167 մլն դրամ՝ պարապուրդի համար․ որքան են արժենում դատավորների ձգձգվող քրեական գործերը
Տարիներով ձգձգվող քրեական վարույթների պատճառով պետական բյուջեն շարունակում է հսկայական ֆինանսական բեռ կրել։ 2020թ-ից մինչև 2026թ. օգոստոսի 18-ը մոտ 167 մլն դրամ է վճարվել լիազորությունները կասեցված և քրեական վարույթներով անցնող 6 դատավորի: Նրանք ամեն ամիս ստանում են ոչ աշխատողի մեղքով հարկադիր պարապուրդի համար փոխհատուցում: Մինչդեռ նրանց նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթները տարիներով առաջ չեն գնում:
2026թ. օգոստոսի 18-ի դրությամբ կասեցված են Սնանկության երեք դատավորի՝ Արա Կուբանյանի, Գևորգ Նարինյանի, Տիգրան Փոլադյանի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի և Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի լիազորությունները:
2022թ-ի հոկտեմբերից կասեցված էր նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները, սակայն նա հրաժարականի դիմում է ներկայացրել, և Բարձրագույն դատական խորհուրդը նրա լիազորությունները 2026թ. օգոստոսի 14-ից դադարեցրել է:
Դատավորների լիազորությունների կասեցումը պայմանավորված է նրանց նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթներով։ Չնայած առաջադրված մեղադրանքներին՝ մինչև դատարանի վերջնական ակտը նրանք համարվում են անմեղ։
Անմեղության կանխավարկածից բխող իրավական երաշխիքներից մեկն էլ պարապուրդի փոխհատուցումն է։ Դատական օրենսգրքի համաձայն՝ լիազորությունների կասեցման ընթացքում դատավորները վարձատրվում են որպես ոչ իրենց մեղքով պարապուրդում գտնվող աշխատողներ։ Ըստ Աշխատանքային օրենսգրքի՝ այդ հատուցումը կազմում է նրանց միջին ժամային աշխատավարձի երկու երրորդը։
Սակայն քրեական գործերի քննությունը հաճախ տարիներ է տևում։ Արդյունքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ դատավորը չի իրականացնում իր լիազորությունները, բայց անմեղության կանխավարկածի ուժով շարունակում է վարձատրվել։
Մի կողմից՝ սա դատավորի անկախության կարևոր երաշխիք է, որպեսզի մինչև վերջնական դատավճիռը նրա նկատմամբ պատժիչ միջոցներ չկիրառվեն։ Մյուս կողմից՝ ծագում է արդարացի հարց. որքանո՞վ է ողջամիտ տարիներ շարունակ հանրային միջոցներ ծախսել դատական գործառույթ չիրականացնող անձանց վրա։
Ամենաերկարը Սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանի և Գևորգ Նարինյանի լիազորություններն են կասեցված՝ 2020 թվականի հուլիսի 21-ից։ Արդեն ավելի քան վեց տարի է՝ նրանք գտնվում են այս կարգավիճակում, մինչդեռ նրանց վերաբերյալ քրեական գործերը դեռևս վերջնական լուծում չեն ստացել։
Նարինյանին և Կուբանյանի վերաբերող քրեական գործը դատարան է ուղարկվել 2022թ-ի ապրիլին: 4 տարի քննություն է գնում միայն առաջին ատյանի դատարանում: Չի բացառվում, որ դատավճիռ կայացվելուց հետո դժգոհ մնացած կողմը բողոքարկի վերադասության կարգով: Առնվազն մեկ տարի էլ վերադաս դատարաններում կքննվի: Սակայն, դեռ պարզ չէ, թե երբ քննությունը կավարտվի առաջին ատյանում:
2023թ-ի դեկտեմբերից կասեցված է նաև Սնանկության դատարանի մեկ այլ դատավոր՝ Տիգրան Փոլադյանի լիազորությունները: Դատավորի քրեական գործը 2024թ. հունվարից քննվում է Հակակոռուպցիոն դատարանում, սակայն դատավճիռ դեռ կայացված չէ:
Վեց տարվա ընթացքում այս անորոշության գինը պետական բյուջեի համար արժեցել է մոտ 167 մլն դրամ։ Գումարը վճարվել է դատավորների երաշխիքների շրջանակում, սակայն որքան երկար են ձգվում նրանց վերաբերյալ քրեական գործերը, այնքան երկար է պահպանվում նաև այս ծախսը։ Դրա վկայությունն է նաև այն, որ տարեցտարի վճարվող գումարի չափը մեծանում է: Արդյունքում այն, ինչ նախատեսված է որպես դատավորի իրավական պաշտպանության երաշխիք, երկարատև դատավարության պայմաններում վերածվում է նաև պետության համար շարունակական ֆինանսական պարտավորության։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել