HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Ադնակլասնիկի» գործը բողոքարկվել է

Դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք` դատավոր Վարդան Աբրահամյանի «Ադնակլասնիկի» գործով կայացրած դատավճռի դեմ: Այս մասին «Հետքին» հայտնեց  մեղադրող Արթուր Դավթյանը:

Հիշեցնենք, որ մարտի 23-ին Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը, Վարդան Աբրահամյանի նախագահությամբ, հիշյալ գործով Սահակ Ազիզբեկյանին դատապարտեց 8,5 տարվա ազատազրկման, իսկ Սամվել Ալեքսանյանին եւ Արմեն Սարգսյանին` համապատասխանաբար 2,5 եւ կես տարվա ազատազրկման:

1974 թ. ծնված Արմեն Սարգսյանն այն անձն է, ով, ըստ 2008 թ. սեպտեմբերի 29-ին ոստիկանության տարածած հաղորդագրության, դրանից մեկ շաբաթ առաջ մեղայականով ներկայացել էր ոստիկանություն եւ խոստովանել, որ սեպտեմբերի 21-ին «Ադնակլասնիկ» սրճարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հեղինակն ինքն է:

Այդ ծեծկռտուքի արդյունքում դաժանաբար ծեծի ենթարկված Անդրանիկ Բաբայանը, հիվանդանոցում 8 օր ուշքի չգալով, մահացավ: Նրա ընկերը` Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրի ղեկավար եւ հիշյալ սրճարանի համասեփականատեր Արթուր Սահակյանը հայտարարեց, որ «սպանության հեղինակը ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանն է իր բանդայի հետ»: Արթուր Սահակյանը այժմ գտնվում է ԱՄՆ-ում: Առաջիկայում «Հետքը» կներկայացնի հարցազրույց Ա. Սահակյանի հետ:

Արդեն հոկտեմբերի 3-ին ոստիկանության տարածած նոր հաղորդագրությամբ` «սեպտեմբերի 27-ին ոստիկանության բաժին ներկայացած Սամվել Ալիխանյանը եւ Սահակ Ազիբեկյանը խոստովանել են, որ Արմեն Սարգսյանի հետ մտել են սրճարան, հայհոյել ու ծեծել են աշխատակիցներին»: Իսկ Արմեն Սարգսյանը, ով մինչ այդ ամեն ինչ վերցրել էր իր վրա, ցուցմունքում նշել էր, որ «ներկա է եղել սրճարանում տեղի ունեցած միջադեպին, հայհոյել է, սակայն ոչ մեկին չի հարվածել ու ծեծկռտուքին չի մասնակցել»:

Դատախազ Արթուր Դավթյանը միջնորդել էր Արմեն Սարգսյանին դատապարտել 3 տարվա ազատազրկման: Դատարանը վերջինիս մեղավոր էր ճանաչել «Մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանություն կատարելու» համար եւ դատապարտել 6 ամսվա ազատազրկման:

Արմեն Սարգսյանը նախորդ տավա սեպտեմբերի վերջից կալանքի տակ է, եւ 6 ամիսն արդեն լրացել է: Եթե Վերաքննիչ դատարանում մեղադրողի բողոքը վարույթ չընդունվի կամ այն չբավարարվի, Արմեն Սարգսյանը կհայտնվի ազատության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter