HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պահուստային ֆոնդից 2.641 մլրդ դրամ կհատկացվի COP17-ի համար

«Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) հետ կապված միջոցառումը կազմակերպելու նպատակով Կառավարությունը որոշել է պահուստային ֆոնդից 2.641 մլրդ դրամ հատկացնել։ Ստորեւ՝ այդ որոշման քննարկման մասին վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունը։

Նախքան հարցը ներկայացնելը Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը նշել է. «Քանի որ COP17 համաժողովին մնացել է շուրջ երկու ամիս, նախքան բուն հարցի զեկուցումը թույլ տվեք հակիրճ անդրադառնալ դրա նշանակությանը։ 2026 թվականի հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի համաշխարհային բնապահպանական օրակարգի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Համաժողովին կմասնակցեն Կոնվենցիայի անդամ 196 կողմերի ներկայացուցիչներ և տասնյակ հազարավոր մասնակիցներ ամբողջ աշխարհից։ COP17-ին կնախորդի նաև Առաջնորդների գագաթնաժողովը՝ պետությունների, կառավարությունների և միջազգային կառույցների ղեկավարների բարձր մակարդակի մասնակցությամբ, որի շրջանակում նախատեսվում է ընդունել «Երկրի վրա կյանքի պահպանման համար» խորագրով Երևանի հռչակագիրը։

COP17-ն առանձնահատուկ նշանակություն ունի նաև նրանով, որ Հայաստանում է իրականացվելու Կունմինգ–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացի առաջին համաշխարհային գնահատումը։

Հայաստանի համար սա բացառիկ հնարավորություն է՝ ամրապնդելու մեր երկրի դերակատարումը միջազգային բնապահպանական գործընթացներում և աշխարհին ներկայացնելու Հայաստանի բնապահպանական օրակարգն ու հարուստ կենսաբազմազանությունը»։

Նախարարը նշել է, որ ներկայումս կազմակերպչական աշխատանքներն ակտիվ ընթանում են։ «Քանի որ կազմակերպչական ծախսերը նախապես նկարագրել և հաշվարկել հնարավոր չէ, ուստի համաժողովի կազմակերպիչների հետ կնքվել են շրջանակային պայմանագրեր։ Կազմակերպչական աշխատանքներն ամբողջությամբ իրականացվում են ըստ Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ-ի միջև կնքված հյուրընկալ երկրի համաձայնագրի։ Նախագծով ներկայացված համաձայնագրերի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 2 մլրդ 640 մլն դրամ, որի շրջանակներում կազմակերպիչն ապահովելու է համաժողովի անցկացման համար միջազգային ստանդարտներին համապատասխան 4 վրանների, ընդհանուր 5400 քմ, վարձակալությունը, ինչպես նաև ձեռք են բերվելու ամենատարբեր տեսակի կահույք, սարքավորումներ և տրանսպորտի ծառայություններ։ Նման շրջանակային համաձայնագրեր առաջիկայում էլի կներկայացվեն Կառավարության քննարկմանը՝ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար»,-ասել է Համբարձում Մաթևոսյանը։

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է COP17-ը պատշաճ մակարդակով անցկացնելը և ընդգծել, որ այն լավ հնարավորություն է Հայաստանի միջազգային տեսանելիությունը և ճանաչելիությունն ավելի բարձրացնելու առումով։ Ըստ վարչապետի՝ սպասվում է, որ միջոցառմանը ներկա կլինի 10000-15000 մասնակից. «Սա նշանակում է, որ նաև տուրիզմի շատ մեծ ներհոսք է լինելու։ Սա նաև լավ հնարավորություն է մեր մասնավոր հատվածի համար. նախ՝ ծառայություններ մատուցել և հետո՝ իրենց մատուցած ծառայությունները գովազդել, որովհետև մեկ անգամ Հայաստան եկած մարդիկ անպայման ուրիշներին էլ խորհուրդ են տալիս գալ և իրենք էլ են վերադառնում»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կազմակերպչական աշխատանքները պետական բյուջեից ֆինանսավորելով՝ Կառավարությունը մեծ ներդրում է արել «Մերիդիան» կենտրոնում։ «Այդ ներդրումների դիմաց մենք նաև ձեռքբերում ենք ունեցել։ Մասնավորապես՝ այս որոշումների արդյունքում առաջիկա 8 տարվա ընթացքում 400 օր այդ ձևավորված ենթակառուցվածքը Կառավարությունն իր հայեցողությամբ կարող է օգտագործել։ Նախ ես ուզում եմ ասել, որ սա շատ կարևոր նախագիծ է, որովհետև մենք այս ներդրմամբ ֆունդամենտալ լուծում ենք այն հարցը, որ ցանկացած մասշտաբի միջոցառում Հայաստանի Հանրապետությունը կարող է հյուրընկալել»,-նշել է երկրի ղեկավարը՝ կարևորելով ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխանող ֆիզիկական ենթակառուցվածք ունենալը։

Վարչապետն անդրադարձել է նաև դրա շրջանակում Երևանի այդ հատվածում վերջին շրջանում կատարված աշխատանքներին. «Ներդրումների արդյունքում նոր շունչ է ստանում այդ հատվածը։ Այս աշխատանքների ընթացքում հայտնաբերեցինք, որ Երևանի «Հաղթանակ» կամուրջն Արշակունյաց պողոտային միացնող ճանապարհ կա, որը չի գործում երկար տարիներ։ Այս աշխատանքի ընթացքում նաև Երևանը նոր փողոց կունենա, և ես առաջարկել եմ, որ Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերներն այդ փողոցն անվանեն COP17-ի փողոց՝ որպես նաև այդ համաշխարհային միջոցառման նշանավորում։ Եվ, բացի այդ, հարակից ենթակառուցվածքներ, ճանապարհ, մայթեր, այդ ենթակառուցվածքներ վերականգնվում են։ «Կարմիր կամուրջ»-ի հետ, դրանք շատ կարևոր մի մաս են կազմում։ Եվ, իհարկե, Հայաստանի միջազգային դերակատարման մասով նույնպես սա շատ կարևոր միջոցառում է, և հաջողություն եմ մաղթում մեզ այս կարևորագույն միջոցառումը պատշաճ ձևով իրականացնելու գործում»։

Լուսանկարում՝ ՇՄՆ նախարար Համբարձում Մաթևոսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter