HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Կարապետյանին և «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Ալեքսան Ալեքսանյանին վերաբերող քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Գործը մակագրվել է դատավոր Լևոն Պետրոսյանին։

Նշենք, որ Ալեքսան (Ալիկ) Ալեքսանյանը 2026թ. հունիսի 3-ից կալանավորված է, իսկ Նարեկ Կարապետյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք և 1 միլիարդ դրամ գրավ խափանման միջոցները:

Ալեքսան Ալեքսանյանը մեղադրվում է այն բանում, որ լինելով «Մեր ձևով» ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպության և «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործադիր մարմնի ղեկավարը ու «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուն, նա «Տաշիր Կապիտալ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Նարեկ Կարապետյանի և այլ անձանց հետ ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն։

Ըստ մեղադրանքի՝ նրանց նպատակն է եղել ապօրինի գործունեության միջոցով ազդել 2026թ. հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների ընթացքի և արդյունքների վրա, «Ուժեղ Հայաստան» կուսակցության և հետագայում դրա հիման վրա ձևավորված դաշինքի օգտին առավել շատ ձայներ ապահովել, ինչպես նաև այդ քաղաքական ուժի աջակիցների մեծ թվաքանակի տպավորություն ստեղծել։

Մեղադրանքի համաձայն՝ Ալեքսանյանը և Նարեկ Կարապետյանը նախապես համաձայնության են եկել և 2025թ. սեպտեմբերի 9-ին ստեղծել «Մեր ձևով» ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպությունը։ Այն ստեղծվել է ոչ թե կանոնադրությամբ սահմանված նպատակներն իրականացնելու, այլ իրական նպատակը քողարկելու համար։ 

Մեղադրանքի համաձայն՝ կազմակերպության միջոցով քաղաքացիներին նյութապես շահագրգռել են հավաքներին մասնակցելու, ինչպես նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության և հետագայում ձևավորված դաշինքի օգտին ընտրական գործընթացներին աջակցելու նպատակով։ Այդ սխեմայի միջոցով շրջանցվել են այն սահմանափակումները, որոնց պատճառով Նարեկ Կարապետյանի և նրա ընտանիքի հետ փոխկապակցված «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, «Ինտեկո էներգո» և «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ները չէին կարող քաղաքական կամ ընտրական նպատակներով գումարներ փոխանցել տարբեր անձանց և կազմակերպություններին։

Ըստ մեղադրանքի՝ կազմակերպության միջոցով իրականացված գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։ Բացի այդ, Ալեքսան Ալեքսանյանը, Նարեկ Կարապետյանը և այլ անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական լիազորություններն ու դրանցից բխող ազդեցությունը, կատարել են առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ստեղծումը և կազմակերպության գործունեությունը

2025թ. դեկտեմբերի 8-ին գրանցվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ Նարեկ Կարապետյանը, որպես «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, ղեկավարել է ընկերության ընթացիկ գործունեությունը և տնօրինել դրա գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները։

Ըստ մեղադրանքի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի և «Մեր ձևով» կազմակերպության մյուս գրասենյակների աշխատանքը Ալեքսանյանի հետ համատեղ փաստացի ղեկավարել և համակարգել է Նարեկ Կարապետյանը։ «Մեր ձևով» կազմակերպության կանոնադրությամբ դրա նպատակներն էին, մասնավորապես, ազգային բարեկեցության ծրագրերի իրականացումը, հայ ընտանիքի արժեքների պահպանումն ու ամրապնդումը, երիտասարդության դաստիարակությունն ազգային, հոգևոր և բարոյական արժեքների հիման վրա, քաղաքացիական հասարակության զարգացումն ու ազգային ինքնության պահպանումը։ Սակայն, ըստ մեղադրանքի, կազմակերպության իրական նպատակը դրանից տարբերվել է։ Այն ստեղծվել և օգտագործվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության և հետագայում ձևավորված դաշինքի քաղաքական ու նախընտրական գործունեությանը աջակցելու, ինչպես նաև հավաքներին մասնակցելու համար քաղաքացիներին նյութապես շահագրգռելու նպատակով։

Մեղադրանքի համաձայն՝ այդ գործունեության համար օգտագործվել են հասարակական կազմակերպություն մուտքագրված, հանցավոր ծագում ունեցող ֆինանսական միջոցները։ 2025թ. սեպտեմբերի 10-ից մինչև 2026թ. փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տարբեր համայնքներում, այդ թվում՝ Երևանում, բացվել է «Մեր ձևով» կազմակերպության 114 գրասենյակ։ Այդ տարածքների սեփականատերերի հետ վարձակալության պայմանագրերը կնքել է Ալեքսան Ալեքսանյանը կամ նրա լիազորած անձը։

Ըստ մեղադրանքի՝ այդ գրասենյակները չեն օգտագործվել հասարակական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակների համար։ Դրանք փաստացի ծառայել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործունեության կազմակերպմանը, այդ թվում՝ որպես կուսակցության գրասենյակներ և նախընտրական շտաբեր։ Նույն ժամանակահատվածում, ըստ մեղադրանքի, այդ կառույցի միջոցով կազմակերպվել է քաղաքացիների նյութական շահագրգռումը՝ հավաքներին մասնակցելու և «Ուժեղ Հայաստան» կուսակցության, իսկ հետագայում՝ կուսակցությունների համանուն դաշինքին աջակցելու նպատակով։

Նշենք, որ թե՛ Ալեքսան Ալեքսանյանը, թե՛ Նարեկ Կարապետյանը առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ Նրանց դիտարկմամբ՝ իրենց նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter