HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի համար առևտրային արտոնությունների կիրառմանը

ԵՄ խորհուրդը այսօր հավանություն է տվել Հայաստանի համար ինքնավար առևտրային միջոցներ (autonomous trade measures) կիրառելու և ԵՄ երկրներ Հայաստանի արտահանումների շուրջ 80%-ը մաքսատուրքերից ազատելու օրենսդրական նախաձեռնությանը։

ԵՄ-ն նախատեսում է երկու տարով կասեցնել ներմուծման մաքսատուրքերի գանձումը հայաստանյան արտադրանքի լայն շրջանակի նկատմամբ, ներառյալ՝ սակագնային քվոտաների ենթակա առանձին գյուղատնտեսական ապրանքների համար։

«Այսօր ընդունված որոշումը հստակ ուղերձ է․ տնտեսական ճնշմանը Եվրոպական միությունը կարձագանքի։ Մենք կշարունակենք նոր հնարավորություններ ստեղծել և հաստատակամորեն կանգնել մեր գործընկերների կողքին»,-որոշումը մեկնաբանել է Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Հելեն Մքէնթին։

Այս օրենսդրական նախաձեռնությունը հավանություն է ստացել առանց որևէ փոփոխության։ Սա նշանակում է, որ այն վերջնականապես կհաստատվի և ուժի մեջ կմտնի մինչև սեպտեմբերի վերջ, երբ Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստի ընթացքում կքվեարկի նախաձեռնության օգտին։ 

Ակնկալվում է, որ Եվրոպական խորհրդարանը նույնպես այս որոշումը առանց փոփոխությունների կընդունի։

Ըստ օրենսդրական նախաձեռնության փաստաթղթերի, ցուցակում կներառվի Հայաստանից Ռուսաստան արտահանվող թարմ մրգերի, բանջարեղենի և բույսերի գրեթե 99%-ը, ինչպես նաև՝ խմիչքների և սպիրտային ըմպելիքների ավելի քան 91%-ը։

Նախաձեռնության երկու հավելվածներում մանրամասն ներկայացված է մաքսատուրքերից ազատվելիք ապրանքների ցանկը։

Հիշեցնենք, որ Եվրոպական հանձնաժողովը այս օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկավ, երբ Ռուսաստանն արգելեց Հայաստանից մի շարք ապրանքների ներմուծումը։

Կարևոր է նշել, որ մաքսատուրքերի չեղարկումը դեռևս չի նշանակում որակի ստանդարտների չեղարկում:

Հայաստանի արտահանողները պարտավոր կլինեն ներկայացնել ԵՄ արտահանվող ապրանքների ծագման փաստաթղթերը և պահպանել բուսասանիտարական խիստ կանոնները (լաբորատոր կանոններ, ապրանքների սերտիֆիկացիա և այլն)։

ԵՄ գյուղմթերք կկարողանան արտահանել միայն այն ընկերությունները, որոնք ունեն պատշաճ որակ ապահովելու և վերահսկելու կարողություններ։ Դրանցից ոմանք Եվրամիության տարբեր ծրագրերով արդիականացրել են իրենց արտադրանքն ու համապատասխանեցրել Եվրամիության պահանջներին։

Կարդացեք նաև.

Գլխավոր լուսանկարը՝ primeminister.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter