HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». եթե չուզենային բացահայտել Գևորգ Մհերյանի սպանությունը, հենց այսպես էլ պետք է վարվեին

Հայաստանը գտնվում է մաֆիայի տիրապետության տակ: Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ տարվող պայքարը, ըստ էության, ձևական բնույթ ունի: Երկրի ազգային անվտանգությանը սպառնացող հիշյալ չարիքների դեմ այդ պայքարով հիմնականում հերթապահ ցուցանիշներ են ապահովում, որպեսզի կարողանան փակել այն քննադատների բերանը, ովքեր ասում են, թե այս ուղղությամբ ոչինչ չի արվում: Իհարկե, «կիլկաների», «սելդերի», երբեմն էլ «գայլաձկների» ու «բարակուդաների» մակարդակով որոշ բան արվում է, իսկ «շնաձկների» կատարած հանցագործություններն ինչպես երեկ, այնպես էլ այսօր չեն բացահայտվում, նրանք քրեական պատասխանատվության չեն կանչվում:

ՀՀ ոստիկանապետի տեղակալ Գևորգ Մհերյանի սպանության գործի նախաքննության հետ կապված նոր տեղեկություններ են ի հայտ գալիս: Դրանք, որ առնչվում են նաև նրա էլեկտրոնային կրիչներին (ֆլեշներին), եղած բազմաթիվ հարցերին նորերն են ավելացնում ու գործը դարձնում ավելի խորհրդավոր: Եթե Մհերյանի սպանությունը կատարողի (կատարողների) և հնարավոր պատվիրատուի բացահայտման համար անհրաժեշտ է քրեական գործով նախաքննությունը շարունակել, ապա այդ գործի նախաքննության վերաբերյալ հայտնի դարձած, տողերիս հեղինակի կողմից նախկինում մասամբ հրապարակված և այս հոդվածում ներկայացվող տեղեկությունները նկատի ունենալով, կարծում եմ, անհրաժեշտ է նախաքննություն, առնվազն ծառայողական քննություն սկսել արդեն իսկ իրականացված նախաքննության կապակցությամբ:

Նույնիսկ ոստիկան, քննիչ, դատախազ չհանդիսացող անձանց է հայտնի, որ փոխոստիկանապետի սպանությունից հետո առաջնահերթորեն անհրաժեշտ էր պարզել նաև, թե նա ինչ-որ մեկի կամ ոմանց համար վտանգավոր ի՞նչ տեղեկատվության էր տիրապետում, որի համար նրան կարող էին սպանել, որպեսզի այդ տեղեկատվությունը Գ. Մհերյանը չհասցներ այլոց փոխանցել, կամ այդ տեղեկատվության հիման վրա չկարողանար որոշակի քայլեր կատարել: Պարզ է նաև, որ այդ տեղեկատվությունը պետք էր փնտրել ոստիկանապետի տեղակալին պատկանող ու նրա տիրապետած թղթային և էլեկտրոնային կրիչներում, համակարգիչների և ֆաքսի հիշողության մեջ, տեսագրություններում ու ձայնագրություններում:

Իսկ ինչպե՞ս են վարվել Գ. Մհերյանի սպանության գործի նախաքննությունն իրականացրած ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) հատկապես կարևոր գործերի քննիչներ Ա. Վարդանյանը, Ս. Տոնոյանը, Վ. Ջանազյանը, ոստիկանապետի տեղակալի սպանության կապակցությամբ հարուցված քրեական գործով օպերատիվ խմբի ղեկավար, այն ժամանակ ՀՀ ոստիկանապետի տեղակալ (այժմ` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար) Արմեն Երիցյանը, որոնք Գ. Մհերյանի աշխատասենյակի զննումն են կատարել:

Եթե վերոնշյալ պաշտոնյաների կողմից Գ.Մհերյանի աշխատասենյակի զննումը զավեշտ կամ խայտառակություն որակեմ, նշանակում է դեռ ոչինչ չեմ ասել: Կարելի՞ է սոսկ անփութության հետևանք համարել աշխատասենյակի զննման և գործի նախաքննության ընթացքում դրսևորված աղաղակող ու կասկածելի անգործությունը, և ոչ միայն անգործությունը...

Աշխատասենյակի զննում կատարելու վերաբերյալ արձանագրության 2-րդ էջում նշված է գրասեղանի 2-րդ դարակում հայտնաբերված էլեկտրոնային կրիչի մասին, որի պարունակած տեղեկատվության վերաբերյալ, սակայն, ոչինչ չի նշված, որովհետև այդ տեղեկատվությանը ծանոթանալու նույնիսկ փորձ չի արվել: Չի եղել այդպիսի ցանկություն: Մինչդեռ... Որոշ հարցերում զննումը, դուրս գալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասով ներկայացված պահանջի («Անհրաժեշտության դեպքում քննիչը կատարում է զննվող վայրի և առանձին առարկաների չափումներ...») շրջանակից, կատարվել է անհեթեթության աստիճանի մանրակրկտությամբ, և հիշյալ արձանագրությունում տեղ են գտել նույնիսկ այնպիսի մանրամասների վերաբերյալ տեղեկություններ, որոնք միանշանակ որևէ կապ չունեն Գ. Մհերյանի սպանության հետ:

Ավելին` ի սկզբանե էլ պարզ էր, որ այդ տեղեկությունները որևէ կապ չեն կարող ունենալ փոխոստիկանապետի սպանության հետ: Օրինակ` աշխատասենյակի մուտքի դռան գույնը` մուգ շագանակագույն, ընդունարանի չափերը` 9 x 3, փոխոստիկանապետի աշխատասենյակ տանող մուտքի դռան նյութի տեսակը` փայտյա, չափերը` 2,7 x 2, այդ դռան դիրքը` աջ պատի գրեթե սկզբնամասում` պատից 0,95 մետր դեպի սենյակի հեռավոր անկյունը, տվյալ դռնից ձախ պատի վրա ամրացված հայելու չափերը` 0,4 x 0,6 մ, այդ հայելու ուղղությամբ տեղադրված պահարանի տեղադրման վայրը` հատակին (կարծես թե գրասեղանի վրա պետք է լիներ տեղադրված), դիրքը` նույն պատին կից, գույնը` մոխրագույն, չափերը` 0,4 x 0,8 x 0,8 մ, ընդունարանում եղած հեռուստացույցի տակդիրի գույնը` սև, չափերը` 05 x 0,57 մ, Գ. Մհերյանի աշխատասենյակում եղած հեռուստացույցի մակնիշը` «SAMSUNG», անկյունագիծը` 0,85 մ, և այսպիսի տասնյակ ու տասնյակ ավելորդ տեղեկություններ, որոնք դրդում են մտածելու` այդ մարդիկ զննո՞ւմ են իրականացրել, թե ինչ-որ «շոու»:

Արձանագրությունում նույնիսկ նշված է ընդունարանում տեղադրված զգեստապահարանի ստորին դարակում եղած քարտուղարուհու իրերի` ֆենի, սանրի, կանացի մեկ զույգ կոշիկների, դրանց գույնի և օգտագործված լինելու, կոշիկների վրա ամրակցված օղի գույնի` դեղնավուն, ձևի` կլոր, նյութի տեսակի` մետաղյա, ինչպես նաև զգեստապահարանում եղած այլ իրերի մասին, ինչը վկայում է, որ զննումն իրականացնողները տվյալ գործողության համար բավարար ժամանակ են ունեցել, ինչպես ասում են, ժամանակից չեն նեղվել: Սակայն, ինչպես արդեն նշեցինք, չեն բարեհաճել էլեկտրոնային կրիչի պարունակած տեղեկատվությանը ծանոթանալ, մինչդեռ ամենակարևոր գործողություններից մեկը, որ պետք է անեին, դա էր: Նույնիսկ չեն նշել այդ կրիչի ձևը, չափերը, գույնը, արտադրած ֆիրմայի անվանումը, մինչդեռ հեռուստացույցի մակնիշը և անկյունագիծը, ընդունարանում եղած հայելու չափերը, ընդունարանի գրասեղանի դարակից հայտնաբերված և, հավանաբար, քարտուղարուհու օգտագործած կրեմի ապրանքանիշը` «Lancome», և բազմաթիվ այլ ավելորդ տեղեկություններ նշել են:

Նույն արձանագրության համաձայն` մի շարք իրերի թվում վերոնշյալ էլեկտրոնային կրիչը նույնպես փաթեթավորվել է, կնքվել ՀՀ հատուկ քննչական ծառայության` փաթեթների համար նախատեսված համապատասխան կնիքով և ստորագրման ներկայացվել «զննմանը մասնակցած ընթերականերին» (իրականում ընթերակաները զննմանը չեն մասնակցել և իրավունք էլ չունեին մասնակցելու, նրանք միայն ներկա են եղել, իսկ վերոնշյալ սխալն աղաղակող անփութության կամ պրոֆեսիոնալիզմի բացակայության հերթական օրինակն է):

2009 թ. փետրվարի 4-ին ՀԿԳ մեկ այլ քննիչ` Ռ. Ամիրխանյանը, արդեն հիշյալ ծառայությունում սկսել է Գ. Մհերյանի աշխատասենյակի ընդունարանից, բուն աշխատասենյակից և հանգստյան սենյակում գտնվող չհրկիզվող պահարանից առգրավված փաստաթղթերի և իրերի զննումը, այն ավարտել փետրվարի 6-ին, ապա փետրվարի 4-ի թվագրությամբ կազմել արձանագրություն «Փաստաթղթերի զննում կատարելու վերաբերյալ»: Ըստ նշված արձանագրության, ինչպես առգրավված փաստաթղթերում, նոթատետրերում, հեռախոսահամարների գրքում և ցանկում, որոշումներում, անձնագրերի պատճեններում, անձնագրերում, տարբեր գրություններում և եզրակացություններում, 15 դիսկետներում և 15 լազերային սկավառակներում, բազմաթիվ այլ գրավոր նյութերում և իրերում, այնպես էլ «էլեկտրական կրիչի վրա եղած նյութում» (ՀԿԳ քննիչը էլեկտրականի և էլեկտրոնայինի տարբերությունը երևի չգիտի) քննությանը հետաքրքրող տվյալներ չեն հայտնաբերվել:

Ռ. Ամիրխանյանը զննումն իրականացրել և վերոնշյալ եզրակացությանը հանգել է միանձնյա, մինչդեռ այդ ամենը, կարծում ենք, պետք է իրականացվեր քննչական խմբի այլ անդամների կամ իր կոլեգաների հետ միասին, կոլեգիալ կարգով, ինչը կնվազեցներ եթե չասենք դիտավորության, ապա սխալվելու հավանականությունը: Ճիշտ է, զննմանը հրավիրված են եղել երկու ընթերակա, սակայն նրանք ընդամենը ներկա են եղել, զննմանը չեն մասնակցել, որ նույնիսկ մասնակցեին էլ, քննիչ չլինելով, դժվար թե կարողանային որոշել` առգրավված փաստաթղթերում և իրերում քննությանը հետաքրքրող տվյալներ կա՞ն, թե՞ ոչ:

Վերոնշյալին տեղյակ լինելուց հետո, բնականաբար, հարց է առաջանում` Ռ. Ամիրխանյանն այդքան կարճ ժամանակաընթացքում (2-3 օրն էլ այս դեպքում շատ կարճ ժամանակ է հսկայաքանակ ու ծավալուն նյութերին ծանոթանալու, համապատասխան վերլուծություններ կատարելու համար), այն էլ` փոխոստիկանապետի սպանությունից ընդամենը 3 օր հետո, երբ ինչպես ողջ իրավապահ համակարգին, այնպես էլ նրան դեռ շատուշատ բան հայտնի չէր, ինչպե՞ս որոշեց` առգրավված նյութերում եղած տվյալները քննությանը հետաքրքրո՞ղ են, թե՞ ոչ: Հանկարծ ու նա սխալվեր. ինչպե՞ս կարելի էր այդ բարդ, դժվարին ու պատասխանատու գործը մեկ հոգու վստահել: Կամ` եթե այդպիսի ֆենոմենալ կարողություններ ուներ, էլ ինչո՞ւ էին քննչական խումբ ստեղծում, թող ամբողջ նախաքննությունը նրան հանձնարարեին:

Մի պահ ընդունենք, թե էլեկտրոնային կրիչը քննությանը հետաքրքրող տվյալներ չի պարունակել: Ո՞ւր է հիմա այդ կրիչը, որպեսզի այսօր քրեական գործի նախաքննությունն իրականացնող ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի վարչությունը ստուգի, հավաստիանա` կրիչի պարունակած տեղեկատվության մեջ քննությանը հետաքրքրող տվյալներ իրո՞ք չկան:

Ռ. Ամիրխանյանի իրականացրած զննումից շուրջ 10 ամիս անց` 2009 թ. դեկտեմբերի 29-ին, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ (այժմ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ) Հունան Պողոսյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին է դիմել մի գրությամբ, որում նշված է նաև. «Տարվել և այժմ էլ շարունակվում են աշխատանքները էլեկտրոնային երկու կրիչների առկայության, դրանց հնարավոր հափշտակման հանգամանքները պարզելու ուղղությամբ, որը դեռևս դրական արդյունք չի տվել»:

Դատելով վերը բերված հաղորդումից, ինչպես նաև Գ. Մհերյանի հոր` տուժողի իրավահաջորդ Պետրոս Մհերյանի այն հավաստումից, որ այդ էլեկտրոնային կրիչն անհետացած է, այժմ քրեական գործի նյութերում չկա, կարելի է եզրակացնել, որ այն իսկապես հափշտակվել է: Բնականաբար հարց է առաջանում` եթե քննությանը հետաքրքրող տվյալներ չէր պարունակում, ինչո՞ւ է հափշտակվել: Էլ ավելի ուշագրավ է երկրորդ էլեկտրոնային կրիչի հետ կապված պատմությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter