Պուտինը Թրամփին վստահեցրել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Եվրոպայի վրա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերից հետո։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ զրույցը եղել է «կառուցողական և անկեղծ մթնոլորտում» ու տևել մեկ ժամ։ Ըստ նրա՝ Պուտինն ու Թրամփը քննարկել են նաև լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն առ այն, որ Ռուսաստանը ծրագրում է հարձակվել Եվրոպայի վրա։ «Հաշվի առնելով այն շահարկումները, թե իբր Ռուսաստանը թշնամական մտադրություններ ունի եվրոպական պետությունների նկատմամբ, հստակ ընդգծվել է, որ մեր մտքում նույնիսկ չկա Եվրոպայի նկատմամբ որևէ ագրեսիվ ծրագիր»,- ասել է Ուշակովը։
Զրույցի ընթացքում քննարկվել է նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմը։ Ուշակովի խոսքով՝ Թրամփը պնդել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ ավարտել այն։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ պատերազմի ավարտը հնարավորություն կտա Մոսկվային և Վաշինգտոնին վերականգնել առևտրատնտեսական կապերը։ Թրամփը նաև ասել է, որ ցանկանում է բանակցություններում հաջողության հասնել մինչև իր նախագահական ժամկետի ավարտը։
Ուշակովի պնդմամբ՝ Պուտինն իր հերթին աջակցել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կառուցողական գործընկերության գաղափարին ու Թրամփին ներկայացրել ռուսական կողմի գնահատականը ռազմաճակատում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Թե կոնկրետ ինչ առաջարկների մասին է խոսել Պուտինը, Ուշակովը չի հայտնել։
Պուտինն ու Թրամփը նաև պայմանավորվել են շարունակել աշխատանքը հումանիտար հարցերի լուծման ուղղությամբ, այդ թվում՝ ձերբակալված և դատապարտված անձանց փոխանակումների շուրջ։ Ուշակովը նաև չի նշել հնարավոր փոխանակումների ժամկետներն ու դրանցում ներգրավված անձանց թիվը։
Լուսանկարը՝ Jorge Silva / AP
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել