HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Գոհար Վեզիրյանը միջնորդում է դատարանում լսել ձայնագրությունը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Չորրորդ իշխանություն» օրաթերթի լրագրող Գոհար Վեզիրյանի դատավարությունը: Այն ընդհատվել էր մեղադրող Լեւոն Չարխիֆալակյանի խնդրանքով, որպեսզի ծանոթանար պաշտպանական կողմի` քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությանը:

Հիշեցնենք, որ Գոհար Վեզիրյանը մեղադրվում է անցյալ տարվա օգոստոսի 6-ին` Սմբատ Այվազյանի դատավարության ժամանակ, «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք» դրսեւորելու մեջ:

Այսօրվա նիստում դատախազ Չարխիֆալակյանը նշեց, որ «նախախաքննությամբ հիմնավորվել է Գոհար Վեզիրյանի կողմից նրան մեղսագրվող արարքը կատարելու հանգամանքը» եւ դատարանին խնդրեց միջնորդությունը մերժել: Իսկ դատավոր Գագիկ Պողոսյանը հայտարարեց, թե «մինչեւ որոշումն ընդունելու համար էական հանգամանքների պարզումը, այն է` դատաքննությամբ ապացույցների հետազոտումը», միջնորդության լուծումը հետաձգում է: Սրանով, ըստ էության, դատարանը մերժեց հարուցված քրեական գործի կարճումը, եւ սկսվեց բուն դատաքննությունը:

Մեղադրող Չարխիֆալակյանը հրապարակեց միջադեպի օրը դատարանի կողմից արված ձայնագրության վերծանումը, որը, ըստ նրա` «Գոհար Վեզիրյանի մեղադրանքը հիմնավորող միակ գրավոր ապացույցն է»:

Մեղադրական եզրակացությունում գրված է. «Գոհար Վեզիրյանը չի ենթարկվել դատավոր Գագիկ Ավետիսյանի կարգադրությանը` բոլոր տեսակի նկարահանումներն ու ձայնագրությունները դադարեցնելու վերաբերյալ եւ շարունակել է ցուցադրաբար ձայնագրիչով ձայնագրել դատական նիստը: Պահանջը չկատարելու համար` դատավորը նրան կարգադրել է դուրս գալ նիստերի դահլիճից: Սակայն Գ. Վեզիրյանը հրաժարվել է ենթարկվել եւ վիրավորական խոսքեր է ուղղել դատավոր Գագիկ Ավետիսյանի հասցեին` անվանելով «շիզոֆրենիկ» եւ «կամակատար»»:

Բառացիորեն մեջբերում ենք դատարանում հետազոտված ձայնագրության վերծանման այն հատվածը, որը, ըստ մեղադրողի` ապացուցում է վերոգրյալը.
-    Դուք չեք ենթարկվո՞ւմ դատարանի նախագահողի կարգադրություններին:
-    Իսկ Ձեզ ո՞նց ա թվում:
-    Բարի: Կանգնեք, ես Ձեզ դուրս եմ հրավիրում դատարանի դահլիճից:
-    Հա, բայց շնչիս են կանգնել (խոսքը դատարանի կարգադրիչների մասին է – Ա. Դ.): Հնարավոր չի՞ մի քիչ են կողմ կանգնել: Հինգ անգամ ասեցի:
-    Դուրս եկեք: Դուք չենթարկվեցիք նաեւ դատարանի նախագահողի օրինական կարգադրություններին: Հրաժարվեցիք…
-    Մի հատ… Թաթերդ, դուրս կգամ: Մի բռթի:
-    Սենց էս աստիճանի այլանդակ…:
-    Հասկացա, ճանապարհս:
-    Մի խանգարեք: Խոչընդոտում եք: Դուրս եկեք դատարանի դահլիճից:
-    Ձեր բացիլները հանկարծ ինձ չկպնի: Ա, կարգին մարդու պես որ գա աշխատի: Էս չմո, անտաշ, անտերի հետ ի՞նչ գործ ունես:

Գոհար Վեզիրյանը պարզաբանեց, որ վերոգրյալը ոչ թե իր եւ դատավոր Ավետիսյանի միջեւ երկխոսություն է, ինչպես պնդում է մեղադրողը, այլ խոսակցություն է, որին մասնակցում են նաեւ դահլիճում ներկա մարդիկ:

«Ողջունելի է, որ դատախազը տիրապետում է երեւակայական հնարքների եւ, ըստ էության, իր ենթադրությունները դրել է մեղադրական եզրակացության հիմքում: Ես պարզապես միջնորդում եմ դատարանում լսել այդ ձայնագրությունը, որտեղ շատ հստակ իմ ձայնի ինտոնացիան տարբերվում է մյուսների ձայների ինտոնացիայից եւ պարզ կերեւա` ինձ վերագրվող արտահայտություններից որն եմ, իսկապես, ես արել, եւ որն ինձ հետ որեւէ առնչություն չունի,- ասաց Գոհար Վեզիրյանը: – «Թաթերդ, դուրս կգամ: Մի բռթի» արտահայտությունը ես եմ արել, որն ուղղված է եղել թվով 6 դատական կարգադրիչների վայրագ հարձակմանը դիմագրավելու փաստին:

«Սենց էս աստիճանի այլանդակ» խոսքերը հնչել են քաղաքացիների կողմից, որոնք նույնպես ուղղված են եղել կարգադրիչներին»:

Լրագրող Վեզիրյանի խոսքերով «Ձեր բացիլները հանկարծ ինձ չկպնի» արտահայտության հեղինակը դարձյալ ինքն է, եւ այն կրկին ուղղված է եղել դատական կարգադրիչներին:

«Իսկ «Էս չմո, անտաշ, անտերի հետ ի՞նչ գործ ունես» արտահայտությունը ձայնագարությունը լսելուց հետո պարզ կլինի, թե ես նման բան ասե՞լ եմ, թե՞ ոչ»,- հայտարարեց Գոհար Վեզիրյանը:

Ձայնագրությունը լսելու միջնորդությունը դատարանը համարեց վաղաժամ եւ անցավ գործով որպես վկա անցնող դատական նիստերի քարտուղար Հասմիկ Ջալալյանի հարցաքննությանը: Վերջինս պատմեց, որ դատավոր Գագիկ Ավետիսյանը, երբ նկատել է, որ Գոհար Վեզիրյանը կարգադրիչի հետ խոսում է, կարգադրել է կանգնել ոտքի, ինչին չենթարկվելու համար էլ վերջինս դահլիճից հեռացվել է: Սակայն դռան մոտ Գոհար Վեզիրյանն ասել է «առաջ կարգին մարդիկ էին, էս չմո, անտաշի հետ ի՞նչ գործ ունեք»: Վկայի ընկալմամբ, այս խոսքերի հասցեատերը եղել է դատավորը:

Գագիկ Պոսոսյանը նկատեց, որ վկան նույն ցուցմունքն է տվել նաեւ նախաքննության ընթացքում, մինչդեռ մեղադրական եզրակացությունում գրված է, թե լրագրողը չի ենթարկվել ձայնագրառումները դադարեցնելու վերաբերյալ դատարանի պահանջին եւ շարունակել է ցուցադրաբար նիստը ձայնագրել:

Ի պատասխան` մեղադրող Լեւոն Չարխիֆալակյանը նշեց, որ այդ հանգամանքը կհիմնավորվի մյուս վկաների հարցաքննության ժամանակ:

Դատավարությունը կշարունակվի ապրիլի 15-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter