
«Գյուղացիները հիմա ամեն ինչից են դժգոհում». Սերգո Կարապետյան
Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, Ախթալայում կայացած խորովածի ավանդական փառատոնին ներկա ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին «Հետքը» մի քանի հարցեր ուղղեց Լոռու մարզի գյուղատնտեսական հիմնախնդիրների մասին:
-Պարոն նախարար, հատուկ խորովածի փառատոնին մասնակցելո՞ւ նպատակով եք այցելել Լոռու մարզ:
-Ոչ, հատուկ փառատոնի համար չեմ եկել: Ես աշխատանքային այցով եմ Լոռու մարզում: Օգտվելով առիթից՝ Լոռու մարզպետի հետ մասնակցում եմ այս միջոցառմանը:
-Ձեր այցի շրջանակներում մարզի ո՞ր գյուղական համայնքերում եք աշխատել:
-Ճանապարհի վրա մի քանի համայնքներ անպայման պետք է մտնեմ:
-Ի՞նչ կասեք մարզի գյուղատնտեսական հիմնախնդիրների մասին:
-Հիմնախնդիրներ եղել են, պետք է լինեն, և հիմնախնդիրները պետք է հաղթահարվեն:
-Ձեր կարծիքով, գյուղտնտեսության ոլորտում ստեղծված դժվարությունները առաջիկա քանի՞ տարում կհաղթահարվեն:
-Գիտեք ինչ, գյուղտնտեսության գործընթացը մի օրվա գործ չի, կամ ինչ-որ ժամկետ չի նախատեսված: Սա միշտ զարգացում է ապրում: Տնտեսությունը պետք է զարգանա, գյուղատնտեսությունը պետք է զարգանա: Զարգացման տեմպեր մենք տեսնում ենք, առաջընթաց կա այդ ուղղությամբ և շարունակում ենք աշխատել, որպեսզի ավելի շատ աջակցության ծրագրեր ունենանք, որպեսզի գյուղացիները ավելի շատ հող մշակեն:
-Հողը մշակելու կարևոր նախապայմաններից մեկը գյուղացիներին ժամանակակից գյուղտեխնիկայի տրամադրումն է: Մեր գյուղերում գյուղացիները անհիշելի ժամանակների գյուղտեխնիկա են օգտագործում և խիստ դժգոհ են դրանից: Ի՞նչ կասեք այդ մասին:
-Հանրապետությունում ամեն տեղ էլ գյուղտեխնիկայի խնդիրը կա, և մենք խնդիրը լուծում ենք: Դիզվառելիքի խնդիրը լուծեցինք, վարկերի խնդիրը լուծեցինք՝ ցածր տոկոսադրուքներով: Հիմա աշխատում ենք առաջիկայում լուծել գյուղտեխնիկայի հարցը:
-Ո՞ր համայնքերը առաջնահերթ կապահովվեն գյուղտեխնիկայով:
-Բոլորին էլ տալու ենք, ամբողջ հանրապետության մասշտաբով ուզում ենք գյուղացիական տնտեսությունները ապահովել գյուղտեխնիկայով: Եվ այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ ենք տանում:
-Ի՞նչ կասեք այս տարի խոտի և ցորենի արտադրության գործում ստեղծված՝ Լոռու մարզի գյուղացիների դժվարությունների մասին:
-Ուրեմն ես ասեմ՝ գյուղատնտեսական այս տարին լավ տարի էր: Բարենպաստ էին կլիմայական պայմանները, և մենք առատ բերք ունենք: Հիմա գնում է բերքահավաքի եռուն ժամանակաշրջանը, և լավ ցուցանիշներ ունենք: Խոտի առումով, այո, հանրապետության որոշ համայնքերում խոտի պրոբլեմ կար՝ կլիմայական պայմաններից ելնելով: Բայց ամբողջ հանրապետության մասշտաբով մենք խոտի խնդիր չունենք: Հանրապետությունը ամբողջությամբ ապահովված է խոտով և նույնիսկ մարզեր կան, որոնք խոտը կարող են այլ մարզերի վաճառել:
-Ինչո՞ւ են գյուղացիները կառավարության կողմից նախորդ տարի որպես սերմացու տրամադրված էլիտար ցորենի որակից դժգոհում:
-Գյուղացիները հիմա ամեն ինչից են դժգոհում (ծիծաղում է):
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել