HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Պաստառ բռնած ցույցի ենք մասնակցում, բայց չենք համարձակվում որպես թեկնածու ներկայանալ. վանաձորցի աղջիկների մասին

Վանաձորի ամբողջ ՏԻՄ պատմության մեջ 1-2  կին ավագանու անդամ է եղել:  Արդեն իր շրջանն ավարտող նախորդ ավագանու կազմում միակ կին ներկայացուցիչը բժշկուհի Գայանե Քալանթարյանն էր,  ով այս անգամ էլ է թեկնածություն առաջադրել, և նրա հետ ևս մեկ կին՝ Գոհար Սարդարյանը: Թեկնածուների շարքում երիտասարդ իգական սեռի ներկայացուցիչներ չկան. վանաձորցի աղջիկները դեռ ցանկություն չունեն մասնակցելու տեղական ինքնակառավարմանը:

Վանաձորի ՏԻՄ պատմության մեջ միակ դեպքը եղել է 2008-ին, երբ ավագանու ընտրություններում երիտասարդ աղջիկ է առաջադրվել՝ Վանաձորի մանկավարժական ինստիտուտի նախկին դասախոս, 25-ամյա Քրիստինե Թամարյանը, որը հավաքած ձայների քանակով հատել էր անցողիկ թվի ուղիղ կեսը, մոտ 300 ձայն էլ անվավեր էր ճանաչվել:

Քրիստինեից հետաքրքրվեցինք, թե ինչու այս տարի էլ չառաջադրեց իր թեկնածությունը: Վերջինս հայտնեց, որ արդեն երեք ամիս է՝  աշխատանքի բերումով հիմնականում լինում է մայրաքաղաքում՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում, և զուգահեռ շարունակում է դասախոսել Երևանի պետական բուհերից մեկում: Ասաց, որ ֆիզիկապես չէր հասցնի գործունեություն ծավալել նաև Վանաձորում, այլապես այս տարի էլ կառաջադրվեր՝ անպայման հաղթելու վճռականությամբ, քանի որ, իր խոսքով՝ արդեն ավելի փորձառու է և նաև՝ քարոզարշավ կազմակերպելու հնարավորություն ունի: Ըստ նրա՝ նախորդ ընտրություններում չհաղթեց հենց  «քարոզչություն չտանելու» պատճառով:

Ի դեպ, այն ժամանակ Քրիստինեն դեռ անկուսակցական էր, եւ նրան աջակցում էին ընկերները շատ տեղամասերում էլ չուներ վստահված անձինք: Քրիստինեն կարծում էր, որ իր առաջադրումը, Վանաձորում նախադեպ լինելով, կոգևորի երիտասարդ աղջիկներին, որոնք հետևելով իր օրինակին՝ հետագայում ակտիվ մասնակցություն կունենա տեղական ընտրություններում: Բայց նա հիասթափված է՝ տեսնելով, որ այս անգամ էլ թեկնածուների շարքում երիտասարդ աղջիկներ չկան:

Նրա համոզմամբ՝  վանաձորցի աղջիկներն իրենց ինտելեկտուալ կարողություններով կարող են մասնակցություն ունենալ ներհամայնքային կյանքին, բայց նրանց խուսափողականության պատճառը, Քրիստինեի կարծիքով, թերևս համարձակության պակասն է, որ որպես թեկնածու ներկայանան, քարոզարշավ ծավալեն:

«Բնապահպանական ակցիաներ են լինում, տարբեր հանրահավաքներ, ցույցեր, որոնց մեծ թվով երիտասարդ  աղջիկներ են մասնակցում, իրենց դժգոհությունն են արտահայտում, շատ հարցերում ընդդիմանում են և իշխանություններին, և ամենատարբեր որոշումների: Բայց երբ գալիս է գործելու պահը՝ թեկնածություն առաջադրելու, ՏԻՄ կազմում ներգրավվելու, իրենց համարձակությունը չի ներում. զարմանում եմ,- ասում է Քրիստինեն և ավելացնում,- կոչս այն է, որ եթե մենք, պաստառներ վերցնելով, մեր ընդդիմությունն ենք արտահայտում շատուշատ երևույթների վերաբերյալ, ակտիվություն դրսևորենք նաև ղեկավարման գործերում ներգրավվելով: Այսինքն՝ այն, ինչ աղջիներս ամբոխի մեջ ենք անում, անենք նաև անհատապես»:

Քրիստինեն կարևորում է կանանց ու աղջիկների դերը ղեկավար մարմինների կազմում. «Եթե այսօր ԱԺ-ի կազմում ենք իգական սեռի ներկայության կարևորությունը քննարկում, ինչու ավագանու կազմում չլինի իգական սեռի ներկայացվածություն գոնե 20-30 տոկոսով: Չէ՞ որ երկրի զարգացումը համայնքից է սկսվում: Իսկ շատուշատ հարցեր, մասնավորապես՝  առողջապահությանը, կրթությանը, նախադպրոցական հիմնարկներին վերաբերող, որոնք արական սեռի կողմից քիչ են նկատվում, մշտապես կնոջ ուշադրության կենտրոնում են: Օրինակն էլ ցույց տվեց, որ բժշկուհի Գայանե  Քալանթարյանի ներկայությունը շատ մեղմացնող ազդեցություն ուներ ավագանու նիստերում: Նրա ներկայությունը զսպում էր տղամարդկանց, որ չանցնեն անձնական հարաբերություններ պարզելուն կամ խոսքի թույլատրելի սահմանից դուրս գալով՝  կոպիտ արտահայտություններ թույլ չտան»:

Լուսանկարը՝ Քրիստինե Թամարյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (2)

nan
nenc eq govum voncor esa mardu enq talu, txamardik shat en glux hanum himael es axjik@....
Հովհաննես
nan իսկ դու ինչի հանկարծ նախանձեցիր? գուցե քեզ գովենք, դե ասենք նրա համար, որ անունդ փոքրատառով ես գրում, հայերեն տառերի նկատմամբ կարծես սեր չունես, պարզ ու հասկանալի հոդվածի մեջ չեղած տեղից գովեստ ես հայտնաբերում... Եթե ասելիք չունես, ուրեմն լռի, մարդկանց ներվեր ուտելը հաստատ գովելի չի... Իսկ եթե ինքդ ես որոշել մարդու գնալ, քո անուղղակի ինքնագովազդները կարող ես սոց. ցանցերում տեղադրել... Իսկ հոդվածի հետ համաձայն եմ միանշանակ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter