Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլարի գույքի շորթման և խոշոր չափերով փողերի լվացման դեպք է բացահայտվել. ՔԿ
Քննչական կոմիտեն հայտնում է, որ Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում առերևույթ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը 2008 թվականի ընթացքում ծանոթացել է լիբանանահայ գործարար Գ․Թ․-ի (Կեւորկ-Սարկիս Թորամանյան-Հետք) հետ և առաջարկել համատեղ իրականացնել ոսկյա զարդերի վաճառքի գործունեություն: Նշված գործունեությունը ծավալելու նպատակով ընկերությունը 2009 թվականին պետական գրանցում է ստացել, որտեղ 50-ական տոկոս բաժնեմասերով բաժնետերեր են գրանցվել Գագիկ Ծառուկյանը և Կեւորկ-Սարկիս Թորամանյանը, իսկ ընկերության գլխավոր տնօրեն է ընտրվել Սեդրակ Առուստամյանը։ Ստորեւ՝ ՔԿ հաղորդագրությունը։
Դրան զուգահեռ, 2009 թվականի կեսերին Կեւորկ-Սարկիս Թորամանյանը Գագիկ Ծառուկյանին առաջարկել է Կոտայքի մարզի Ակունք գյուղում հիմնել խմելու ջրի գործարան՝ պայմանավորվելով հողը միասին գնել Ակունք գյուղում, որից հետո Գագիկ Ծառուկյանը պարտավորվել է կառուցել գործարանի շենքը, իսկ Կեւորկ-Սարկիս Թորամանյանը՝ կազմակերպել հոսքագծի գնումը և ՀՀ տեղափոխումը: Խոսքը «Մուլտի Ակվամարին» բնական աղբյուրի ջրի շշալցման գործարանի մասին է Կոտայքի մարզի Ակունք գյուղում (խմբ.).
2009 թվականի դեկտեմբերից մինչև 2010 թվականի օգոստոսի 5-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Կեւորկ-Սարկիս Թորամանյանի կողմից ՀՀ է ուղարկվել ջրերի գործարանի գործարկման համար անհրաժեշտ 19 սարքավորումներ, իսկ փաթեթավորման սարքավորումը սահմանված ժամկետներում հնարավոր չի եղել առաքել՝ մատակարար ընկերության դրսևորած անգործության պատճառով։
Դրանից հետո՝ 2010 թվականի օգոստոսի 17-ին, Սեդրակ Առուստամյանը ու Գագիկ Ծառուկյանը խմբի կազմում, Կեւորկ-Սարկիս Թորամանյանին պատկանող բաժնեմասը շորթման եղանակով հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, Գագիկ Ծառուկյանի` Առինջ գյուղում գտնվող առանձնատան այգում Թորամանյանի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել են ստորագրել փաստաթղթեր, ինչի ազդեցության ներքո Գ․Թ․-ն նույն օրը նոտարի մոտ ստորագրել է պարտավորագիր և տվել լիազորագիր, որոնց հիման վրա 2011 թվականի մարտի 14-ին նրա կողմից լիազորված անձ Հ․Գ․-ի և Սեդրակ Առուստամյանի միջև կնքվել է «Բաժնեմասի առուվաճառքի մասին» պայմանագիր, որով Սեդրակ Առուստամյանին է փոխանցվել ընկերության` Կեւորկ-Սարկիս Թորամանյանի կանոնադրական կապիտալում ունեցած 50 տոկոս բաժնեմասը` այդ կերպ բռնություն գործադրելու սպառնալիքով կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2.5 մլն դոլարի շորթում:
Այնուհետև, Գագիկ Ծառուկյանը և Սեդրակ Առուստամյանը, նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել ոսկյա զարդերի և ընկերության 50 տոկոս բաժնեմասի հանցավոր ծագումը, դրա գործունեությունը կապել են իրենց հետ փոխկապակցված ընկերությունների օրինական շրջանառություններին, իսկ ոսկյա զարդերն իրենց այլ օրինական եկամուտներին։ Այսպիսով՝ օրինական գործարքի միջոցով փաստացի թաքցվել և խեղաթյուրվել է ընկերության նկատմամբ իրավունքի հանցավոր ծագումն ու իրական բնույթը՝ շորթմամբ ձեռք բերելու հանգամանքը՝ այդ կերպ կատարելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:
Հավաքված ապացույցների հիման վրա Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթումը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը՝ փողերի լվացումը):
Նկատի ունենալով, որ Քննչական կոմիտեում քննվող մեկ այլ քրեական վարույթով Գագիկ Ծառուկյանը և Սեդրակ Առուստամյանը կալանավորված են, նրանց նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
Լուսանկարը՝ «Բարգավաճ Հայաստան»-ի հանրահավաքից/4 հունիսի, 2026
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել