HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Գոհար Վեզիրյանի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի՞

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, շարունակվում է «Չորրորդ իշխանություն» օրաթերթի լրագրող Գոհար Վեզիրյանի դատավարությունը: Այսօրվա նիստում պաշտպան Հովիկ Արսենյանը դատարանին միջնորդեց դադարեցնել Վեզիրյանի նկատմամբ քրեական հետապնդումը եւ կարճել հարուցված քրեական գործը:

Հիշեցնենք, որ «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի» համար ամբաստանվող Գոհար Վեզիրյանը, ըստ մեղադրական եզրակացության` անցյալ տարվա օգոստոսի 6-ին` Սմբատ Այվազյանի դատաքննության ժամանակ, «չի ենթարկվել դատավորի կարգադրությանը` բոլոր տեսակի նկարահանումներն ու ձայնագրությունները դադարեցնելու վերաբերյալ եւ շարունակել է ցուցադրաբար ձայնագրիչով ձայնագրել դատական նիստը:

Պահանջը չկատարելու համար` դատավորը նրան կարգադրել է դուրս գալ նիստերի դահլիճից: Սակայն Գ. Վեզիրյանը հրաժարվել է ենթարկվել եւ վիրավորական խոսքեր է ուղղել դատավոր Գագիկ Ավետիսյանի հասցեին` անվանելով «շիզոֆրենիկ» եւ «կամակատար»»:

Միջնորդության մեջ պաշտպան Հովիկ Արսենյանը նշեց, որ անթույլատրելի է քրեական հետապնդում իրականացնել միայն վկա-կարգադրիչների ցուցմունքների հիման վրա, ընդ որում` այն կարգադրիչների, որոնք, առանց արգելանքի տակ վերցնելու կարգադրության, Վեզիրյանին բռնությամբ վերցրել են արգելանքի տակ, իսկ նախաքննական մարմինը վերջիններիս արարքին համապատասխան գնահատական չի տվել:

«Հիշյալ նիստին ներկա է եղել ավելի քան 50 անձ, եւ նրանցից ոչ ոք չի դատակոչվել: Ավելին` դահլիճում եղել են նաեւ հեռուստալրագրողներ, բայց նախաքննական մարմինը նույնիսկ գործին չի կցել վերջիններիս տեսաձայնագրառումները, որոնք կհիմնավորեին, որ իմ պաշտպանյալը դատարանին չի վիրավորել, թեեւ դա արդեն իսկ փաստվել է դատարանի կողմից արված ձայնագրության սղագրմամբ»,- ասաց Հովիկ Արսենյանը:

Որպես միջադեպի ականատես` Արսենյանը նաեւ նշեց, որ Սմբատ Այվազյանի դատավարությունն ընթացել է բարդ իրավիճակում, եւ ինքը չի բացառում, որ դատավոր Գագիկ Ավետիսյանը, լարվածության պատճառով, կարող էր եւ սխալվել` թյուրիմացության արդյունքում կարգադրելով Գ. Վեզիրյանին լքել նիստերի դահլիճը: Կամ էլ պարզապես «դատավորը լրագրողին դարձրել է քավության նոխազ»:

«Մյուս կողմից` իմ պաշտպանյալի հետ այդ դեպքից առաջ եւ հետո երբեւէ չի եղել նման միջադեպ, եւ նա ունի ամբասիր բնութագիր»,- իր միջնորդությունը հիմնավորեց Հովիկ Արսենյանը:

Մեղադրող Լեւոն Չարխիֆալակյանը, միջնորդությանը ծանոթանալու եւ իր կարծիքը հայտնելու համար, դատարանին խնդրեց նիստն ընդմիջել: Դատաքննությունը կշարունակվի վաղը` ապրիլի 7-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter