HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ

Ազգային ժողովի նախագահ ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Ռուբեն Ռուբինյանը։ Մյուս խմբակցությունները ԱԺ նախագահի թեկնածու չէին առաջադրել։ Ռուբինյանը ստացավ 63 կողմ, 28 դեմ ձայն։ «Հայաստան» խմբակցությունը քվեարկությանը չմասնակցեց։

Երկու օր է՝ Ազգային ժողովում քննարկում են Ռուբինյանի թեկնածությունը։ Նախօրեին իր ելույթում Ռուբեն Ռուբինյանն առաջարկեց կառուցողական խորհրդարան ունենալ։

«Վերջին ամիսներին և հատկապես վերջին շաբաթներին մի տարօրինակ և անսպասելի կոնսենսուս են ձևավորվել մեր հանրության և՛ քաղաքական, և՛ լրագրողական շրջանակները։ Դաշտում այդ կոնսենսուսը հետևյալն է, որ Հայաստանի Ազգային ժողովը անիմաստ, անպտուղ վեճերի, զազրախոսության, վիրավորանքի տեղ է, և որ այս գումարման Ազգային ժողովը այդ իմաստով նույնիսկ ավելի վատն է լինելու, քան՝ նախորդը։ Համատարած համազգային կոնսենսուսը սա է կարծես թե։ Ընդ որում, կապ չունի՝ մարդը իշխանամետ է, ընդդիմադիր է, բոլորը, կարծես թե, մեզ համար այդպիսի ճակատագիր են կանխագուշակում, և ես ուզում եմ ձեզ առաջարկել, որ մենք միասին կոտրենք այս նախախնամությունը կամ անեծքը, ոնց ուզում եք դա կոչեք»,- նշեց Ռուբինյանը։

Իր բացատրությամբ՝ գլխավոր պատճառներից մեկը ընդդիմության կողմից ժողովրդի ընտրությունը չընդունելն է։ Ռուբինյանի կարծիքով՝ այս երևույթը սկսվել է 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից», իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ավելի է խորացել։ Միաժամանակ նա տարբերակում է դնում.

«Նորմալ է, որ ընդդիմությունը չհաշտվի ընտրությունների արդյունքների հետ կամ ժողովրդի ընդունած որոշման հետ այն իմաստով, որ կարծի՝ հաղթած ուժի ճանապարհը սխալ է և պետք է այլ ճանապարհ որդեգրել, և բնական է, որ ընտրությունների հաջորդ օրվանից սկսած ընդդիմությունը պետք է փորձի համոզել մարդկանց, որ իրենց ընտրությունը սխալ է եղել, և ճիշտ ընտրությունը կլիներ ընտրել ընդդիմության ճանապարհը, բայց խնդիր է, երբ ընդդիմությունը չի ընդունում ժողովրդի ընտրելու իրավունքը կամ ընտրությունը»,- նշեց Ռուբինյանը՝ այս երևույթով պայմանավորելով նաև իշխանության վերաբերմունքը ընդդիմության նկատմամբ։

Ռուբինյանը բարեկիրթ բանավեճ, խորհրդարանական բարեկիրթ միջավայր ստեղծելու զրոյական կետ առաջարկեց, որ խորհրդարանի գործունեությունը ավելի արդյունավետ լինի։ Եթե առաջարկն ընդունեն ընդդիմադիրները, Ռուբինյանը երաշխավորում է, որ համապատասխան վերաբերմունքը կլինի իշխող ուժի կողմից, եթե չէ՝ ըստ նրա՝ հակառակին պատրաստ են։ Ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի՝ առաջարկը լավն է, բայց փորձը ցույց է տալիս, որ դա այլ կողմ է տանում։

Նախօրեին ընդդիմության ու Ռուբինյանի հարցուպատասխանը հիմնականում երկու թեմայով էր․ «Ուժեղ Հայաստանին» հետաքրքրում էր, թե ում է հանդիպել ԱԺ նախագահի թեկնածուն Թուրքիայում հետազոտական աշխատանք կատարելու ընթացքում։ Ըստ Ռուբինյանի՝ պաշտոնյաների չի հանդիպել, թուրքերի հետ մտերմություն չի արել։ Իսկ «Հայաստան» դաշինքից հիմնականում հարցնում էին Տիգրանաշենի ճակատագրի վերաբերյալ։ Ռուբինյանը պատասխանեց, որ հարցը լուծվելու է սահմանազատման հանձնաժողովների շրջանակներում, որոշում դեռ չկա։ 

Ռուբինյանին հարցրին նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին։ Վարչապետը նախընտրական շրջանում նշում էր, որ եթե սահմանադրական մեծամասնություն չկազմեն, սեպտեմբերին պատերազմ կլինի։ Չնայած իշխող ուժը սահմանադրական մեծամասնություն չի կազմել, Ռուբինյանի համոզմամբ՝ պատերազմ չի սպասվում։

Հարցեր հնչեցին նաև հայ-թուրքական հարաբերությունների մասին։ «Հայաստան» դաշինքի պատգամավորները հարցնում էին, թե ինչ փուլում են Հայաստան-Թուրքիա բանակցությունները, ու թե ինչու է սահմանը դեռ փակ։ Ըստ Ռուբինյանի՝ վերակառուցվում է Գյումրի-Կարս երկաթուղին, Անիի կամրջի վերաբերյալ արձանագրություն են ստորագրել, հնարավոր է ուղիղ առևտուր և այլն։ 

Ռուբինյանը եղել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի հատուկ բանագնացը։ Հիմա նոր բանագնացի թեկնածուի հարցը քննարկման փուլում է։

«Հատուկ բանագնացի հետ կապված որոշում դեռ չկա։ Թուրքիայի հետ հաղորդակցության ձևաչափով մենք պետք է որոշենք, թե ինչպես ենք շարունակելու աշխատանքը, ինչ տրամաբանությամբ և ինչ ֆորմատով, որպեսզի կայացնենք համապատասխան որոշումներ։ Այդ թեմայով հիմա քննարկումներ ընթանում են»,- օրեր առաջ նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ռուբեն Ռուբինյանը ութերորդ գումարման ԱԺ նախագահի տեղակալն էր։ Նա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գործող փոխնախագահն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter