Աղավնատան 360 մլն դրամանոց մանկապարտեզի բացումը հետաձգվել է մեկ տարով
Վաղարշապատ համայնքի Աղավնատուն գյուղում նոր մանկապարտեզի շինարարությունը, որը նախատեսվում էր ավարտել 2026 թ․ հունիսին, այս տարի չի ավարտվի։ Կառավարության որոշմամբ՝ աշխատանքների վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թ․ հունիսի 30-ը։ Այսինքն՝ գյուղի երեխաները նոր մանկապարտեզի բացմանը ստիպված կլինեն սպասել ևս մեկ տարի։
Մանկապարտեզի շենքի կառուցումը սկզբում իրականացվում էր գյուղի բարերար Վահան Ավագյանի ֆինանսավորմամբ։ Այդ փուլում արդեն կառուցվել էին շենքի հիմնական պատերը, աստիճանները և երկրորդ հարկի առաստաղը։ Սակայն հետագայում պարզվել է, որ նախագիծը չի համապատասխանում սահմանված նորմերին, և շինարարությունը շարունակվել է պետություն-համայնք համաֆինանսավորմամբ՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակում։
Խոյի համայնքապետարանը, դեռևս մինչև Վաղարշապատ համայնքին միանալը, 2024 թ․ օգոստոսի 5-ին շինարարության համար պայմանագիր է կնքել «Ստարտ Քոնսթրուքտ» ՍՊԸ-ի հետ։ Աշխատանքները սկսվել են նույն տարվա նոյեմբերի 15-ին։ Ծրագրի ընդհանուր արժեքը 360 մլն 194 հազար դրամ է, որից շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը՝ 346 մլն 778 հազար դրամ։
Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է 30/70 համամասնությամբ․ 30 տոկոսը վճարում է համայնքը, իսկ 70 տոկոսը՝ Կառավարությունը։
Ինչո՞ւ է մանկապարտեզը մեկ տարի ուշ բացվելու
Վաղարշապատ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի փոխանցմամբ՝ շինարարության ժամկետի երկարաձգումը մի քանի հանգամանքով է պայմանավորված Մասնավորապես՝ անհրաժեշտ է եղել ստանալ շենքի գազամատակարարման տեխնիկական պայմանները, նախագծում կատարել համապատասխան փոփոխություններ, ինչպես նաև իրականացնել մանկապարտեզի բակի ոռոգման համակարգի մոնտաժման աշխատանքներ։ Սակայն այստեղ առաջանում է պարզ հարց․ եթե խոսքը նոր կառուցվող մանկապարտեզի մասին է, ինչո՞ւ է գազամատակարարման տեխնիկական պայմանների և նախագծային փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել է այն փուլում, երբ շինարարությունը պետք է արդեն ավարտված լիներ։ Արդյունքում՝ այն, ինչ համայնքի համար պետք է դառնար 2026 թ․ աշնան կարևոր ենթակառուցվածքային ձեռքբերում, տեղափոխվել է 2027 թ.:
Արգիշտի Մեխակյանը հավաստիացնում է, որ նախատեսված ժամկետից շուտ հնարավոր է շահագործման հանձնել մանկապարտեզը, սակայն սա ընդամենը լավատեսություն է։
Մանկապարտեզի գույքն ու սարքավորումները նույնպես նախատեսվում է ձեռք բերել սուբվենցիոն ծրագրով՝ նույն՝ 30 տոկոս համայնք և 70 տոկոս Կառավարություն համաֆինանսավորման սկզբունքով։ Նախահաշվային արժեքը 37 մլն 104 հազար դրամ է։
Թեև շենքի շինարարության ավարտին դեռ առնվազն ամիսներ կան, համայնքապետարանն արդեն պատրաստվում է գույքի և սարքավորումների ձեռքբերման մրցույթին։ Արգիշտի Մեխակյանի խոսքով՝ մրցույթի նախապատրաստական փուլն ընթացքի մեջ է, և այն շուտով կհրապարակվի։
Ի դեպ, այս մանկապարտեզ են հաճախելու ոչ միայն Աղավնատուն գյուղի, այլև հարևան Դողս, Ամբերդ, Լեռնամերձ գյուղերի երեխաները, որոնք նույնպես սպասում են մանկապարտեզի բացմանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել