HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

Դատական թնջուկ. փաստաբանը օգնության համար դիմում է Սերժ Սարգսյանին

Ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանին զարմացրել են Հայաստանի դատարանների, ինչպես ինքն է նշում, բացահայտ անօրեն որոշումները: Հիշեցնենք, որ Է.Խուդյանը նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին եւ ներկայացրել իր նեդրումային ծրագրի պատմությունը:

Էդմոնդ Խուդյանի ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Է.Խուդյանի հիմնադրած «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի սնանկության գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա մայիսի 17-ին կայացրած որոշման դեմ` դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքով:

Լ.Հովհանիսյանը դատարանում տեղի ունեցող ապօրինությունների մասին գրել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում:

«Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում (այսուհետ` Կենտրոնի դատարան) թիվ ԵԿԴ 0061/04/10 սնանկության գործով տեղի ունեցող ապօրինությունների վերաբերյալ 2011թ. մայիսի 26-ին դիմել եմ Ձեզ: Այդ դիմումով փաստեր եմ ներկայացրել այն մասին, որ թիվ ԵԱՆԴ/1724/02/10 գործով հայցի ապահովման վերաբերյալ որոշման և դրա հիման վրա կայացված ԴԱՀԿ ծառայության որոշման պահանջների խախտմամբ»…թիվ ԵԿԴ 0061/04/10 սնանկության գործով կայացվել է 17.05.2011թ. որոշումը և ապօրինաբար «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲԸ-ի կողմից նշված անձանց է հանձնվել «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ին պատկանող շուրջ 1.000.000$-ի գույքը»,-նշված է նամակում:

Լեռնիկ Հովհաննիսյանն ասում է, որ այդ ապօրինություններից հետո դատական մեկ այլ զեղծարարություն է տեղի ունեցել, որի դեմ ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով, բողոքարկելու հնարավորություն չկա, սակայն անհետևանք թողնելը նորանոր ապօրինությունների հիմք կարող է հանդիսանալ: 

«Սնանկության վարույթով շահագրգիռ «ազդեցիկ անձն» անկաշկանդ դիմել է թիվ ԵԱՆԴ/1724/02/10 գործով նախագահող դատավոր Մազմանյանին և պահանջել, որ «հայցի ապահովման միջոցը վերացնի»:

Դատավոր Մազմանյանը չի իրականացրել այդ ապօրինությունը, սակայն նրան հարկադրել են մեկ այլ ապօրինության` դատավոր Մազմանյանը կայացրել է 25.05.2011թ. որոշումը  և  գործն ուղարկվել է Կենտրոնի դատարան:

Նշվածը փաստում է այն մասին, որ դատավորի անկախության մասին օրենսդրական դրույթները, մեղմ ասած, «հակասում են» դատական պրակտիկային և դատական համակարգում հենց դատավորներն են կոռուպցիայի առաջին թիրախը, նրանց հարկադրում են ապօրինի դատական ակտեր կայացնել:

Եվ, եթե, որպես հետևանք դատավորները պատասխանատվության չեն ենթարկվում, ապա մենք` փաստաբաններս, ճաշակում ենք կոռուպցիայի դառը պտուղները և մեր վստահորդներին անկարող ենք մեկնաբանել կամ բացատրություն տալ կոռուպցիայի այս կամ այն կերպ դրսևորումների պատճառներն ու դրանց անկանխատեսելի հետևանքները»,- ասում է Լեռնիկ Հովհաննիսյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում Է.Խուդյանի ներկայացուցիչը գրում է. «Կենտրոնի դատարանում գտնվող թիվ ԵԿԴ 0061/04/10 սնանկության վարույթի ընթացքից ակնհայտ է, որ թիվ ԵԱՆԴ/1724/02/10 գործը Կենտրոնի դատարան է ուղարկվել այն դիտավորությամբ, որ թիվ ԵԱՆԴ/1724/02/10 գործով հայցի ապահովման միջոցը վերացվի, իսկ հայցին լուծում տրվի հօգուտ Վլադիսլավ Մանգասարյանի: Այլ դատողություներ լինել չեն կարող, քանի որ թիվ ԵԱՆԴ/1724/02/10 գործն, ըստ իս, հարգելի պատճառաբանություններով, թվով երեք դատավորների կողմից արդեն վարույթ էր ընդունվել, և «ընդդատության» հարցը երեք անգամ քննության առարկա է հանդիսացել, այդ թվում 25.05.2011թ. որոշումը կայացնող դատավոր Մազմանյանի կողմից: Մասնավորապես,

  • 1-ին անգամ 25.11.2010թ. որոշմամբ վարույթ է ընդունել դատավոր Ն.Ավետիսյանը,
  • 2-րդ անգամ` 04.03.2011թ. որոշմամբ դատարանի նախագահ պարոն ՈՒզունյանը գործն ընդունել է իր վարույթ, 01.04.2011թ. հրավիրել նախնական դատական նիստ:
  • 3-րդ անգամ` թիվ ԵԱՆԴ/1724/02/10 գործը մակագրվել է նույն դատարանի մեկ այլ դատավորի` Գ.Մազմանյանին, որը գործը վարույթ է ընդունել 01.04.2011թ. որոշմամբ:

Ավելին` դատավոր Մազմանյանի նախագահությամբ 23.05.2011թ. ժամը 12-ին նախնական նիստ է տեղի ունեցել, որին մասնակցել են նաև «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչն ու «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը:

Նախնական դատական նիստում հայցի առարկայի ավելացում է եղել /22.09.2010թ. և 01.10.2010թ. փոխառության պայմանագրերի մասով/ և նիստը հետաձգվել և նշանակվել է 2011թ. հունիսի 15-ին ժամը 14:30-ին, որի վերաբերյալ 25.05.2011թ. որոշման մեջ նշված չէ և հայցապահանջը թերի է ներկայացված:

Այսինքն, 23.05.2011թ. ժամը 12-ի դրությամբ նախնական դատական նիստը նախագահող դատավոր Մազմանյանը, թիվ ԵԱՆԴ/1724/02/10 գործը տվյալ դատարանում քննվելու հարցում կասկածներ չի ունեցել: Սակայն նիստից անմիջապես հետո թիվ ԵԿԴ 0061/04/10 սնանկության գործով կայացված 17.05.2011թ. որոշման դեմ իմ կողմից դիմումներ ներկայացնելուց հետո, նրա մոտ «ինքնաբուխ» այլ համոզմունք է ձևավորվել առ այն, որ գործն ուղարկի Կենտրոնի դատարան:

Ստիպված եմ հղում կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքին, քանի որ պայքարի այլ միջոց չունեմ, մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 86 հոդվածի 1-ին մասի իմաստով` «Դատարանը` ընդդատության կանոնների պահպանմամբ իր վարույթ ընդունած գործը պետք է քննի ըստ էության, թեկուզև այն հետագայում դարձել է ընդդատյա այլ դատարանի»:

Ինչպես թիվ ԵԱՆԴ/1724/02/10 գործով հայցադիմումը վարույթ ընդունելիս, այնպես էլ` հետագայում գործը այլ դատավորների կողմից վարույթ ընդունելիս, ինչպես նաև գործի քննության ժամանակ, գործն այլ դատարանի ընդդատյա լինելու իմաստով որևէ հիմք առկա չի եղել»:

Դատական  գործով հիմնական պատասխանողը Էդուարդ Եսայանն  է, որը հաշվառված և բնակվում է ք.Երևան, Նանսենի 1ա  շենք., բն.1 հասցեում:

Այն Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին ընդդատյա տարածք է, եւ դատարանը  այս հասցեով պատշաճ ծանուցել է դատական նիստի մասին:

«Եթե Էդուարդ Եսայանը պատասխանողների կազմում չլիներ, ապա` հայցն անհիմն կլիներ, քանի որ  Էդուարդ Եսայանի ապօրինի գործողություններով է պայմանավորված վիճարկվող կեղծ  և շինծու գործարքների կնքումը և, առանց Էդուարդ Եսայանի մասնակցության գործարքներ կնքվելու դեպքում ո'չ  «Արին կապիտալ»  ներդրումային ՍՊԸ-ն վնասներ կկրեր, ո'չ նրա մասնակիցները, ո'չ էլ`  հայցադիմում կներկայացվեր դատարան: …25.05.2011թ. որոշմամբ դատավոր Մազմանյանն իր անհիմն որոշմամբ, ըստ էության,  արձանագրել է, որ նախկինում երեք դատավորներն էլ, այդ թվում` ինքը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 82-րդ հոդվածի պահանջների խախտմամբ են վարույթ ընդունելու որոշումներ կայացրել:

Քանի որ դատավոր Մազմանյանի եզրահանգումը  կեղծիքի արդյունքում է ձևավորվել, ապա` այդ հիմքով կայացված 25.05.2011թ. որոշումն ապօրինի է: Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14 հոդվածի իմաստով` թիվ ԵԱՆԴ/1724/02/10 գործով «վարույթ ընդունելու մասին» որոշումները պարտադիր է նաև դատարանի և դատավորի համար: Հետևապես 25.05.2011թ. որոշումը հակասում է նույն գործով նախկինում ընդունված «վարույթ ընդունելու մասին» օրինական որոշումներին»,- գրված է նախագահին ուղղված նամակում:

Լեռնիկ Հովհաննիսյանն ասում է, որ դժվար չէ գործը Կենտրոնի դատարան տանելու համար «միակ հիմքը ստեղծել» ` Էդուարդ Եսայանի հասցեն փոխել և  նրան հաշվառել Կենտրոնի դատարանի կողմից սպասարկվող տարածքում: Նա ասում է, որ նման գործելավոճը նախադեպ ունի Կենտրոնի դատարանում:

«Հարկ եմ համարում նշել, որ Կենտրոնի դատարանում գործը մի դատավորից մեկ այլ դատավորի ապօրինաբար «փոխանցելու» և այլ խախտումներով նախադեպ վերջերս արձանագրվել նաև իմ մասնակցությամբ գործերով: Մասնավորապես, թիվ ԵԿԴ 0061/04/10 գործով սնանկության կառավարիչ Հրանտ Ղամբարյանը «նույն սնանկության վարույթի պատվիրատուների դրդմամբ» իր անունից 29.12.2010թ. ակնհայտ անհիմն հայցադիմում է ներկայացրել Կենտրոնի դատարան:

Ընդ որում, հայցադիմումը Վլադիսլավ Մանգասարյանի նախաձեռնությամբ թիվ ԵԿԴ 2082/02/10 գործով ներկայացված միևնույն հայցադիմումն էր, ավելին` «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի ի պաշտոնե ներկայացուցիչ սնանկության գործով կառավարիչը Հրանտ Ղամբարյանը նույն հայցադիմումով որպես պատասխանող է նշել «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ին, որին ինքն է ներկայացնում: Հայցադիմումը վարույթ է ընդունվում (թիվ ԵԿԴ 2777/02/10 գործ, դատավոր` Ռ.Ներսիսյան): Սակայն, հավանաբար պարոն Ներսիսյանը հրաժարվել է «պատվեր կատարել»:

16.03.2011թ.-ին տառացի միևնույն հայցադիմումը կրկին ներկայացվում Է նույն դատարան և կրկին վարույթ է ընդունվում (թիվ ԵԿԴ 0476/02/11 գործ): Դրանից հետո Հրանտ Ղամբարյանը թիվ ԵԿԴ 2777/02/10 գործով հայցից հրաժարվում է և ստացվում է, որ նախ` ապօրինաբար  միևնույն ժամանակ միևնույն վեճը միևնույն դատարանում երկու դատավորների վարույթում է քննվում, իսկ թիվ ԵԿԴ 2777/02/10 գործով հայցից հրաժարվելու արդյունքում` «վեճի քննման իրավունքը դատավոր Ներսիսյանից փոխանցվում է մեկ այլ դատավորի»,- գրում է Լ.Հովհաննիսյանը

Նամակն ավարտում է այսպիսի տողերով. «Մեժարգո պարոն Նախագահ, հայցում եմ Ձեր անմիջական հսկողությունը և հանձնարարականները` ՀՀ Սահմանադրությամբ «անկախ և անկողմնակալ» համարվող դատարանների, հատկապես Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների  ընդհանուր իրավասության դատարանի /ի դեմս նախագահ Ռ.Վարդազարյանի/ գործունեության վրա ազդող անձանց անօրինականությունները կանխելու հարցում, ինչպես նաև պարզելու համար, թե` ովքեր կամ ինչ ուժեր են այսօր «արդարադատություն» պատվիրում»: 

Մեկնաբանություններ (1)

Armenuhi Papazayan
isk turqery qcoxneri het urish dzev en varvum, hima vorn e &isht, chgitem, aystex el turq qcoxneri u irenc &akatagri masin e http://news.am/arm/news/61759.html

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter