ՄԻԵԴ-ը «Նոր Սերունդ» ՀԿ-ի գործով ատելության խոսքը տեսել է, սակայն խախտում չի համարել․ Հայաստանի դեմ վճիռ է կայացվել այլ պատճառով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) «Նոր Սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպության գործով արձանագրել է, որ Հայաստանի իշխանությունները խախտել են կազմակերպության՝ դատարան դիմելու իրավունքը։ Դատարանը որոշել է, որ կազմակերպությանը պետք է վճարվի 3600 եվրո՝ ոչ նյութական վնասի, և 1500 եվրո՝ դատական ծախսերի համար։ Միաժամանակ ՄԻԵԴ-ը չի արձանագրել խախտում կազմակերպության դեմ հրապարակված վիրավորական և հոմոֆոբ բնույթի հոդվածի կապակցությամբ։ Դատարանն այդ մասով բողոքը համարել է անընդունելի։
2014թ․ «Իրավունք» թերթը հոդված է հրապարակել՝ «Երբ համասեռամոլների գրանտածիծ պաշտպանները պետական աջակցություն են ստանում» վերնագրով։ Հոդվածում քննադատության է ենթարկվում «Նոր Սերունդ» ՀԿ-ն, որը զբաղվում է, այդ թվում, սեռական փոքրամասնության իրավունքների պաշտպանությամբ։ Հեղինակը կազմակերպությանն անվանել է «հակաբարոյական մարդկային թափոնին պաշտպանող» և գրել, որ ՀԿ-ն Գյումրիում Անկախության օրը «պղծել» է պացիֆիստական-տոլեռաստական ակցիայով։
Հոդվածին կից հրապարակվել է լուսանկար, որի տակ գրվել է, որ «No hate speech» («Ոչ ատելության խոսքին») կարգախոսը համասեռամոլների շահերի լոբբիստների «թիվ 1 կարգախոսն» է։
«Նոր Սերունդ» ՀԿ-ն համարել է, որ հրապարակումը ոչ միայն վիրավորական է, այլև պարունակում է ատելության խոսք և խտրական վերաբերմունք՝ պայմանավորված կազմակերպության՝ սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ։
Կազմակերպությունը հայց է ներկայացրել «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի և լրագրողի դեմ։ Հայցով պահանջվել է հրապարակային ներողություն խնդրել և վճարել փոխհատուցում՝ 1 մլն դրամի չափով։
2015թ․ նոյեմբերի 27-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հայցը մերժել է։ Դատարանը գտել է, որ հոդվածում օգտագործված որոշ արտահայտություններ իսկապես ատելություն են հրահրում և վիրավորական են, սակայն դրանք ուղղված են հիմնականում սեռական փոքրամասնություններին, ոչ թե կոնկրետ «Նոր Սերունդ» կազմակերպությանը։
Կազմակերպության վերաբերյալ մյուս արտահայտությունները դատարանը գնահատել է որպես փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություններ, ինչը պաշտպանվում է խոսքի ազատության իրավունքով։
«Նոր Սերունդ»-ը բողոքարկել է որոշումը, սակայն վերաքննիչ դատարանը նույնպես մերժել է բողոքը։ Այնուհետև կազմակերպությունը դիմել է Վճռաբեկ դատարան։
2016թ․ մայիսի 25-ին Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձրել է՝ թերությունները շտկելու և այն կրկին ներկայացնելու համար։ Դատարանը նշել է, որ կազմակերպությունը պետք է ներկայացնի բողոքի էլեկտրոնային տարբերակը, վճարի պետական տուրք, կամ խնդրի դրա վճարումը հետաձգել, կամ իրեն ազատել դրանից։
«Նոր Սերունդ»-ը հունիսի 6-ին կրկին ներկայացրել է բողոքը և վճարել է մեկ գույքային և մեկ ոչ գույքային պահանջի համար նախատեսված վճարը։ Կազմակերպությունը նշել է, որ վճարը հաշվարկել է իր երկու պահանջների հիման վրա՝ փոխհատուցման և դատական վճռի հրապարակման պահանջներով։ Սակայն Վճռաբեկ դատարանը համարել է, որ կազմակերպությունը պետք է վճարեր ավելի մեծ գումար, քանի որ այն ներկայացրել է երկու ոչ գույքային պահանջ։ Ըստ դատարանի՝ անհրաժեշտ էր վճարել 70 հազար դրամ, մինչդեռ կազմակերպությունը վճարել է 50 հազար դրամ։ Հունիսի 15-ին Վճռաբեկ դատարանը մերժել է բողոքը և նոր ժամկետ չի տվել պակասող վճարը լրացնելու համար։
«Նոր Սերունդ» ՀԿ-ն դիմել է ՄԻԵԴ՝ պնդելով, որ Հայաստանի դատարանները անհասկանալի և անհամաչափ ձևով են կիրառել դատական վճարների վերաբերյալ կանոնները և դրանով իրեն զրկել են Վճռաբեկ դատարան դիմելու հնարավորությունից։
ՀԿ-ի շահերը պաշտպանել է փաստաբան Արա Ղազարյանը։
ՄԻԵԴ-ը համաձայնել է այս փաստարկի հետ։ ՄԻԵԴ-ը նաև հաշվի է առել, որ վերաքննիչ դատարանը նույն կանոնները կիրառել է այնպես, որ կազմակերպության բազմաթիվ ոչ գույքային պահանջները դիտարկել է որպես մեկ պահանջ և ընդունել է մեկ վճար։ Այսինքն՝ կազմակերպությունը հիմք է ունեցել ենթադրելու, որ նույն մոտեցումը կկիրառվի նաև Վճռաբեկ դատարանում։ ՄԻԵԴ-ի գնահատմամբ՝ կազմակերպությունը չէր կարող ողջամտորեն կանխատեսել, որ Վճռաբեկ դատարանը նույն օրենքի հիման վրա վճարը այլ կերպ կհաշվարկեր։ Ավելին, երբ Վճռաբեկ դատարանն առաջին անգամ կազմակերպությանը վերադարձրել է բողոքը և 3 օր է տվել թերությունները շտկելու համար, չի նշել, թե կոնկրետ որքան գումար պետք է վճարել։ Դատարանը նաև չի ներկայացրել այնպիսի նախադեպ կամ դատական պրակտիկա, որը կազմակերպությանը թույլ կտար հասկանալ վճարի հաշվարկման եղանակը։
ՄԻԵԴ-ը կարևորել է մեկ այլ հանգամանք։ Վճռաբեկ դատարանը, վերջնականապես մերժելով բողոքը, կազմակերպությանը նոր ժամկետ չի տվել՝ պահանջվող գումարը լրացնելու համար։ Այսինքն կազմակերպությունը հնարավորություն չի ունեցել կատարել այն պահանջը, որի մասին առաջին անգամ տեղեկացել է հենց բողոքը մերժող որոշումից։
ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ Վճռաբեկ դատարանի որոշումը եղել է անհամաչափ և խաթարել է կազմակերպության՝ դատարան դիմելու իրավունքի էությունը։ Դրա հետևանքով ՄԻԵԴ-ն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում (արդար դատաքննության իրավունք)։
Ինչ վերաբերում է վիրավորանք կամ խտրականություն պարունակող արտահայտություններին, ՄԻԵԴ-ն ընդունել է, որ հոդվածում օգտագործված բառապաշարը հստակ հոմոֆոբ է, սակայն ՄԻԵԴ-ը չի գտել, որ այս հանգամանքը բավարար է «Նոր Սերունդ» ՀԿ-ի նկատմամբ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի կիրառման համար (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք)։
ՄԻԵԴ-ի պատճառաբանությունն այն է, որ կազմակերպությունը իրավաբանական անձ է և, ի տարբերություն ֆիզիկական անձի, չի կարող պնդել, որ նման խոսքերը վնասել են իր մարդկային արժանապատվությանը։ ՄԻԵԴ-ը նաև նշել է, որ նույնիսկ եթե ենթադրենք, որ կազմակերպության հեղինակությունը կարող է պաշտպանվել 8-րդ հոդվածով, տվյալ դեպքում բավարար ապացույցներ չեն ներկայացվել, որ հոդվածը իրական և բավական լուրջ ազդեցություն է ունեցել կազմակերպության հեղինակության վրա։
Կազմակերպությունը պնդել է, որ հոդվածից հետո պետական աջակցություն չի ստացել, իր անդամները չեն ներգրավվել պետական ծրագրերում, աշխատակիցները հեռացել են, իսկ կազմակերպությունը ստիպված է եղել դադարեցնել գործունեությունը և տեղափոխվել Երևան։ Սակայն ՄԻԵԴ-ը նշել է, որ այդ պնդումները բավարար ապացույցներով չեն հաստատվել։
ՄԻԵԴ-ը, մասնավորապես, ուշադրություն է դարձրել Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տվյալներին, որոնց համաձայն՝ կազմակերպությունը պաշտոնապես չի հայտարարել գործունեության ժամանակավոր դադարեցման մասին։ Իսկ աշխատանքից հեռացել է մեկ աշխատակից՝ նշելով, որ չի ցանկանում կապ ունենալ ԼԳԲՏ իրավունքները պաշտպանող կազմակերպության հետ՝ ընտանիքի ճնշման պատճառով։
ՄԻԵԴ-ը համարել է, որ միայն այս հանգամանքը բավարար չէ պնդելու համար, որ հենց վիճահարույց հոդվածն է այնպիսի վնաս հասցրել կազմակերպության հեղինակությանը, որ կիրառվեր Կոնվենցիայի 8-րդ հոդվածը։ Նույն պատճառով դատարանը չի ընդունել նաև այդ հարցի հետ կապված՝ արդյունավետ պաշտպանության միջոցի և խտրականության վերաբերյալ բողոքները։
Այսինքն՝ ՄԻԵԴ-ն այս մասով չի ասել, որ հրապարակված հոդվածն ընդունելի կամ իրավաչափ է։ Ընդհակառակը, դատարանը հստակ արձանագրել է, որ հոդվածի բառապաշարը հոմոֆոբ է և պարունակում է ատելության խոսք ԼԳԲՏ համայնքի նկատմամբ։ Սակայն դատարանը չի գտել, որ ներկայացված ապացույցներով տվյալ հրապարակումը հասել է ծանրության այն աստիճանի, որն անհրաժեշտ է «Նոր Սերունդ» ՀԿ-ի նկատմամբ Կոնվենցիայի 8-րդ հոդվածը կիրառելու համար։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել