HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Պետական եկամուտների կոմիտե

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ օգոստոսի 25-ին, այցելել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

«ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը Հանրապետության նախագահին ներկայացրել է Կոմիտեի ընթացիկ գործունեությունը, վերջին տարիներին իրականացված բարեփոխումները, ռազմավարական պլանավորման հիմնական ուղղություններն ու առաջիկա զարգացումները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Կառավարության ծրագրով նախատեսված հարկային քաղաքականության առաջնահերթություններին և դրանց իրագործման հիմնական մոտեցումներին։

Քննարկվել են հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման, պետական եկամուտների ապահովման, հարկային կարգապահության ամրապնդման, ինչպես նաև պետության և տնտեսվարող սուբյեկտների միջև փոխգործակցության զարգացման հարցերը։

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ հարկային համակարգի արդյունավետությունը պետք է գնահատվի ոչ միայն հավաքագրված եկամուտների, այլև տնտեսության զարգացման համար ստեղծվող միջավայրի տեսանկյունից։ Այս համատեքստում կարևորվել է Պետական եկամուտների կոմիտեի և բիզնեսի միջև գործընկերային հարաբերությունների շարունակական զարգացումը։

Նշվել է, որ ՊԵԿ-ի գործունեության հիմքում պետք է լինի ոչ թե տնտեսվարողներին պատժելու կամ խախտումներ արձանագրելու և տուգանքներ կիրառելու մոտեցումը, այլ օրինական գործունեություն իրականացնող տնտեսվարողներին աջակցելը՝ պետության հետ հարաբերություններում նրանց առավել պաշտպանված և անխոցելի դարձնելու, հարկային պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովելու և բիզնեսի անխոչընդոտ զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ձևավորելու նպատակով։

Ընդգծվել է նաև կանխատեսելի և արդար հարկային միջավայրի կարևորությունը, որը միաժամանակ ապահովում է պետական եկամուտների կայուն աճը և խթանում տնտեսական ակտիվությունը։

Հանրապետության նախագահը կարևորել է Պետական եկամուտների կոմիտեի շարունակական բարեփոխումները՝ դրանք դիտարկելով պետական կառավարման արդյունավետության բարձրացման և երկրի տնտեսական զարգացման ընդհանուր գործընթացի համատեքստում»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter