HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքէջից:

«Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի և հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար:

«Այստեղ, և՛ Ձեր անձնական ներդրումը կա, և՛ դեսպանատան, և՛, իհարկե, ամենակարևորը՝ մեր երկու երկրների ղեկավարների մտերմիկ, ջերմ, անձնական հարաբերությունները: Մենք չենք կարող սա մոռանալ, որովհետև, իրականում, այն, ինչը տեղի ունեցավ 2022 թվականին, Պրահայից հետո և նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ և հովանավորությամբ, դա հայաստանյան նորագույն պատմության սկիզբն է: Այն վերջնական գիտակցումն էր, որ մենք պետք է լինենք ինքնիշխան, ինքնուրույն որոշումներ ընդունենք, մարտահրավերներին պատրաստ լինենք և այդտեղ նաև կար Ֆրանսիայի բացարձակ աջակցությունը» ,- նշել է նախագահը:

Նախագահ Խաչատուրյանը հատկապես կարևոր է համարել Հայաստանի և Ֆրանսիայի միջև 2022 թվականից հետո սկսված գործակցությունը անվտանգության և պաշտպանության բնագավառում:

Դեսպան Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել ընդունելության և գնահատանքի համար, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին փոխանցելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բարեմաղթանքները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բազմաշերտ և դինամիկ զարգացող համագործակցության հետագա խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր։

Նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի հետևողական աջակցությունը Հայաստանին և ընդգծել, որ երկկողմ հարաբերությունների օրակարգը ներառում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք կարևոր ուղղություններ։ Այս համատեքստում կարևոր է համարվել հատկապես պաշտպանական և տնտեսական ոլորտներում համագործակցության առաջմղումը, ինչպես նաև առկա հնարավորությունների առավել արդյունավետ օգտագործումը։

Անդրադառնալով հայ-ֆրանսիական համագործակցության լայն շրջանակին՝ ընդգծվել է ապակենտրոնացված համագործակցության արդյունավետությունը։ Նշվել է, որ համայնքների և տարածաշրջանների միջև ձևավորված կապերը կարևոր դեր ունեն երկու երկրների միջև գործընկերության խորացման, նոր նախաձեռնությունների ձևավորման և համագործակցության օրակարգի ընդլայնման գործում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, համագործակցության նոր ուղղությունների ձևավորմանն ու առկա ներուժի իրացման հնարավորություններին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter