HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». թե ինչու աշխատանքից ազատվեցին Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալները

«Հայացք»-ի հավաստի աղբյուրները պարզել են Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալներ Արտաշես Բեյբուրթյանին և Ռուբիկ Քոչարյանին աշխատանքից ազատելու իրական պատճառները:

Բայց մինչ դրանք ներկայացնելը փոքրիկ էքսկուրս անենք Ա. Բեյբուրթյանի անցած ճանապարհով: Արտաշեսը հարկայինում է արդեն 16 տարի: Նրան համակարգ բերեց Արտաշես Թումանյանը, երբ նշանակվեց հարկային տեսչության պետ: Մինչ այդ Բեյբուրթյանը Թումանյանի խորհրդականն էր ԱԺ-ում: Բերեց և նշանակեց Խորհրդային շրջանի հարկային տեսչության պետի տեղակալ: Իսկ պետը հենց Ռուբիկ Քոչարյանն էր: Բեյբուրթյանը շուտով նշանակվեց Մյասնիկյանի հարկային տեսչության պետ, որտեղ «կենտրոնացված» էին գրեթե բոլոր խոշոր հարկատուները, ֆիրմաները: Այդտեղից, ըստ մեր աղբյուրների, սկսվեց Ա.Բեյբուրթյանի «ֆինանսական վերելքը»: Հետագայում նա շատ գործերում փայատեր դարձավ: Սկսեց ծաղկել բիզնեսը:

Մեր աղբյուրների պնդմամբ` 2011 թ. նոյեմբերից պետեկամուտների կոմիտեի համակարգում Բեյբուրթյանը փորձեց «իր խաղերը» տալ: Ուներ իր թիմը, քավոր-սանիկներին լուրջ պաշտոնների էր դրել: Ասում են, թե Արմեն Գևորգյանի միջոցով փորձել է «մոտենալ» վարչապետի շրջապատին: Նպատակը կոմիտեի նախագահ դառնալն էր: Հիշենք, որ խոսվում էր, թե հարկայինն ու մաքսայինը առանձնացնելու են: Բայց Բեյբուրթյանի նպատակները չիրականացան: Ոչ թե այն պատճառով, որ աշխատանքին զուգահեռ մեծ բիզնեսով էր զբաղվում: Իրականում նրան «զսպեց» կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի աչալրջությունը:

Քանի որ Գագիկ Խաչատրյանը գերազանց է տիրապետում համակարգի ներսի իրավիճակին ու ձեռքը մշտապես աշխատանքի «զարկերակին» է, անմիջապես նկատել էր Բեյբուրթյանի քայլերը: Բեյբուրթյանն զգուշացվել էր, որ բիզնեսից բացի ուշադրություն դարձնի նաև աշխատանքին: Նա Երևան քաղաքի հարկային տեսչությունների պլանների կատարման համար էր պատասխանատու: Սակայն հունվարին պարզվեց, որ նա պլանները չի կատարել: Այս տարեսկզբին կոմիտեի նախագահը փոխեց Բեյբուրթյանի պատասխանատվության ոլորտը: Նրան վստահվեցին մարզերի տեսչությունները: Իսկ Երևանի տեսչությունների աշխատանքը վստահվեց մյուս տեղակալին` Ռուբիկ Քոչարյանին:

Մեր տվյալներով, սակայն, երկու տեղակալներն էլ չարդարացրին վստահությունը, պլանները չկատարվեցին: Դեռ ավելին` Ա. Բեյբուրթյանը, լինելով բարձր պաշտոնյա, մտավ քաղաքականության մեջ, խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՍԱՍ-ի Արտակի աջ թևն էր: Ի դեպ, չմոռանանք, որ նրա «թիմակից» քավոր-սանիկները, որ լուրջ պաշտոններ էին զբաղեցնում համակարգում, տարեսկզբին ազատվել էին աշխատանքից անբավարար արդյունքների համար:

Եվ այսպես, պլանները չկատարելու համար Գ. Խաչատրյանը աշխատանքից ազատեց իր երկու տեղակալներին: Բայց քանի որ Ռուբիկ Քոչարյանը, այնուամենայնիվ, լավ աշխատողի համբավ ունի, կոռումպացված չէ, կոմիտեի նախագահը նրան անմիջապես նշանակեց խոշոր հարկատուների տեսչության պետ:

Ի դեպ, ի տարբերություն իր նախորդի` Արմեն Ավետիսյանի, որը միշտ անհաշտ էր ու ագրեսիվ թե՛ հարկատուների, թե՛ ենթակաների նկատմամբ, Գագիկ Խաչատրյանը թե՛ հարկատուների, թե՛ աշխատակիցների հետ լավ հարաբերություններ է պահպանում ու գնահատում է աշխատողներին: Երևի այս հանգամանքն էլ նպաստել է Ռ. Քոչարյանի նոր նշանակմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter