HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախթալայում անցկացվեց խորովածի 4-րդ փառատոնը (լուսանկար)

Սեպտեմբերի 8-ին Ախթալայում կայացավ խորովածի 4-րդ ավանդական փառատոնը, որը կազմակերպել էր «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն: Միջոցառմանը աջակցել են Լոռու մարզպետարանը, Ախթալայի քաղաքապետարանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը հայտնեց, որ փառատոնին մասնակցելու հայտ են ներկայացրել հանրապետության 18 ռեստորան և անհատ կազմակերպություն, գործում է 25 տաղավար:

Փառատոնին ներկայացել էին «Էդիկ և ընկերներ», վրացական «Երազանք», «Աֆրիկյանների պանդոկ», «Քուրսի» «Հաղթանակ», Երևանի «Ավրասար» և «Ազնավուր» ռեստորանների, Էջմիածին քաղաքի, նաև հարևան Վրաստանի Մարնեուլի շրջանի Խոխմելի գյուղի թիմերը:

«Մենք ոչ թե ուզում ենք՝ շատ տաղավարներ լինեն, այլ ուզում ենք, որ որակյալ լինեն այդ տաղավարները՝ ձևավորման և տեսականու համատեքստում: Մասնակցության առումով որոշել ենք գնալ ոչ թե քանակի, այլ որակի, որպեսզի խորովածի փառատոնի յուրաքանչյուր այցելու տեսնի խորովածի նոր տեսականի և նաև հնարավորություն ունենա օգտվել խորովածից»,- ասաց Սեդրակ Մամուլյանը:

«Հետքի» հարցին, թե հանրապետության ինչ հանրահայտ ռեստորաններ են մասնակցում խորովածի փառատոնին, Սեդրակ Մամուլյանը պատասխանեց. «Ինձ համար շատ ուրախալի և գնահատելի է, որ Լոռու ձորում ամենաճանաչված «Դրախտ» ռեստորանը նեկայացված է և միշտ ներկայանում է փառատոնին: Շփվել եմ շատ զբոսաշրջիկների հետ, այնպիսի զբոսաշրջիկ չկա, որ այցելած և ճաշակած չլինի ռեստորանի ավագ խոհարար Արմեն Քեֆիլյանի պատրաստած խորովածը»: Այս տարի «Դրախտ» ռեստորանում սպասարկվել է մոտ 9 հազար զբոսաշրջիկ:

Փառատոնին ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: «Սկզբից ես կասկածում էի, որ փառատոնը կդառնա ավանդական: Հիմա ես համոզված եմ, որ խորովածի փառատոնը նպաստելու է Լոռու մարզում տուրիզմի զարգացմանը»,- ասաց Արթուր Նալբանդյանը:

Խորովածի փառատոնին ուշագրավ էր «Վոլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության Ալավերդու տարածքային զարգացման ծրագրի կողմից երեխաների հանգստի համար ներկայացված տաղավարը:

«Կապված խորովածի փառատոնի հետ՝ Ախթալայի քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունքում մենք տաղավարին տրամադրել ենք նկարչական պարագաներ, որպեսզի երեխաները զբաղվեն նկարչությամբ, և այս օրը յուրահատուկ անցնի նաև նրանց համար»,- ասաց Ալավերդու տարածքային զարգացման ծրագրի համայնքային զարգացման մասնագետ Աշոտ Փերիխանյանը:

Փառատոնի ժամանակ համերգ տվեցին «The Beautified Project» խումբը, Լեյլա Սարիբեկյանը, Դավիթ Ամալյանը և այլ երգիչներ ու պարողներ:

Խորովածի մրցույթում կազմակերպիչները սահմանել էին 3 անվանակարգ` լավագույն համ ու հոտ, լավագույն տեսք և լավագույն մտահղացում: Անվանակարգեր էին սահմանել նաև Լոռու մարզպետարանը և Ախթալայի քաղաքապետարանը:

Խորովածի փառատոնի գլխավոր մրցանակը շահեց Երևանի «Արվասար» ռեստորանի թիմը: Վերջինս շահել էր նաև անցյալ տարվա խորովածի փառատոնի գլխավոր մրցանակը: Մրցույթի մյուս մասնակիցները ևս շահեցին մրցանակներ սահմանված անվանակարգերով:

Փառատոնը գեղարվեստական առումով բավականին լավ էր կազմակերպված, սակայն ժյուրին լրագրողներից և փառատոնի մյուս մասնակիցներից գաղտնի գնահատեց մրցույթի մասնակիցների ներկայացրած աշխատանքները: Մինչդեռ ավանդական փառատոնի նախորդ 3 տարիներին ժյուրին փառատոնին ներկա հանրության համար տեսանելի ձևով էր գնահատում թիմերի պատրաստած խորովածը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter