HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սրբազան պայքար»-ի գործով ՔԿ փորձագետը գրականության բացակայության պատճառով չի պատասխանել քննիչի հարցին

«Քննչական կոմիտեի փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 2 փորձագետներ այսօր՝ սեպտեմբերի 3-ին, դատարանում պարզաբանումներ էին տալիս «Սրբազան պայքար»-ի գործով որպես ապացույց ներկայացված 245,95 գրամ քաշով վառոդի վերաբերյալ՝ իրենց կազմած փորձաքննության եզրակացության հետ կապված։

Խոսքը մեղադրյալ Մովսես Շարբաթյանի բնակության վայրից հայտնաբերված տարաների մասին է։ Փորձագետները եզրակացրել էին, որ տարաներում 245.95 գրամ անծուխ վառոդ է եղել։ Այն պիտանի է նպատակային օգտագործման համար և դասվում է նետողական պայթուցիկ նյութերի շարքին։

Պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ այն որսորդական գործունեության ժամանակ օգտագործվող վառոդ է, և դատարանին միջնորդել էր փորձագետներին հրավիրել հարցաքննության, «որ փորձաքննությունները տալիս ավելի պատասխանատու լինեն»։

Քննիչը փորձագետներին խնդրել էր պարզել՝ տարաներում ինչ նյութեր են, և եթե դրանք հանդիսանում են վառոդ, ապա ինչ տեսակի և մակնիշի են, ինչ զանգված ունեն։

Դատական նիստի ընթացքում պաշտպան Ռուբեն Մելիքյանը փորձագետ Կարեն Ուդումյանին հարցրեց, թե ինչպես կգնահատի «Սոկոլ» վառոդի տարածվածությունը՝ այն տարածվա՞ծ է, թե՞ բացառիկ։

-Չեմ կարող ասել,- պատասխանեց փորձագետը՝ հավելելով, որ այն իր իրավասության տիրույթում չէ։

Պաշտպանը հիշեցրեց փորձագիտական եզրակացության այն դրույթը, ըստ որի՝ սերտիֆիկացված գործարանային նմուշների բացակայության պատճառով հնարավոր չի եղել պարզել՝ «Սոկոլ» մակնիշով տարայի մեջ լցված նյութն իրականում «Սոկոլ» մակնիշի վառոդ է, թե ոչ։

-Ի՞նչ ջանքեր եք գործադրել, որպեսզի համեմատական նմուշ ստանաք, օրինակ՝ որևէ որսորդական խանութ մտե՞լ եք, թե՞ ոչ, որ տեսնեք՝ նույնից կա, թե չէ, վերցնեք, համեմատեք և քննիչի հարցին պատասխանեք,- հարցրեց պաշտպանը։

Ի պատասխան՝ Կարեն Ուդումյանն ասաց, որ որպես փորձագետ եզրակացրել է, որ անծուխ վառոդը դասվում է նետողական պայթուցիկ նյութերի շարքին, իսկ դրա կոնկրետ տեսակի որոշումը քիմիական հետազոտության խնդիր է։

Պաշտպան Մկրտիչ Դավթյանն էլ հետաքրքրվեց՝ համեմատական նմուշը խանութում կա՞, միջնորդե՞լ են քննիչին, որ ապահովի նմուշով, թե՞ ոչ, ինչին ի պատասխան՝ փորձագետ Ուդումյանը հայտարարեց, որ համեմատական հետազոտությունն ինքը չի անում։

ՔԿ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի մյուս փորձագետ Հրայր Բաղդասարյանն ասաց, որ ինքը 22 տարվա աշխատանքային ստաժ ունի։ Դատարանին հայտնեց, որ վառոդների համեմատական փորձաքննություն կատարելու հնարավորություն չունեն, հետազոտելու մեթոդիկան չկա, դրա համար տարայի գրածի վրա չեն հիմնվում։

Պաշտպան Մկրտիչ Դավթյանը հարցրեց՝ մարտական նպատակով օգտագործվող փամփուշտների մեջ գտնվող վառոդը նո՞ւյնն է, ինչ «Սոկոլը»։

Փորձագետը պատասխանեց՝ նույնականացման համար գրականություն չունեն, իսկ հետազոտությունները, որոնք արել է, նույն արդյունքները ստանում են և՛ որսորդականի, և՛ մարտականի դեպքում։

Մեղադրյալ Արթուր Սարգսյանն ասաց. «Տպավորություն է, որ ուրիշն է փորձաքննությունն արել, Դուք ստորագրել եք»։

Պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ հավելեց՝ այս փորձաքննությունը 162 հազար դրամ է արժեցել։ Դատավոր Կարեն Ֆարխոյանն ուղղեց՝ 162 հազար չէ, այլ՝ 198 հազար դրամ։

Պաշտպան Մկրտիչ Դավթյանը հայտարարեց՝ 2 փորձագետները չպատասխանեցին պաշտպանների հարցերին՝ մեկը մյուսի վրա գցելով։ Փորձաքննությունը թերի է և չի կարող դրվել մեղադրանքի հիմքում։

Դատարանն այս դատական նիստին քննեց նաև մեղադրյալներ Վահագն Չախալյանի և Արթուր Սարգսյանի խափանման միջոցի հարցը։

Դատարանի որոշմամբ՝ Վահագն Չախալյանը կազատվի տնային կալանքից, որպես խափանման միջոց նշանակվեց վարչական հսկողությունը, իսկ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս մեկ ամսով։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15.00-ին։

Գլխավոր լուսանկարում՝ փորձագետ Հրայր Բաղդասարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter