«Արարատ-Արմենիան» պատմական հաղթանակով Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճեց
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» դրամատիկ հաղթանակ տարավ ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» նկատմամբ և նվաճեց Եվրոպա լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի լիգայի փուլի ուղեգիր:
Այս հաղթանակի շնորհիվ «Արարատ-Արմենիան» դարձավ հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին ակումբը, որը կմասնակցի Եվրոպա լիգայի հիմնական՝ լիգայի փուլին:
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով։
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում պատասխան հանդիպման առաջին կեսում ռումինական թիմն ավելի ակտիվ էր և ավելի շատ վտանգավոր պահեր էր ստեղծում, սակայն վստահ էր գործում «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Ժոաու Բրավիմը։ Առաջին 45 րոպեների ընթացքում թիմերին չհաջողվեց բացել հանդիպման հաշիվը:
Երկրորդ խաղակեսում երկու թիմերն էլ ավելի շատ հարվածներ կատարեցին: 92-րդ րոպեին «Ունիվերսիտատեա Կրայովայի» ֆուտբոլիստի կողմից սեփական տուգանային հրապարակում կոպիտ խաղի համար մրցավարը 11-մետրանոց հարված նշանակեց: Սանդրո Լիման չկարողացավ անվրեպ իրացնել հարվածը, սակայն մրցավարը արձանագրեց կանոնների խախտում և պահանջեց կրկնել տասնմեկմետրանոցը: Երկրորդ փորձից Սանդրո Լիմայի հարվածը դարձյալ հետ մղեց մրցակցի դարպասապահը, սակայն հարձակվողը կարողացավ անդրադարձից հետո գնդակն ուղարկել դարպասը՝ խաղի միակ ու հաղթական գոլը խփելով (երկու խաղերի արդյունքով՝ 2:1):
Այսպիսով, «Արարատ-Արմենիան» ապահովեց իր տեղը Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլում՝ արձանագրելով հայկական ակումբային ֆուտբոլի մեծագույն նվաճումներից մեկը միջազգային ասպարեզում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել