172 մլն դրամ՝ Գյումրու «Հաղթանակի» զբոսայգու մեկ հատվածի բարեկարգման համար
Գյումրու «Հաղթանակի» զբոսայգու 6890 քմ տարածքի բարեկարգման համար կծախսվի 172 մլն դրամ։ Տարիներով անտեսված այգու վերականգնման նախագիծը նախնական հաշվարկների համեմատ կրկնակի թանկացել է, հատկացված գումարը բավարարելու է այգու միայն մեկ հատվածը բարեկարգելուն:
Գյումրու «Հաղթանակի» զբոսայգին 600 մետր երկարությամբ և 27,56 մետր լայնությամբ՝ ընդհանուր 16536 քմ մակերեսով կանաչ տարածք է, որի վերականգնման ու բարեկարգման վերաբերյալ բազմիցս է բարձրաձայնվել, սակայն քաղաքի այլ՝ առավել հրատապ խնդիրների լուծման ֆոնին մշտապես մղվել է հետին պլան: Այգին սկիզբ է առնում Տերյան փողոցից և հասնում մինչև Բագրատունյաց պուրակ: 1900-ականների սկզբներին այգու տեղը ձորակ է եղել, որը կոչել են «ուռումի յաբու», քանի որ մերձակա տարածքներում հույներ են ապրել, նաև՝ եզդիներ:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1946-1947 թվականներին, որոշում է կայացվել տարածքը փակել և այգի հիմնել՝ նվիրված Հայրենական պատերազմում զոհված լենինականցիների հիշատակին: Որքան որ զոհ է ունեցել քաղաքը, այդքան էլ ծառ է տնկվել: Ըստ պաշտոնական տվյալների և Գյումրու վետերանների միության կողմից ստեղվծած «Մատյան անմահության» գրքում առկա արձանագրության՝ 1941-1945թթ․-ին պատերազմում զոհվել է 13074 լենինականցի: Ասում են, որ այգում ծառերը տնկել են անվանական՝ զոհվածների անուններով:
Նորաստեղծ այգին կոչվել է «Հաղթանակի», սակայն Լենինականում ընդունված է եղել և մինչև հիմա էլ գործածվում է այգու անվան ռուսական տարբերակը, բայց ոչ թե «Պոբեդա», այլ «Պաբեդայի սադ» ձևով: Ներկայում էլ տեղացիների խոսակցականում կարելի է լսել՝ «արի Պաբեդայի սադ», «Պաբեդայի սադի քովը քեզի կսպասեմ», «Պաբեդայի սադի կռուգը կդառնաս» և այլ նմանատիպ արտահայտություններ: Խորհրդային տարիներին այստեղ երբեմն-երբեմն, ամռան վերջին ու աշնան սկզբին կազմակերպվել են Լենինականում գործող տեքստիլ և արդյունաբերական գործարանների արտադրանքի տոնավաճառներ: Այգու՝ հատկապես շուկային մոտ հատվածը, գյուղերից եկածների հանգստանալու վայրն էր: Այստեղ պաղպաղակ էին ուտում, գնումները դասավորում և ժամանակ կարճում, եթե ցանկություն չկար ավտոկայանում տրանսպորտին սպասելու:
1988թ․-ի երկրաշարժից հետո «Հաղթանակի» այգում զանգվածային ծառահատումներ չեղավ, ծառերը մասնակի հատվեցին: Քաղաքի բնակիչները չէին մոռացել, որ այդ ծառերը պատերազմում զոհված իրենց հայրենակիցների կյանքի շարունակության խորհրդանիշն են, և հիմա էլ այգում կարելի է հանդիպել հաստաբուն հսկաների, որոնց տարիքն անցնում է կես դարը: 2012-2016թթ-ին այգում եղել է ծառատունկ, նոր նստարաններ ևս տեղադրվել են, սակայն գրեթե 10 տարի է` նորոգման կամ վերականգնման աշխատանք չի տարվել հատկապես այգու 2-րդ և 3-րդ հատվածներում:
2026թ․-ի Գյումրու Մասնակցային բյուջետավորման ծրագրով տարեսկզբին քվեարկության առաջադրված երեք ծրագրերից հաղթել էր «Հաղթանակի» զբոսայգու զարգացման և համալիր բարեկարգման ծրագիրը (առաջարկի հեղինակ՝ Անահիտ Ղազարյան): Անցած տարի Մասնակցային բյուջետավորման ծրագրի համար Գյումրուն Կառավարությունը հատկացրել էր 90 մլն դրամ: Ծրագրի տապալումից հետո կար մտավախություն, որ համայնքը կզրկվի մասնակցության հնարավորությունից, սակայն ՏԿԵ նախարարությունում որոշել էին Գյումրուն դարձյալ հատկացում անել՝ այս անգամ 86 մլն դրամի չափով:
Ծրագիրը, որի օգտին քվեարկել են գյումրեցիները, ըստ ներկայացված առաջարկի, վերաբերում է այգու ողջ տարածքին: Նպատակն էր գործարկել Գյումրու «Հաղթանակի» զբոսայգու զարգացման և արդիականացման ծրագիր՝ այն վերածելով բազմաֆունկցիոնալ, անվտանգ և հարմարավետ հանրային տարածքի՝ ներառելով ենթակառուցվածքների բարելավում, կանաչապատման իրականացում, ժամանցային և ակտիվ հանգստի գոտիների ստեղծում։
Մասնակցային բյուջետավորման ծրագրի պահանջներից է, որ համայնքից եկող առաջարկների հեղինակները, թեկուզ մոտավոր, բայց պետք է ներկայացնեն նաև ծախսային հաշվարկ: Հաղթող ծրագրում նմանատիպ հաշվարկները բացակայում են, հեղինակներն առաջարկն արել են՝ հետագա գործողություններն ու քայլերի պլանավորումը թողնելով քաղաքապետարանին:
Այս ծրագրով գումարային ներդրումը պետություն-համայնք՝ 80/20 հարաբերակցությամբ է: 86 մլն դրամից Կառավարության մասնաբաժինը կազմում է 68 մլն 800 հազար դրամ, իսկ համայնքինը՝ 17 մլն 200 հազար դրամ: Քանի որ ծրագրի առաջարկի հեղինակները չէին հաշվարկել տարածքով հոսող ստորգետնյա ջրերի պրոբլեմն ու դրա լուծման շինարարական ուղիները, քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնում կատարած հաշվարկներից ու նախագծային աշխատանքներից հետո ծրագրի արժեքը կրկնակի աճել է: Գյումրու ավագանին համայնքային միջոցներից ծրագրի համար հաստատել է 103 մլն դրամի ներդրում, Կառավարության մասնաբաժինը կազմել է 69 մլն դրամ (այսինքն՝ ծրագիրը 86 մլն դրամից դարձել է 172 մլն դրամ), իսկ շինարարական մրցույթ հայտարարվել է 179 մլն դրամի շրջանակում:
Ըստ կազմած նախագծի՝ նշված գումարը բավարարելու է այգու միայն մեկ հատվածի բարեկարգմանը (250 մ երկարություն, 27,56 մ լայնություն)։ Կատարվելու են ստորգետնյա ջրատարի մաքրում, կանաչ տարածքների բարեկարգում, նոր նստարանների տեղադրում, առկա ջրավազանի վերականգնում՝ ևս երկուսի ավելացում, երեխաների համար խաղային տարածքի ձևավորում և այլն: Թե որ աշխատանքի համար որքան գումար է նախատեսված ծրագրով՝ հրապարակված չէ, չկա հետազոտություն այգում առկա ծառատեսակների վերաբերյալ, և հայտնի չէ, թե հին, վնասված ծառերը հատումից հետո նորերով փոխարինվելու են, թե ոչ: Ամեն դեպքում, քաղաքային իշխանությունները հույս ունեն, որ շինարարական մրցույթի մասնակից կունենան և նախորդ տարվա տապալված ծրագրի պատմությունը չի կրկնվի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել