Ուկրաինան երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին. Զալուժնի
Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան, Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին կասկածում է, թե Ուկրաինան երբևէ կանդամակցի Հյուսիսատլանտյան դաշինքին։ Ինչպես փոխանցում է Европейская правда-ն, նման տեսակետ նա հայտնել է եվրոպական ինտեգրման քննարկումների շուրջ Կիևում դեսպանների խորհրդակցության ժամանակ։
«Ես շատ լավ գիտեմ ՆԱՏՕ-ն։ 12 տարի, հավանաբար, անձամբ զբաղվել եմ նրանով, որ մենք յուրացնենք ՆԱՏՕ-ի չափանիշները, ու ամեն տարի լսել եմ հեքիաթներ այն մասին, որ մենք պատրաստվում ենք անդամակցել ՆԱՏՕ-ին։ Ցավոք, մենք երբեք չենք անդամակցի»,- հայտարարել է Զալուժնին։
Նրա կարծիքով՝ խնդիրն այն է, որ ՆԱՏՕ-ի չափանիշները չեն համապատասխանում ժամանակակից իրականությանը:
«Անհնար է միանալ զարգացման այն մակարդակով, որն այսօր ունի Ուկրաինայի զինված ուժերը մի կազմակերպության, որն առաջնորդվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի դոկտրիններով։ < ... > Ամենայն հավանականությամբ, ՆԱՏՕ-ն կմնա նույն տեսքով, ինչ հիմա է, և կպահանջվի 12 տարի, ինչպես Ուկրաինային, որ այդ կազմակերպությունն անցնի այն չափանիշներին, որոնց պետք է հասնել, որպեսզի գոնե հնարավոր լինի հավասարվել Ռուսաստանի Դաշնության մակարդակի կեսին»,- շարունակել է նա։
Զալուժնին խոստովանել է, որ «Ուկրաինային անհրաժեշտ են տեխնոլոգիաներ, որոնք այսօր դեռ առկա են ՆԱՏՕ-ի երկրներում»: Սակայն նա կարծում է, որ Ուկրաինան կմիանա դաշինքների և միությունների, որոնք դեռ նոր են ձևավորվելու։ «Ամենայն հավանականությամբ, խոսքը կլինի անվտանգության եվրոպական ռազմաքաղաքական դաշինքի մասին»,- հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատարը:
Նա նաև ափսոսանք է հայտնել, որ Ուկրաինան չի աշխատում Միացյալ էքսպեդիցիոն ուժերին (JEF) անդամակցելու ուղղությամբ, որը գլխավորում է Մեծ Բրիտանիան: Ընդ որում, ինչպես նշում է Европейская правда-ն, ի տարբերություն ՆԱՏՕ-ի, JEF-ը չի նախատեսում անդամ երկրների միջև փոխադարձ պաշտպանության պարտավորություններ:
Վալերի Զալուժնին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնն զբաղեցրել է 2021-2024 թվականներին։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ պաշտոնը թողնելու ժամանակ նա մտադիր էր մասնակցել Ուկրաինայի նախագահական ընտրություններին։ Այդուհանդերձ, 2026 թվականի հունիսի դրությամբ՝ Զալուժնու օգտին պատրաստ է քվեարկել ուկրաինացիների միայն 16%-ը, այն ինչ գործող նախագահ Վլադիմիր Զելենսկու օգտին՝ 32%-ը։ Ներկայումս Զալուժնին զբաղեցնում է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանի պաշտոնը։
Լուսանկարը՝ Ուկրաինայի ԶՈւ մամուլի ծառայության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել