Գագիկ Շամշյանի համար դատախազի միջնորդությունն անակնկալ էր
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, շարունակվում է «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» օրաթերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի դատավարությունը: Այսօրվա նիստում մեղադրական ճառի շրջանակներում դատախազ Լեւոն Չարխիֆալակյանը միջնորդեց «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի» համար Շամշյանին տուգանել նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
«Դատավարության ողջ ընթացքում ինձ համար թիվ 1 անակնկալը սա էր: Կարծում էի` քաղաքապետի ընտրություններից առաջ գոնե մի 3 ամսով ինձ «ճամպրուկային» կուղարկեն. իրենք (իշխանությունները) ինձնից կպրծնեին, ես էլ` իրենցից»,- մեկնաբանում է Գագիկ Շամշյանը:
«Հերիք չի արհեստածին մեղադրանքով քրեական հետապնդում է իրականացվում, դեռ պետք է համարձակվեին անազատությա՞ն հետ կապված պատժի միջնորդություն ներկայացնել,- զարմանում է պաշտպան Հովիկ Արսենյանը: – Ես օգոստոսի 5-ին դատարանում եմ եղել, իմ ներկայությամբ է միջադեպը տեղի ունեցել: Հիմա ստացվում է, որ ես ինձ չպետք է հավատամ: Ինձ հանուն Հայաստանի Հանրապետության համոզում են, որ մածունը սեւ է»:
Պաշտպանը համոզված է, որ եթե Գագիկ Շամշյանը նախաքննության ընթացքում ցուցմունք տար, ոչ ոք չէր համարձակվի նման քրեական գործ հարուցել. «Ստացվում է, որ եթե քաղաքացին օգտվել է իր սահմանադրական իրավունքից եւ ցուցմունք չի տվել, կարող են անմեղության կանխավարկածը ոտնահարել` նրա նկատմամբ իրականացնելով քրեական հետապնդում: Որովհետեւ այն իրականացվել է միայն դատարանի կարգադրիչների ցուցմունքների հիման վրա»:
«Մեղադրող Չարխիֆալակյանը գտնում է, որ նախաքննական մարմինը ճիշտ որակում է տվել եւ ապացուցված է, որ դատավոր Գագիկ Ավետիսյանին անվանել եմ «հորթ» եւ «տխմար»: Ինձ համար անհասկանալի է, որ դատախազը հիմնավորված չի համարում պետական հիմնարկության, տվյալ պարագայում` Փորձագիտական կենտրոնի տված եզրակացությունը (վերծանվել է միջադեպի օրը դատարանի կողմից արված նիստի ձայնագրությունը), որով հերքվել է այդ անհեթեթ մեղադրանքը: Այսինքն` նշված հիմնարկությունը ստո՞ւմ է: Էլ ինչո՞ւ է մեր` հարկատուներիս հաշվին նշված հիմնարկությունն աշխատում»,- հարցնում է Շամշյանը:
Նա վստահ է, որ դատարանը չի բավարարի պաշտպանական կողմի միջնորդությունը եւ իր նկատմամբ արդարացման դատավճիռ չի կայացնի: Փոխարենը դատավոր Արմեն Խաչատրյանը, ըստ Շամշյանի, մասնակի կբավարարի մեղադրողի միջնորդությունը` նշանակելով տուգանք նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի, առավելագույնը` չորսհարյուրապատիկի չափով:
«Բայց ավելի լավ է` այդ գումարը փոխանցեմ մանկատներին, քան անհեթեթ մուծում կատարեմ: Ես պատրաստ չեմ իմ չարածի համար տուգանք վճարել` թեկուզ 1 դրամ: Նույնիսկ կողմ եմ, որ դատարանը գործն ուղարկի լրացուցիչ նախաքննության: Սակայն, վստահ եմ` դրան էլ չեն գնա: Հետեւաբար, մենք վճիռը կբողոքարկենք»,- ասում է Գագիկ Շամշյանը:
Դատավարությունը կշարունակվի ապրիլի 15-ի: Այն ընդմիջվել է փաստաբան Հովիկ Արսենյանի խնդրանքով, որպեսզի պատրաստի պաշտպանական ճառը:
Մեկնաբանել