Իտալացի գործարարներին հետաքրքրում է Հայաստանի գյուղատնտեսությունում ներդրումներ կատարելու հեռանկարը
Այսօր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունեց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին և իտալական «Ֆինեստ» ֆինանսական հաստատության նախագահ Ռենատո Պույատիին, որոնց ուղեկցում էին Հայաստանում ֆերմերային տնտեսությունների, ոռոգման, գյուղմթերքների արդյունաբերության ոլորտներում ներդրումներ կատարելու հեռանկարով հետաքրքրվող իտալացի մի շարք գործարարներ:
Սերգո Կարապետյանն անդրադարձավ այն ոլորտներին, ուր առկա են գործակցության հնարավորությունները:
«Շատ ուրախ եմ, որ իտալացի գործարարներին հետաքրքրում է Հայաստանի գյուղատնտեսության բնագավառում համագործակցելու հեռանկարը: Պատրաստ ենք, ըստ ամենայնի, աջակցել իտալական ներդրումային ծրագրերի իրականացմանը մեզանում, մանավանդ, որ Հայաստանը ներդրումների համար գրավիչ և դեռևս ազատ դաշտ ունի»,- նշեց նախարարը:
Դեսպան Սկապինին նշեց, որ իր երկիրն ունենալով զարգացած գյուղատնտեսություն, առավել ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Եվրոպայում գյուղատնտեսության միասնական քաղաքականության մշակման և իրականացման գործում. «Նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն ավելի գործնական հուն բերելու նպատակով այսօր ձեզ հետ հանդիպման ենք հրավիրել «Ֆինեստ» իտալական ֆինանսական հաստատության նախագահ Ռենատո Պույատիին և կոնկրետ գործունեության երեք գործարարների, որոնք ներկայացնում են ոռոգման, ջերմոցային համակարգերի և դեղագործության ոլորտները»:
Այնուհետև պատվիրակության ներկայացուցիչները հակիրճ ներկայացրեցին իրենց գործունեությունն ու ներդրումային հնավորությունները: Հանդիպման ավարտին նախարար Սերգո Կարապետյանը իտալական կողմին առաջարկեց համակողմանի ուսումնասիրման համար ներկայացնել համագործակցության իրենց առաջարկներն ու հիմնավորումները, որին ի պատասխան` հյուրերը խոստացան, հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել պահանջված տեղեկատվությունը: Այս մասին հայտնում է գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել