HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հաղթողներին չե՞ն դատում

Երեկ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնության ընտրական փուլի մրցաշարերում: Մալթայի դաշտում մեր թիմը նվազագույն հաշվով հաղթանակ տարավ: Իհարկե, հաղթանակը սպասելի էր, բայց որակապես ոչ այն խաղով, ինչ տեսանք երեկ: Ոմանց համար գուցե դժգոհության տեղիք տվեց նաեւ հաշիվը:

Չմոռանալով, որ մեր թիմը նախորդ երեք հանդիպումներում էլ մալթացիներին հաղթել է նվազագույն հաշվով, ու նաեւ այն, որ մալթացիներն ամենեւին էլ գաճաճ Անդորրա կամ Սան Մարինո չեն, այդուհանդերձ պետք է ասել, որ հայ երկրպագուներից երեւի թե ոչ մեկ չէր սպասում, որ հայ ֆուտբոլիստներն այսքան նյարդեր կքայքայեն կղզեաբնակների հետ խաղում:

Մալթան բավականին անդուր ֆուտբոլ էր ցուցադրում. ֆուտբոլիստները շարունակ նետվում էին մրցակցի ոտքերի տակ կամ նույնիսկ վրա՝ չխուսափելով խախտել կոնոնները: Իր կարգից բարձր թիմի դեմ խաղում այս ոճը նման մակարդակի թիմի պարագայում պետք էր սպասելի համարել: Սակայն խնդիրն այստեղ առաջին հերթին մեր թիմի խաղն է: Ուղղակի անկարելի է զուգահեռներ տանել երեկվա խաղի ու «Եվրո-2012»-ի ընտրական շրջափուլի հանդիպումների միջեւ, երբ մերոնք խաղում էին շատ ավելի  ուժեղ մրցակցիների դեմ ու գեղեցիկ ձեւով հաղթում: Ամբողջ հանդիպման ընթացքում փոխանցումների խոտանը շարունակվեց, հայ ֆուտբոլիստները չէին գործում իրենց հատուկ կարճ ու միջին ցածր փոխանցումների մարտավարությամբ, փոխարենը երբեմն գնդակն անտեղի օդ էին բարձրացնում ու դժվարություններ առաջացնում իրենք իրենց համար: Թիմային արագությունն այն չէր, չտեսանք եզրային սուր ճեղքումներ, որոնց համար առաջին հերթին պատասխանատու էին եզրային կիսապաշտպանները:

Պաշտպանությունը երբեմն խուճապի էր մատնվում, ինչն ուժեղ թիմերի դեմ խաղում անթույլատրելի է: Ուզենք, թե չուզենք, արդեն նկատվում է, որ թիմի ավագ Սարգիս Հովսեփյանը, ով նոյեմբերին կբոլորի 40-ամյակը, այլեւս չունի իր նախկին արագությունը: Սարգիսը մի քանի դրվագում երբ փորձեց եզրով առաջ ընթանալ, կորցրեց գնդակը, մեկ անգամ էլ ստիպված խախտեց կանոնները ու դեղին քարտ ստացավ: Մարզչական շտաբի առաջ Սարգսին արժանի փոխարինող գտնելու խնդիր կա արդեն այսօր: Ներկայիս թիմում նրա տեղը կարող է լրացնել Ալեքսը, որը աջ պաշտպան խաղալու փորձ ունի, կարելի է փորձարկել նաեւ Վալերի Ալեքսանյանի տարբերակը: Երիտասարդականի կազմում էլ արժանիներ կան, որոնք միջազգային փորձ ունեն, բայց իհարկե չեն հասնի Հովսեփյանին: Ռոբերտ Արզումանյանի վնասվածքն էլ, ըստ էության, բխում է խաղային պրակտիկայի պակասից. Ռոբերտը մի քանի դրվագում հաջող գործեց, չնայած փաստենք, որ մի կողմից՝ պաշտպանությունը մեծ անելիքներ չուներ երեկվա խաղում, մյուս կողմից՝ կարծես չկար այն վստահությունը, ինչ նախորդ մրցափուլում:

Ոմանք կարող են ասել, որ սա առաջին խաղն էր, կար հուզմունք, 3 միավոր վաստակելու պարտավորության զգացում, բայց մի՞թե ամբողջ 90 րոպե, այն էլ Մալթայի դեմ խաղում: Սա այն դեպքը չէ, երբ կարելի է ասել՝ հաղթողներին չեն դատում: Փաստ է՝ սա այն խաղը չէր, որին սպասում էր հայ մարզասերը: Միավորը՝ միավոր, բայց գոնե նման խաղերում պետք է գործել ավելի համարձակ ու վստահ:

Զարմանալի էր, որ թե Յուրա Մովսիսյանը, թե Հենրիխ Մխիթարյանը երբեմն հապաղում էին, ինչը մալթացի պաշտպաններին հնարավորություն էր տալիս վայրկյան առաջ նետվել գնդակի դեմ ու փակել դրա ճանապարհը: Եղավ երկու նման դրվագ, երբ թե Յուրան, թե Հենրիխը փորձեցին գնդակը հարմարեցնել ձախ ոտքին, ու մրցակիցն օգտվեց դրանից:

Ֆուտբոլիստների որակներին ամենալավը ծանոթ են հենց մարզիչները, սակայն զարմանալի էր, որ հարձակողական գործողությունները սրելու համար Եդիգարյանին փոխարինեց Մանոյանը, որը մինչ խաղը խոստովանել էր, որ լավ մարզավիճակում չէ: Դա տեսանք նաեւ դաշտում, երբ մի քանի անգամ Դավիթը կորցրեց գնդակը, նաեւ խախտեց կանոնները: Գուցե ավելի ճիշտ կլիներ դաշտ դուրս բերել Զավեն Բադոյանին կամ Կամո Հովհաննիսյանին, որոնք նույնպես առաջ միտված լավ կատարողներ են:

Արթուր Սարկիսովին կարելի է թիմի կախարդական փայտիկ համարել: Այս տղան, փոխարինման դուրս գալով, իր արագությամբ ու ճարպկությամբ մրցակցի պաշտպանների հոգնածության ֆոնին միշտ կարողանում է բարդ խնդիրներ առաջադրել նրանց: Արթուրն իր նախորդ երկու գնդակները խփել էր հենց փոխարինման մտնելով, ընդ որում՝ դրանք 4-րդ գնդակներն էին՝ մեկը՝ սլովակների, մյուսը՝ մակեդոնացիների դարպասը: Այս անգամ էլ Սարկիսովն իր արագությամբ գերազանցեց պաշտպանին ու առաջինը հասավ Մովսիսյանի փոխանցմանը: Վարպետորեն խփված գեղեցիկ գոլ էր:

Այնուամենայնիվ, պետք է արդեն մտածել բուլղարների հետ խաղի մասին, որը կկայանա առաջիկա երեքշաբթի՝ Սոֆիայի «Վասիլ Լեւսկի» մարզադաշտում: Բուլղարներն առաջին խաղում 2-2 խաղացին խմբի առաջատար իտալացիների հետ, ինչը անակնկալ էր: Երիտասարդներով համալրված բուլղարական թիմը հաստատ նվեր չէ ոչ մեկի համար: Ավելին՝ Բուլղարիան Մալթա չէ, եւ ուրեմն այն մեծ ու փոքր թերությունները, որ կային առաջին խաղում, Վարդան Մինասյանի կոլեկտիվը այս օրերին պետք է շտկի ու Սոֆիայում ցուցադրի այն խաղը, որին արդեն սովորել է հայ ֆուտբոլասերը:         

Լուս.՝ uefa.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter