուցմունքներ, «այն դեպքում, երբ  դատարանի դահլիճում կային բազմաթիվ ականատես վկաներ: Փորձ չի արվել հարցաքննել դատավարության մասնակիցներին, գոնե մեղադրողին, ներկա լրագրողներին: Եվ սա ուղղակիորեն հաստատում է այն, որ նպատակ չի եղել վեր հանել օբյեկտիվ ճշմարտությունը»:

Դատարանն այս միջնորդությունը մերժեց` «անհիմն լինելու պատճառով»: Հովիկ Արսենյանը խնդրեց նիստը հետաձգել` գրավոր միջնորդություն ներկայացնելու համար: Դատավարությունը կշարունակվի ապրիլի 6-ին:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter