Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
9-րդ գումարման խորհրդարանը երրորդ փոխնախագահ կունենա։ Գրեթե երկօրյա քննարկումից հետո Ազգային ժողովի 53 պատգամավորի դրական քվեարկության արդյունքում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ։
Ըստ Սահմանադրության՝ խորհրդարանի երեք փոխնախագահներից մեկը պետք է լինի ընդդիմադիր խմբակցությունից։ Նախորդ Ազգային ժողովում ընդդիմությունը փոխնախագահի պաշտոնում առաջադրել էր «Հայաստան» դաշինքից Իշխան Սաղաթելյանին, սակայն մեկ տարի չանցած՝ 2022 թվականի հուլիսի 1-ին խորհրդարանը փակ-գաղտնի քվեարկությամբ նրան հետ կանչեց Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։ Աթոռը մնաց թափուր։
Այս խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը «Ուժեղ Հայաստանն» է, և նրանք առաջադրել էին իրավաբան Արամ Վարդևանյանի թեկնածությունը, որը նախորդ խորհրդարանում էլ կար, բայց՝ «Հայաստան» դաշինքի ցուցակով։
Ըստ Վարդևանյանի՝ անհրաժեշտ են փոփոխություններ, հատկապես՝ ԱԺ-ում։ Նա ներկայացնում է օրենքի նախագծերը քննարկելու իր մոդելը, որում ընդդիմության առաջարկած հարցերը ևս կլինեն լիագումար նիստերում։
Ընդդիմադիր ու իշխանական պատգամավորներից 14-ը հերթագրվել էին ԱԺ փոխնախագահի թեկնածու Վարդևանյանին հարցեր տալու համար։ Վարդևանյանի խոսքով, «Հայրենիքի փրկության շարժման» անհաջողության պատճառով է ինքը 2022-ին մանդատը վայր դրել։ Իսկ այս խորհրդարանում մանդատը վայր կդնի միայն երկու դեպքում՝ եթե թիմը որոշի, կամ խորհրդարանը լուծարվի։
Պատգամավորները հիմնականում հարցնում էին Վարդևանյանի կարծիքը իրավական որոշ պրոցեսների վերաբերյալ, ինչպես նաև՝ նրա անցյալին էին անդրադառնում՝ բացի այլ դաշինքի կազմում պատգամավոր լինելը, նա նաև եղել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օգնականը։
Աժ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, մասնավորապես, հարցնում էր՝ արդյոք Վարդևանյանը գնացել է այն ժամանակվա իր վերադասի մոտ ու խոսել 2018 թվականին Սասուն Միքայելյանի ձերբակալության մասին։ «Սասուն Միքայելյանի ձերբակալման ժամկետը 72 ժամ էլ չի տևել, կալանքի միջնորդությունն էլ դատախազը, մուտքագրած լինելով ԱԺ, հետ է վերցրել»,- պատասխանեց Վարդևանյանը։
Ռուբինյանը վարողի իրավունքով արձագանքեց․ «Ինձ թվում է՝ փաստաբանները պետք է սովորեն ձեզնից, իսկ քաղաքական գործիչները՝ սովորեն չլինել Ձեզ պես»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել