«Հայացք». պետությունը գիտի՝ ինչ է անում
2013 թ. հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ կմտնի աշխատավարձերի նոր հարկատեսակ սահմանող «Եկամտահարկի մասին» օրենքը: Գործատուի և աշխատողի կողմից առանձին վճարվող սոցվճարներին կփոխարինի միասնական եկամտային հարկատեսակը հետևյալ դրույքաչափերով` ամսական մինչև 120 հազար դրամ եկամտի դեպքում` 24,4%, իսկ ամսական 120 հազար դրամը գերազանցելու դեպքում` 26%: Այսինքն` գործատուն ներկայիս երկու հաշվետվության փոխարեն կկազմի միայն մեկ միասնական հաշվետվություն, և այն պարտադիր կներկայացնի էլեկտրոնային տարբերակով: Նոր օրենքի ընդունման բուն նպատակը պարզ է` ավելի դյուրին դարձնել պետությանը վճարվող հարկերը: Իսկ աշխատո՞ղը, արդյոք նա եկամտի կորուստ չի՞ ունենա` իր աշխատավարձից վճարելով եկամտահարկ: Պարզվում է` մտահոգվելու հարկ չկա:
«Որպեսզի ներկայիս աշխատավարձի չափերը չփոփոխվեն, «Եկամտահարկի մասին» նոր օրենքով 2013 թվականից նախկինում գործատուի կողմից պետությանը վճարվող սոցվճարը կգումարվի աշխատակցի աշխատավարձին, իսկ հետո էլ կգանձվի եկամտահարկը: Արդյունքում աշխատակիցը աշխատավարձի փոփոխություն չի զգա»,- պարզաբանում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Ի դեպ, օրենքն արգելում է գործատուին առանց հիմնավոր պատճառի նվազեցնել աշխատողների աշխատավարձերը, եթե չի ցանկանում ստանձնել հավելյալ հարկային պարտավորություններ: Հայտնի է, որ որոշ գործատուներ պետությանը ներկայացնում են իրենց վճարած աշխատավարձի միայն մի մասը, թեև աշխատակիցը ստանում է բոլորովին այլ աշխատավարձ: Ստվերային աշխատավարձի իրողությունը չի ժխտում նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
- Դե, գիտե՞ք, ոչ միշտ է այդպես: Օրինակ` խոշոր հարկատուների մոտ հաստատ այդպես չէ: Իսկ մասնավոր դեպքերում գործատուները պատահական մարդիկ չեն, նրանցից շատերը համոզված են, որ իրենց չեն ստուգի կամ հայտնաբերման դեպքում չեն պատժվի: Նրանք ունեն հովանավորչություն, ուստի խախտումներից չեն վախենում` մոռանալով, որ վաղ թե ուշ ազգային վիճակագրության տվյալները կամրագրեն աշխատաշուկայում զբաղվածության նվազում, այդ դեպքում հարկային մարմինների ստուգումները ջրի երես կհանեն այդ գործատուների բոլոր խախտումները: Եվ հետո, չպետք է կարծել, որ նման երևույթները բնորոշ են մեր երկրին: «Եկամտահարկի մասին» նոր օրենքի կիրառումից հետո ամեն ինչ իր տեղը կընկնի,- «Հայացքի»-ի հետ զրույցում ասաց Գագիկ Մակարյանը:
Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նույնպես համոզված է, որ նոր օրենքի կիրառումը կսթափեցնի որոշ գործատուների. «Եթե մինչև հիմա պետությանն էր հետաքրքիր, որ աշխատավարձի իրական չափը ճիշտ լինի, եթե շատ աշխատակիցներ մտածում էին, որ կարևորն այն գումարն է, որն ինքը ստանում է, ստացած 120 հազար դրամի փոխարեն գրվի 80 հազար դրամ կամ ընդհանրապես չգրվի, հիմա ինքն արդեն գիտի, որ դա գնալու է ոչ թե ընդհանուր ֆոնդ, այլ գնալու է անձամբ իր կուտակային հաշվին, և այդ կուտակային հաշվի վրա այն եկամուտներն են, որից ապագայում ինքը ստանալու է կենսաթոշակ»:
Հարկ եմ համարում ընթերցողին հիշեցնել, որ կենսաթոշակային համակարգում կատարվող բարեփոխումների արդյունքում 2014 թ. կգործի պարտադիր կենսաթոշակային կուտակային վճարը, երբ յուրաքանչյուր աշխատող բացի եկամտահարկից իր ամսական աշխատավարձի 5 տոկոսը պետք է ուղղի կենսաթոշակային հիմնադրամ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել