HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ախուրյան համայնքում, մինչև տարեվերջ, կսկսի գործել մոդուլային սպանդանոցը

Շիրակի մարզում անասնագլխաքանակի անկման պատճառներից մեկը սպանդանոցների բացակայությունն է. պետությունը տուգանում է ոչ սպանդանոցային մորթի համար, սակայն սպանդանոցներ չի կառուցում: Ախուրյան համայնքը որոշել է հարցը լուծել սեփական ուժերով՝ ձեռք բերելով շարժական մոդուլային սպանդանոց, որը կգործարկվի մինչև տարեվերջ:

Այս տարվա փետրվարի 3-ին Շիրակի մարզի անասնապահներն ու մսավաճառները հավաքվել էին մարզպետարանում՝ բողոքելով սպանդանոցների բացակայությունից և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սահմանած տուգանքներից: Նրանք պահանջում էին, որ պետությունն օրենքներ գրելուն զուգահեռ կարողանա նաև դրանց կատարումն ապահովել, այսինքն՝ սպանդանոցներ կառուցի, բայց դրա փոխարեն միայն տուգանում է ոչ սպանդանոցային մորթի միս վաճառելու համար:

«Կառավարությունը պետական սպանդանոց չի կառուցում, կառավարությունը հնարավորություն է ստեղծում: Մենք համայնքապետերի հետ քննարկում ենք տարբեր սուբվենցիոն կամ այլ միջոցներով համայնքապատկան սպանդանոցներ կառուցելու տարբերակներ: Եթե վաճառած մսի պատճառով դժբախտ դեպք պատահի, պատասխանատվությունը կրելու է մսավաճառը: Միսը պետք է ստուգված լինի և անվտանգ»,- լրագրողների հետ զրույցում ասել էր Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը:

Ախուրյան խոշորացված համայնքում սպանդանոց ունենալու հետ կապված գործնական քայլեր արվել են դեռ 2025թ.-ի հոկտեմբերին: Համայնքը շարժական մոդուլային սպանդանոց ձեռք բերելու նպատակով երկու գնային հարցում էր կատարել՝ «Վետ Հոլդինգ» ԱՊԸ-ից և «Հարությունյան Կոնսալտինգ» ՍՊԸ-ից: 2025թ.-ի դեկտեմբերին Ախուրյանի համայնքապետարանի և «Վետ Հոլդինգ» ԱՊԸ-ի միջև կնքվել է գույքի գնման պայմանագիր՝ 49.400.000 դրամի սահմաններում, պայմանագրի երրորդ կողմ է հանդես եկել «Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերությունը:

ՀՀ Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում և Հայաստանի Զարգացման և ներդրումների Կորպորացիայի (DICA) կողմից Ախուրյան համայնքին լիզինգային եղանակով տրամադրվել է շարժական մոդուլային  սպանդանոց: ՀՀ կառավարության սուբսիդավորման արդյունքում լիզինգը տրամադրվել է 2 % տարեկան տոկոսադրույքով: Ախուրյանի համայնքապետարանից հունիսի 22-ին տեղեկություն էին տարածել, որ սպանդանոցը կգործարկվի մեկ ամսից: Սակայն, «Հետք»-ի տեղեկություններով, այն դեռ գործարկման փուլում չէ, քանի որ մոդուլային հատվածի տեղադրումից զատ, անհրաժեշտ է տարածքում լրացուցիչ աշխատանքներ կատարել՝ ցանկապատում, անձնակազմի համար փոքր շինության կառուցում: Աշխատանքներն ընթացքի մեջ են, և միայն դրանց ավարտից հետո, մինչև տարեվերջ, մոդուլային սպանդանոցը կսկսի գործել: Այն տեղադրված է Ախուրյան բնակավայրի վարչական տարածքում և ապահովում է հարմար տրանսպորտային հանգույց ոչ միայն Գյումրիի, այլև 20 գյուղական բնակավայրերի համար:

Սպանդանոցի գործարկումը հնարավորություն կտա տարածաշրջանում գյուղատնտեսական կենդանիների սպանդն իրականացնել սննդամթերքի անվտանգության ապահովման արդիական ստանդարտներին համապատասխան՝ սպառողներին մատակարարելով որակյալ ու անվտանգ սնունդ: Մոդուլային սպանդանոցի արտադրողականությունը՝ խոշոր եղջերավոր անասուն 1-10 գլուխ մեկ հերթափոխում, մանր եղջերավոր անասուն՝ 1-ից 100 գլուխ մեկ հերթափոխում, խոզեր՝ 1-ից 20 գլուխ մեկ հերթափոխում: Համալրված սառնարանային հատվածով՝ մինչև 6 գլուխ խոշոր և 30 գլուխ մանր եղջերավոր, 20 գլուխ խոզի մսեղիքի պահպանման համար: Մոդուլային սպանդանոցն ապահովելու է մորթի և մսեղիքի վերամշակում:

Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության անցած տարվա հրապարակման համաձայն՝ մարզում հաշվառված է մոտ 62 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն. ընդ որում՝ նախորդ տարիների համեմատ արձանագրվել է անասնագլխաքանակի նվազում։  Ախուրյանի համայնքապետարանի տրամադրած տվյալներով՝ համայնքում առկա է 16 515 խոշոր և 15539 մանր եղջերավոր անասուն: Գյուղացիական տնտեսությունները մի շարք պատճառներով կրճատում են ունեցած անասնագլխաքանակը: Պատճառներից մեկն էլ հասանելի սպանդանոցների բացակայությունն է:

Ֆիզիկական անձանց պետությունը ևս առաջարկում է օգտվել լիզինգի եղանակով մոդուլային սպանդանոց տեղադրելու ծրագրից: Ըստ հաշվարկի, միջին հզորության մոդուլային սպանդանոց ձեռք բերելու համար պահանջվում է 12 մլն դրամ, տնտեսվարողի մասով կանխավճարը կկազմի մինչև 400 հազար դրամ, մնացած մասը սուբսիդավորում է պետությունը: Լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմում է 2-3 տոկոս: Շարժական սպանդանոցն ավելի թանկ է, քանի որ ընդհանուր ծախսերին գումարվում է նաև տրանսպորտայինը:

Մասնավոր հատվածը չի շտապում վարկային բեռ վերցնել՝ հաշվի առնելով նաև նախկին ձախողված փորձերը։  Օրինակներից մեկը Անի խոշորացված համայնքի Հայկաձոր բնակավայրում 2022թ․-ին «Բոմ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցն էր, որի հանդիսավոր բացմանը մասնակցել էր նաև այդ ժամանակվա մարզպետ Նազելի Բաղդասարյանը: Սակայն սպանդանոցը ոչ մի օր չաշխատեց, փակվել էր թերի փաստաթղթավորման պատճառով:

Ներկայում, ըստ Շիրակի մարզպետարանի ունեցած տեղեկության, մարզում ընդամենը երկու քաղաքացի է ցանկություն հայտնել փոքր սպանդանոց կառուցելու, իսկ Աշոցք խոշորացված համայնքում որոշել են մոդուլային սպանդանոց տեղադրել համայնքային միջոցներով:

Դիտեք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter