Վտանգավորն այն է, որ մարդկանց թվում է, թե թշնամուն վերջնականապես հաղթելու համար նոր պատերազմ է անհրաժեշտ
Սաբին Ֆրեյզերի ինտերնետային մամուլի ասուլիսից (սեպտեմբերի 4)
«Այո, կարծում եմ, որ շատ դրական էր, որ ԵՄ-ն եւ մի շարք անդամ երկրներ, ինչպես օրինակ Ֆրանսիան, արագ արձագանքեցին՝ հանդես գալով հայտարարություններով: Նրանցից ոչ ոք չի պատրաստվում պաշտոնապես սանկցիաներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, բայց պարզ է, որ Սաֆարովի գործը վնասեց Ադրբեջանի միջազգային իմիջին»,- ի պատասխան «Հետքի»՝ «արդյոք համարժե՞ք եք համարում Ռ.Սաֆարովի հարցով միջազգային կազմակերպությունների արձագանքներն ու հայտարարությունները» հարցին՝ ասաց Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրի ղեկավար Սաբին Ֆրեյզերը:
Ըստ բանախոսի՝ եթե արտահանձնումը կարելի է հասկանալի համարել, ապա Սաֆարովի ներումը, նրա զինվորական կոչման բարձրացումն ընդունելի չեն: Ըստ Ֆրեյզերի՝ մտահոգիչն այն է, որ ադրբեջանական եւ հայկական հասարակություններում զգացողություններ են ձեւավորվում, որ թշնամուն վերջնականապես հաղթելու համար պետք է նորից պատերազմել. «Երկու կողմերի ղեկավարներն էլ սպառնում են վերսկսել ռազմական գործողությունները, և թվում է, որ հասարակությունները կողմ են այս տարբերակին»:
Ի՞նչ է առաջին հերթին ազդարարում Ռ. Սաֆարովի ներումը: Ֆրեյզերը դրա մեջ մեսիջ է տեսնում՝ ուղղված երկու կողմերում փոխվստահության հաստատման համար աշխատող մարդկանց, որ «եթե հանդիպումների ժամանակորևէ ակտիվիստի հետ ինչ-որ բան տեղի ունենա, ապա հանցագործն անպատիժ կմնա: Շատ քիչ մարդիկ կան Հայաստանում և Ադրբեջանում, որ բավարար համարձակություն և անկախություն ունեն՝մասնակցելու երկխոսության հաստատմանն ուղղված ջանքերին: Ներման այս դեպքն, իրականում ուղղակի հարձակում է նրանց և նրանց ջանքերի վրա»:
Ի՞նչպես կարող են անդրադառնալ այս զարգացումները բանակցային գործընթացի բովանկադության, ձեւաչափի եւ այլ փոփոխությունների առումով: Լրագրողների այս հարցերին ի պատասխան Ս. Ֆրեյզերն ասաց, որ «նույնիսկ Ադրբեջանում ընդունում են, որ եթե հիմնարար սկզբունքների վերաբերյալ համաձայնագիրը երբևէ ստորագրվի և կողմերը մտնեն տեխնիկական բանակցությունների փուլ, ապա Լեռնային Ղարաբաղը նույնպես կներգրավվի այդ գործընթացում: Հարցն այն է, թե ինչպե՞ս պետք է հասնել այդ կետին», նաեւ՝ «Եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը ձախողվել է, ապա ի՞նչը կարող է լինել ավելի արդյունավետ ձևաչափ»:
« Նոր պատերազմը դժվար թե կարճ տևի, այն կարող է տարիներով ձգվելև իր ազդեցությունն ունենալ տարածաշրջանի վրա: Հարավային Կովկասին պատերազմ պետք չէ, հատկապես որ ավելի լայն ընդգրկմամբ տարածաշրջանում հիմա վտանգավոր խառնաշփոթ է տիրում»:
Մամուլի ասուլիսի նյութն ամբողջությամբ՝ www.publicdialogues.info:
«Ռեգիոն» կենտրոնի եւ Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի շրջանակներում կազմակերպված մամուլի ասուլիսին մասնակցել են՝ www.hetq.am, www.1in.am, www.armradio.am, www.panorama.am, www.newsarmenia.am (Հայաստան) եւ www.contact.az, www.zerkalo.az, www.novoye-vremya.com, www.bizimyol.az, www.haggin.az (Ադրբեջան) ԶԼՄ-ները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել