HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դենիս Կացիվի պատասխանը «Հետքի» հրապարակմանը

Ընդհանուր առմամբ, Հոդվածը / հրապարակումը կրում է միակողմանի՝ հիմնականում մեղադրական բնույթ։ Օգտագործված աղբյուրներում տեղ գտած տեղեկատվության հավաստիությունը ստուգված չէ, ինչի արդյունքում հրապարկվել է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, որը որևէ կերպ չի բխում շվեյցարական իրավապահ մարմինների որոշումներից և դատական ակտերից, վնասում է Դենիս Կացիվի պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին։

Այսպես, Շվեյցարիայի իրավապահ մարմինները 03.03.2011թ. անհայտ անձանց նկատմամբ հարուցված թիվ SV.11.0049-KOD քրեական գործի շրջանակներում մի ամբողջ տասնամյակ, ի թիվս այլոց, հանգամանորեն քննել են նաև Դենիս Կացիվի և վերջինիս հետ փոխկապակցված ընկերությունների գործունեության և դրամական միջոցների օրինականության հարցը։ Արդյունքում, 2021 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ (Շվեյցարիայի գլխավոր դատախազի գրասենյակ) արձանագրվել է, որ Դ. Կացիվի անձնական հաշվիների նկատմամբ կիրառված բոլոր սահմանափակումները ենթակա են վերացման՝ առանց որևէ բռնագանձում կիրառելու։ Միաժամանակ, նույն որոշմամբ սահմանվել է, որ Դ. Կացիվի հետ փոխկապակցված երեք ընկերություններից միայն մեկի (Prevezon Holdings LTD) հաշիվներից է ենթակա բռնագանձման մոտ 50 հազար ԱՄՆ դոլար և մոտ 22 հազար եվրո, իսկ  մնացած գումարների մասով բոլոր սահմանափակումները հանվել են։

Ավելին, Շվեյցարիայի գլխավոր դատախազի գրասենյակի վերը նշված որոշմամբ որոշվել է նաև Դ. Կացիվին և նրա հետ փոխկապակցված ընկերություններին տրամադրել փոխհատուցում՝ երկարատև քննության հետևանքով պատճառված վնասների և կրած ծախսերի համար։

Դրանից հետո ընթացող դատական գործընթացները նախաձեռնվել են հենց Դ. Կացիվի և իր հետ փոխկապակցված ընկերությունների կողմից՝ չհամաձայնվելով Prevezon Holdings LTD ընկերությունից գումարի բռնագանձման և հատկացված փոխհատուցման գումարի չափերի հետ։

Այսինքն, ընդհանուր առմամբ, Դ. Կացիվի և իր հետ փոխկապակցված ընկերությունների նախաձեռնությամբ դատական քննության և ստուգման առարկա են դարձվել հետևյալ երեք հարցերը.

  1. Prevezon Holdings LTD ընկերությունից մոտ 50 հազար ԱՄՆ դոլար և 22 հազար եվրո բռնագանձելու օրինականությունը և հիմնավորվածությունը.
  2. Դ. Կացիվին և նրա հետ փոխկապակցված ընկերություններին տրամադրվելիք փոխհատուցումների չափը.
  3. Դ. Կացիվին և նրա հետ փոխկապակցված ընկերություններին փոխհատուցվելիք՝ փաստաբանի վարձատրության չափը։

Արդյունքում, Շվեյցարիայի դաշնային բարձագույն դատարանի 2025 թվականի դեկտեմբերի 5-ի նախադեպային որոշմամբ արձանագրվել է, որ փողերի լվացման հետ կապված գործերով, այն դեպքում, երբ ապօրինի գործունեությունից առաջացած կամ չպարզված ծագում ունեցող դրամական միջոցները միախառնվում են օրինական ծագում ունեցող դրամական միջոցներին, դա չի հանգեցնում օրինական միջոցների «կեղտոտման»՝ որևէ համամասնությամբ։ Շվեյցարիայի դաշնային բարձագույն դատարանը գտել է, որ նմանատիպ դեպքերում կիրառելի է մնացորդային հաշվարկի մեթոդը։

Նշված որոշման արդյունքում վերահաշվարկման / վերագնահատման ենթակա է դարձել միայն Prevezon Holdings LTD ընկերությանը կատարված երկու փոխանցումները (հենց փոխանցող ընկերության մոտ), որից հետո միայն կարելի կլինի է քննարկել Prevezon Holdings LTD ընկերության հաշվեհամարներին առկա դրամական միջոցների կարգավիճակը:

Հատկանշական է, որ Շվեյցարիայի գլխավոր դատախազի գրասենյակի 2021 թվականի հուլիսի 21-ի որոշումից հետո վերը նշված դատական ակտերով չի փոխվել Դենիս Կացիվի անձնական հաշիվներում առկա դրամական միջոցների օրինական կարգավիճակը՝ ստուգված և ազատ որևէ սահմանափակումից։

Հարկ է նշել նաև, որ Հոդվածում որպես ««Մագնիտսկու գործով» տասնամյակներ շարունակ հետաքննություններ նախաձեռնող և Շվեյցարիայում առաջին քրեական բողոքը ներկայացրած» հիշատակվող Hermitage Capital Management Ltd-ն Շվեյցարիայի իրավապահ մարմինների որոշումների և դատական ակտերի արդյունքում զրկվել է մասնավոր հայցվորի կարգավիճակից։

Մասնավորապես, 2022 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ (BB.2021.193–197) Բողոքների քննության պալատը հաստատել է մասնավոր հայցվորի կարգավիճակի հետկանչը՝ արձանագրելով, որ Hermitage-ը չի ապացուցել ենթադրյալ իրավախախտումների հետևանքով իրեն պատճառված անմիջական և անձնական վնասի առկայությունը։ Այնուհետև, 2025 թվականի հունվարի 21-ին կայացված և 2025 թվականի հունվարի 30-ին հրապարակված 7B_60/2022 որոշմամբ Շվեյցարիայի Դաշնային բարձրագույն դատարանն ամբողջությամբ մերժել է Hermitage-ի բողոքը և ուժի մեջ է թողել Դաշնային քրեական դատարանի որոշումը՝ վերահաստատելով, որ Hermitage Capital Management Ltd-ն չի կարող համարվել մասնավոր հայցվոր, քանի որ չի ապացուցել, որ ենթադրյալ իրավախախտումների հետևանքով անմիջականորեն և անձամբ տուժել է։ Նշված որոշումը վերջնական է, պարտադիր և ենթակա չէ հետագա դատական բողոքարկման։

Վերը ներկայացվեց շվեյցարական իրավապահ մարմինների որոշումներում և դատական ակտերում ամփոփված տեղեկատվությունը, մինչդեռ հոդվածում հրապարկված տեղեկատվությունը չի համապատասխանում դրանց։

Չնայած Հոդվածում հրապարակված տեղեկատվության մի մասը հղումներ են այլ աղբյուրների, որոնց կողմից ի սկզբանե խեղաթյուրված են փաստերը, այնուամենայնիվ, անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ հոդվածում տեղ գտած այն դրույթներին, որոնք հեղինակի ենթադրություններն ու եզրահանգումներն են, սակայն չեն բխում գործի փաստերից։

Մասնավորապես, հրապարակմամբ նշվել է.

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) արձանագրել է՝ պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցի գործարար Դենիս Կացիվին (Denis Katsyv) հաջողվել է մոտ 6,5 միլիոն ֆրանկ դուրս բերել շվեյցարական բանկերից և դրանք տեղափոխել Իսրայել և Հայաստան։ Վեհաժողովում քննարկվել է, թե ինչպես է Շվեյցարիայի դատարանների սխալը Դենիս Կացիվին հնարավորություն տվել այդ երկրից տեղափոխել գումարները»։

Նշված պնդումները փաստական բավարար հիմքեր չունեն և ընթերցողի մոտ ձևավորում են իրականությանը չհամապատասխանող պատկերացում։

Նախ և առաջ, Դենիս Կացիվը ընդգրկված չէ ԱՄՆ-ի (OFAC-ի հիմնական սանկցիոն ցուցակներում (SDN, SSI, NS-MBS և այլն)), Եվրամիության կամ Միացյալ Թագավորության հանրային սանկցիոն ցուցակներում։ Հետևաբար, նրան որպես «պատժամիջոցների տակ գտնվող անձ» ներկայացնելը չի համապատասխանում իրականությանը։ Այս փաստը հեշտությամբ կարելի է ստուգել հանրային հասանելի և պաշտոնական աղբյուրներից։

Երկրորդ, Շվեյցարիայի դաշնային բարձրագույն դատարանի որոշմամբ որևէ կերպ չի փոփոխվել  Դենիս Կացիվի անձնական բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների կարգավիճակը և դրանց վերաբերյալ իրավապահ մարմինների գնահատականը։

Հոդվածում նշվել է. «Շվեյցարիայի դաշնային դատարանը արդեն իսկ հաստատել է, որ Կացիվի հաշիվների միջոցները հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներ են։ Իսրայել փոխանցվել է 6մլն, Հայաստան՝ 524,000 շվեյցարական ֆրանկ (մոտ $592,000)»:

Այս ձևակերպումը չի համապատասխանում շվեյցարական դատական ակտերի բովանդակությանը և ընթերցողին որպես հաստատված փաստ է ներկայացվում այնպիսի հանգամանք, որը որևէ դատարանի կողմից չի արձանագրվել։

Առկա չէ շվեյցարական որևէ դատական ակտ (օրինական ուժի մեջ մտած կամ չմտած), որով Դենիս Կացիվի բանկային հաշիվներում գտնվող միջոցները ճանաչված լինեն որպես հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներ։

Հոդվածում նշվել է. «Փետրվարի 12-ին՝ գումարների փոխանցման օրը, Շվեյցարիայի Գերագույն դատարանն արդեն իսկ բեկանել էր Կացիվի օգտին կայացված նախկին որոշումը և պահանջել էր վերահաշվարկել բռնագանձման ենթակա գումարները։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ գումարները Հայաստան են տեղափոխվել՝ Շվեյցարիայում դրանց հնարավոր կալանքից խուսափելու համար»։

Այս հատվածում ներկայացված են խեղաթյուրված փաստեր, ուստի դրանց հիման վրա արված եզրակացությունն անհիմն է, որը, սակայն, ներկայացվում է ընթերցողին որպես իրականություն՝ առանց որևէ ապացուցողական հիմքի։

Ինչպես վերը ներկայացվեց, Դենիս Կացիվն ինքն է բողոքարկել դատարանի 21.07.2021թ. որոշումը՝ Prevezon Holdings LTD ընկերության հաշիվներից  բռնագանձման ենթակա մոտ 50 հազար ԱՄՆ դոլար և մոտ 22 հազար եվրո գումարի հաշվարկը կատարելու ընթացքում կիրառված մեթոդաբանության մասով, և Շվեյցարիայի Դաշնային բարձրագույն դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ բեկանել է ստորադաս դատարանի որոշումը՝ վերահաշվարկման / վերագնահատման ենթակա դարձնելով միայն Prevezon Holdings LTD ընկերությանը կատարված երկու փոխանցումները՝ (հենց փոխանցող ընկերության մոտ), որից հետո միայն կարելի կլինի քննարկել Prevezon Holdings LTD ընկերության հաշվեհամարներին առկա դրամական միջոցների կարգավիճակը։

Ինչ վերաբերում է Հայաստան տեղափոխված գումարներին, դրանք Դենիս Կացիվի անձնական հաշվից տեղափոխված գումարներ են, որոնց օրինական կարգավիճակը ստուգված է, և որոնք ազատ են որևէ սահմանափակումից։

Այսինքն, հեղինակի ենթադրությունը, որ գումարները Հայաստան են տեղափոխվել՝ Շվեյցարիայում դրանց հնարավոր կալանքից խուսափելու համար, որևէ աղերս չունի իրականության  հետ, և որևէ կերպ չի բխում կայացված դատական ակտերից։

Տես նաև՝

Գլխավոր լուսանկարը՝ kp.ru-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter