
Մեկնարկում է աշխարհի առաջնության ընտրական փուլը. այսօր՝ Մալթա-Հայաստան
Այսօր ֆուտբոլի աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Մալթայի ընտրանու հետ: Խաղը տեղի կունենա մրցակցի հարկի տակ եւ կսկսվի Երեւանի ժամանակով 22:00-ին: Խաղը կդատի ավստրիական մրցավարական բրիգադը՝ Ռենե Էյսների գլխավորությամբ:
Մալթայի ընտրանու հետ նախկինում Հայաստանի հավաքականը հանդիպել է 3 անգամ: 1994-ի հունիսի 16-ին Երեւանում կայացած ընկերական խաղում Արսեն Ավետիսյանի գոլը ոչ միայն առաջինն էր մեր թիմի պատմության մեջ, այլեւ առաջին հաղթանակը բերեց Հայաստանին: Հաջորդ հանդիպումը՝ կրկին ընկերական, կայացել է 2007-ի սեպտեմբերի 12-ին, որում մեր թիմին հաջողություն բերեց Արթուր Ոսկանյանի գոլը: Իսկ 2008-ի փետրվարի 2-ին Մալթայի միջազգային մրցաշարի շրջանակներում կայացած խաղում միակ գոլը խփեց Արա Հակոբյանը:
Այս պահին ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում մեր թիմը 53-րդն է, իսկ Մալթան՝ 139-րդը: Ամեն ինչ խոսում է Հայաստանի հավաքականի գալիք հաջողության մասին: Կարեւոր է մեկնարկային խաղում վստահ ու արդյունավետ խաղը, ինչը ամսի 11-ին բուլղարների դեմ արտագնա խաղում լավ ազդակ կլինի թիմի համար:
Մեկնաբանել