Պատգարակով դատարան տեղափոխված Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին 2 ամսով կալանավորել։
Քննչական կոմիտեն 2026թ. սեպտեմբերի 1-ին հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի, վերջինիս որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։
«Քրեական վարույթի շրջանակում որոշում է կայացվել՝ դատարան ներկայացնելու համար Գագիկ Խաչատրյանին ձերբակալելու վերաբերյալ»,- նշված էր ՔԿ հաղորդագրությունում։
Դրանից ժամեր անց Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ներխուժել են Գագիկ Խաչատրյանի տուն և նրան ձերբակալել։ Տարածված տեսանյութում երևում է, որ Գ. Խաչատրյանը պառկած է անկողնում, վատառողջ է, և չի կարողանում տեղաշարժվել։ Մինչդեռ իրավապահ մարմինների ներկայացուցիչները նրան դնում են պատգարակի վրա և տանում Հակակոռուպցիոն դատարան՝ անտեսելով ցավից նրա գոռոցները։
Գլխավոր դատախազությունն էլ հաղորդագրություն է տարածել, որ դատախազի՝ 2026թ. օգոստոսի 29-ի որոշմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, 2026թ. հունիսի 7-ին հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխվել և լրացվել է, ինչպես նաև նրա նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում: Ըստ որի՝ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը և դրա շարժընթացի ու շրջանառության հետևանքով ստացված եկամուտները ներդրվել են օրինական շրջանառության մեջ, ստացել օրինական տեսք և թաքցվել է դրանց իրական բնույթը, ծագման աղբյուրը և շարժը։
Դատախազությունը հայտնում է նաև, որ 2026թ. օգոստոսի 24-ին ստացվել են Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ 2025թ. հունիսի 19-ին և 2026թ. հունիսի 22-ին նշանակված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների արդյունքները:
Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների արդյունքներով արձանագրվել է, որ Գ.Խաչատրյանը կարիք չի ունեցել վիրահատական միջամտության, դրա անհրաժեշտությունը ներկա պահին կարող է դիտարկվել Գ.Խ.-ի ՄՌՏ հետազոտության ենթարկվելուց հետո (Գ.Խ.-ն հրաժարվել է ՄՌՏ հետազոտությունից):
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը հայտարարել է, որ նրա կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար ներպետական իրավական միջոցները փաստացի սպառվել են։
Փաստաբանների պնդմամբ՝ 71-ամյա Գագիկ Խաչատրյանը պատշաճ բժշկական օգնություն չի ստանում և ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի ու խոշտանգման։
Փաստաբանական խմբի փոխանցմամբ՝ միայն վերջին երեք ամիսների ընթացքում Խաչատրյանին երկու անգամ կիսագիտակից վիճակում՝ պատգարակով, տեղափոխել են քննչական գործողությունների մասնակցելու։ Նրա առողջական ծանր վիճակի պայմաններում քննչական գործողությունները շարունակվել են օրեր շարունակ՝ պատճառելով ֆիզիկական ծանր տառապանք։
Փաստաբանները նշում են, որ Խաչատրյանի մոտ դեռևս 2015թ. ախտորոշվել է ողնաշարի ստենոզ։ Նրա պարանոցային ողնաշարում տեղադրված են հատուկ իմպլանտներ, որոնք Հայաստանում չեն կիրառվում։
Բժիշկների և դատաբժշկական փորձագետների եզրակացությունների համաձայն՝ Խաչատրյանին անհրաժեշտ է անհետաձգելի վիրահատություն, որը, ըստ փաստաբանների, Հայաստանում հնարավոր չէ իրականացնել՝ համապատասխան մասնագետների, գործիքների և տեխնիկական պայմանների բացակայության պատճառով։
Գագիկ Խաչատրյանը գրեթե նմանատիպ իրավիճակում հայտնվել էր նաև 2020թ-ին։ Այդ ժամանակ կալանքի տակ գտնվող Խաչատրյանը ստիպված դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ 2020թ. հուլիսի 21-ին ՄԻԵԴ-ը մասնակի բավարարել էր Գագիկ Խաչատրյանի դիմումը՝ նրա առողջական վիճակին անհրաժեշտ բուժօգնությունն ապահովելու վերաբերյալ։
ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել էր ապահովել Խաչատրյանի՝ Հայաստանում իր առողջական վիճակին համապատասխան բուժում ստանալու հնարավորությունը, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում քաղաքացիական հիվանդանոցում ստացիոնար բուժումը։ Այդ ժամանակ Գ. Խաչատրյանի մոտ ախտորոշվել էր ողնաշարի ստենոզ և ցուցված էր անհապաղ վիրահատական բուժում։
Ներկայումս ՄԻԵԴ-ում քննվում են Խաչատրյանի անունից ներկայացված երկու դիմումներ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով՝ կյանքի իրավունքի, և 3-րդ հոդվածով՝ խոշտանգումների արգելքի հիմքով։
Ըստ փաստաբանական խմբի՝ դիմումները հաղորդակցվել են ՀՀ կառավարությանը։
Փաստաբանական խումբը նշել է, որ մինչ այժմ խուսափել է Խաչատրյանի առողջական ծանր վիճակը պատկերող կադրերի հրապարակումից՝ նրա և ընտանիքի անդամների արժանապատվությունն ու անձնական կյանքը հարգելու նպատակով։ Սակայն ստեղծված իրավիճակում որոշել է հրապարակել այդ կադրերը՝ հանրությանը ներկայացնելու նրա նկատմամբ վերաբերմունքի, իրենց գնահատմամբ, իրական ծանրությունը։ Փաստաբանները նաև ընդգծել են, որ մարդու հիմնարար իրավունքները չպետք է պայմանավորված լինեն նրա նախկին պաշտոնով, հանրային ընկալմամբ կամ առաջադրված մեղադրանքներով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել