HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը ծանոթացել է վերամշակող ընկերության ներդրումային ծրագրերին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ուղեկցությամբ այցելել է «Սիս նատուրալ» ընկերություն՝ ծանոթացել արտադրական գործընթացներին և առաջիկա ծրագրերին: 

Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամի (ՀԳՏՏԶՀ) կողմից ընկերությունում իրականացվել է 400 մլն դրամի ներդրում: Նշված գումարից 245 մլն դրամն ուղղվելու է շրջանառու միջոցների ավելացմանը, իսկ 155 մլն-ը՝ հիմնական միջոցների համալրման և ընթացիկ վերանորոգման համար: 

Ներդրումների շնորհիվ «Սիս նատուրալ»-ը ձեռք է բերել ասեպտիկ պարկերի լիցքավորման հոսքագիծ, որը հնարավորություն է տալիս վերամշակել տեղական շուկայից մթերած մրգերը, բանջարեղենը և արտադրությունում օգտագործել ամբողջ տարվա ընթացքում, փոխարինելով արտասահմանից ներկրվող նմանատիպ հումքը: 

2012 թվականի ութ ամիսների ընթացքում ընկերության արտահանման ծավալները կազմել են 379 մլն դրամ, որը գերազանցում է 2011թ. արտահանման ծավալները 10 տոկոսով: Կատարված աշխատանքների արդյունքում հնարավոր է դարձել Ֆրանսիա և Ուկրաինա արտահանվող արտադրանքի ծավալները փորձնական խմբաքանակից ավելացնել մինչև արտահանվող արտադրանքի 10 տոկոսը: Ընկերությունը պլանավորում է 2012-ին արտահանման ծավալները հասցնել մոտ 500 մլն դրամի: 

«Սիս նատուրալ»-ը բնական հյութերի հետ մեկտեղ սկսել է նաև արտադրել բանջարեղենային պահածոներ և մրգային մուրաբաներ: Այն ունի 100 աշխատողներ և իրացման ծավալների ավելացմանը զուգընթաց նախատեսվում է 50 տոկոսով ավելացնել նրանց քանակը՝ հասցնելով 150-ի:

2012 թվականին «Սիս նատուրալ»-ը տեղական շուկայից մթերել է 200 տոննա ծիրան, 160 տոննա դեղձ, 20 տոննա բալ, 20 տոննա ելակ, 40 տոննա մասուր, 300 տոննա նուռ: 

Նշենք, որ ՀԳՏՏԶՀ-ն առաջին ներդրումային հիմնադրամն է Հայաստանում, որը նորարարական ֆինանսական գործիքների միջոցով ներդրումներ է կատարում գյուղմթերքների վերամշակման ոլորտում գործող ընկերություններում: Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter