HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Դոլարի կշռի նվազումը Հայաստանում․ 2021-2026 թթ․ պատկերը

Հայաստանի բանկերում ռեզիդենտների (և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձանց) ավանդների մոտ 32%-ը պահվում է արտարժույթով, հիմնականում՝ դոլարով։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում դոլարայնացման մակարդակի վերաբերյալ Կենտրոնական բանկի տվյալներից, որոնք այս տարվա հուլիսի վերջի դրությամբ են։

Դոլարայնացման մակարդակը ցույց է տալիս, թե հայաստանյան բանկերում եղած վարկերի ու ավանդների որ մասն է դոլարով, արտարժութային ավանդների և երկրում առկա փողի զանգվածի հարաբերակցությունը։

Վերջին տարիներին դոլարայնացման մակարդակը Հայաստանում նվազել է։ Քաղաքացիներից ներգրավվող ավանդների ու տրվող վարկերի կազմում արտարժույթի և, մասնավորապես, դոլարի կշիռը կրճատվել է։

Ֆիզիկական անձանց և՛ ցպահանջ, և՛ ժամկետային ավանդների պարագայում ՀՀ դրամով ավանդներն այսօր գերակշռում են։ Մինչդեռ հինգ տարի առաջ դրանց կազմում արտարժույթով ավանդները կեսից ավելին էին (ինֆոգրաֆիկայում տե՛ս D3-ը և D4-ը)։ Հիշեցնենք, որ ժամկետային ավանդի դեպքում գումարը հանձնում են բանկին նախապես ֆիքսված ժամկետով (այդ թվում՝ երկարաժամկետ)։ Իսկ ցպահանջ ավանդի կամ հաշվի գումարը հաճախորդին հասանելի է ցանկացած պահի՝ առանց ժամկետային սահմանափակումների:

Ռեզիդենտներին տրամադրված վարկերի կազմում արտարժույթով վարկերի տեսակարար կշիռը ևս մոտ 32% է (ինֆոգրաֆիկայում տե՛ս D5-ը)։ Այստեղ խոսքը տնտեսության իրական հատվածին տրված վարկերի մասին է. սա ցույց է տալիս, թե տեղական բիզնեսներին ու բնակիչներին տրված բոլոր վարկերի որ մասն է տրամադրվել արտարժույթով, այլ ոչ թե ՀՀ դրամով։ Թեև Կենտրոնական բանկի պաշտոնական վիճակագրության մեջ կիրառվում է «արտարժույթ» ընդհանրական տերմինը, իրականում խոսքը հիմնականում ԱՄՆ դոլարի մասին է, քանի որ այն կազմում է բանկերում առկա արտարժութային խնայողությունների և վարկերի ճնշող մեծամասնությունը։

Վարկերում դոլարի մեծ կշիռը փոխարժեքի տատանումների՝ դրամի արժեզրկման պարագայում կարող է խոցելի դարձնել այն վարկառուներին, որոնք արտարժույթով եկամուտ չունեն։ Այս առումով՝ դոլարային վարկերի կշռի նվազումն ազատում է այդ ռիսկերից։ Վերջին տարիներին դրան նպաստել են նաև օրենսդրական փոփոխությունները։

Հայաստանյան առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները 2024 թվականի կեսից քաղաքացիներին այլևս չեն տրամադրում արտարժույթով (այդ թվում՝ ԱՄՆ դոլարով) հիփոթեքային վարկեր:

Սա, մի կողմից, արտարժույթով եկամուտ ստացող քաղաքացիներին զրկել է արտարժույթով և ավելի բարվոք պայմաններով հիփոթեքային վարկ ստանալու հնարավորությունից, մյուս կողմից՝ նպաստել է տնտեսության դրամայնացմանը։

Դոլարայնացման մակարդակը չափող այս հինգ ուղղություններից հաճախ առավել կարևորվում է D1-ը՝ ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը։ Եթե մյուս չորս ուղղություններն ավելի մասնավորեցված են (օրինակ՝ ըստ ավանդների կամ վարկերի տեսակների), ապա փողի զանգվածում ներառված են դրանք բոլորը, ինչպես նաև բնակիչներին ու տեղական ընկերություններին պատկանող կանխիկ դրամը։ Այսինքն՝ D1-ը ցույց է տալիս, թե տնտեսության մեջ առկա ամբողջ փողի որ մասն են կազմում արտարժութային ավանդները։ Այս տարվա հուլիսի վերջի դրությամբ այն 27.2% է։ Համեմատության համար՝ հինգ տարի առաջ այն մոտ 36% է եղել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter