Ռոբերտ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց
Հակակոռուպցիոն դատարանի (դատավոր Սարգիս Դադոյան) որոշմամբ Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2 ամսով կալանավորվել է։
Շուրջ 7 ժամ տևած դատական նիստից հետո Ռոբերտ Քոչարյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց և քննիչի միջնորդությունը քննարկվել է առանց պաշտոնաթող նախագահի։
Նշենք, որ Ռ. Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել էր նաև 2026թ. օգոստոսի 25-ին, երբ ձերբակալել ու տարվել էր Հակակոռուպցիոն կոմիտե։ Այդ ժամանակ շտապօգնություն էր հրավիրվել և ստուգման նպատակով տեղափոխվել էր բժշկական հաստատություն։
Ռոբերտ Քոչարյանի ու ևս 9 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2026թ. օգոստոսի 24-ին։
Ըստ մեղադրանքի՝ Քոչարյանը նախագահ եղած տարիներին իր պաշտոնական դիրքն օգտագործել է պետությանը պատկանող խոշոր արժեք ունեցող գույքերն իրեն, որդուն և իր հետ կապված անձանց ու ընկերություններին շուկայականից զգալիորեն ցածր գներով փոխանցելու համար։ Դատախազությունը պնդում է, որ այդ գործարքները հաճախ իրականացվել են առանց մրցույթների և նախապես մշակված սխեմաներով։
Խոսքը, մասնավորապես, Երևանի Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցների հարակից տարածքների, Կասկադի հատվածի, Պարոնյան 8 հասցեի, «Կապուտակ Սևան» առողջարանի և Ծիծեռնակաբերդի խճուղու 7/1 հասցեի խոշոր անշարժ գույքերի մասին է։
Դատախազության ներկայացմամբ՝ այդ գույքերի մի մասը սկզբում փոխանցվել է Քոչարյանի և նրա շրջապատի հետ կապված ընկերություններին, այնուհետև՝ նրանց ընտանիքի անդամներին։ Որոշ դեպքերում գույքը հետագայում վաճառվել է արդեն շատ ավելի բարձր արժեքով։
Քոչարյանին վերագրվում է նաև «Սպայի տուն» պատմամշակութային հուշարձանի և Նալբանդյան 16 հասցեի գույքի հետ կապված գործարք։ Ըստ մեղադրանքի՝ «Սպայի տունը» քանդելուց հետո դրա զբաղեցրած տարածքը և մյուս գույքը փոխանցվել են մասնավոր ընկերության, իսկ հետագայում Քոչարյանին և նրա հետ կապված անձանց փոխանցվել են այդ տարածքում կառուցված շենքի 56 անշարժ գույքեր։ Դատախազությունը դրանց ընդհանուր արժեքը գնահատում է ավելի քան 2,6 միլիարդ դրամ։
Մեկ այլ դրվագով Քոչարյանին մեղադրում են այն բանում, որ նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի անունով «Տոյոտա Երևան» ընկերության 30 տոկոս բաժնեմաս է փոխանցվել՝ դրա դիմաց պետական հողերը ընկերությանը ցածր գներով տրամադրելու համար։
Դատախազությունը Քոչարյանին ընդհանուր առմամբ մեղադրում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու երեք դրվագի, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու երկու դրվագի և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման չորս դրվագի համար։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել