Համայնքային հողերի աճուրդներին հետևեք էլեկտրոնային աճուրդի e-auctions.am կայքում
2026թ․–ին Կառավարությունն էապես փոփոխել է համայնքային և պետական հողերի վաճառքի իրականացման կարգը։ Ապրիլին ընդունած որոշումով պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդներն իրականացվելու են միայն էլեկտրոնային եղանակով։ Աճուրդի համար ընտրվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի էլեկտրոնային աճուրդների պաշտոնական կայքը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) համայնքների համար էլեկտրոնային համակարգի միջոցով աճուրդն իրականացնելու մեթոդական ուղեցույց է կազմել։ Ուղեցույցը սահմանում է աճուրդ իրականացնելու ընթացակարգը, աճուրդի միասնական համակարգից օգտվողների և պատասխանատուի գործառույթները և այլն։
ՏԿԵՆ–ի մեթոդաբանության համաձայն՝ աճուրդի կազմակերպիչը համայնքային գույքի էլեկտրոնային աճուրդի կազմակերպման ժամկետի մասին ծանուցումը հրապարակում է համայնքի պաշտոնական կայքում։ Նույն ծանուցումը տեղադրվում է հրապարակային ծանուցումների կայքում, կարող է տարածվել նաև այլ լրատվամիջոցներով։
Էլեկտրոնային աճուրդն անցկացվում է համայնքային շարժական գույքն օտարելու մասին հրապարակային ծանուցելուց 15 օր հետո, իսկ անշարժ գույքի դեպքում՝ օտարելու հրապարակային ծանուցմանը հաջորդող 45 օրվանից ոչ շուտ։ Համայնքի ղեկավարի ընտրությամբ աճուրդը կառավարելու են համայնքապետարանի աշխատակիցները՝ սկսած աճուրդների մասին էլեկտրոնային աճուրդների պաշտոնական կայքում վաճառվող լոտի հայտը տեղադրելուց մինչև արդյունքների ամփոփումը։
Համայնքների ղեկավարները ՏԿԵՆ–ի մեթոդական ցուցումները տեղայնացրել են իրենց որոշումներով։ Օրինակ, Աբովյան համայնքի ղեկավարի որոշումով էլեկտրոնային աճուրդի պատասխանատուն համայնքապետարանի աշխատակազմի Ծրագրերի, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետն է։ Նույն որոշումով կազմակերպչական հարցերի պատասխանատուներ են նշանակվել Ծրագրերի, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետը և Ֆինանսատնտեսագիտական և եկամուտների հաշվառման բաժնի պետի տեղակալը:
Աբովյանի համայնքապետարանը հուլիսի 31–ին հայտարարել է 5 լոտ՝ հողամասը էլեկտրոնային աճուրդով վաճառելու մասին։ Սակարկությունը մեկնարկելու է սեպտեմբերի 24–ին և կավարտվի սեպտեմբերի 29–ին։ Հաղթողը որոշվում է համակարգի միջոցով։ Հաղթող մասնակիցը համակարգի միջոցով գեներացված էլեկտրոնային աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը սահմանված ժամկետում, առցանց եղանակով ներկայացնում է կազմակերպչին։
Էլեկտրոնային աճուրդը չկայացած և անվավեր է ճանաչվում, եթե աճուրդին չի մասնակցել ոչ մի գնորդ։ Այսինքն՝ մեկ անձի դիմումը բավարար է համարվում աճուրդ իրականացնելու համար։ Հիմնավորումը թերևս այն է, որ «Հողային օրենսգրքի» 67 հոդվածում կատարված վերջին փոփոխություններով աճուրդով վաճառքի մեկնարկային գինը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հողամասի գնահատված շուկայական արժեքը:
Համայնքի ավագանին կամ ղեկավարը կարող են որոշում ընդունել՝ մեկնարկային գինը սահմանել կադաստրային արժեքից շատ ավելի բարձր՝ հիմնվելով ընթացիկ շուկայական իրավիճակի վրա։ Տվյալ դեպքում, Աբովյանի համայնքապետարանը հողերը վաճառքի է դրել կադաստրային արժեքով։ Հայտարարության համաձայն՝ այն արդեն իսկ հողամասերի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքն է։
Մեթոդաբանությունը նաև հավելման չափի նվազագույն արժեքներ է սահմանել, որը միանգամայն տարբեր է նախկինում եղած հավելման չափի տրամաբանությունից։ Լոտի մեկնարկային գնով պայմանավորված սահմանվել են հետևյալ հավելման չափերը․ լոտի մեկնարկային գնի մինչև 100 000 դրամի դեպքում նվազագույն հավելման չափը սահմանվում է 500 դրամ, 100 001–500 000 դրամի դեպքում՝ 1000 դրամ, 500 001– 1 000 000 դրամի դեպքում՝ 10 000 դրամ, 1 000 001–10 000 000 դրամի դեպքում՝ 50 000 դրամ, 10 000 000 դրամից ավելի գումարի դեպքում՝ նվազագույն հավելման չափը սահմանվում է մեկնարկային գնի 1%–ի չափով։
Այսինքն՝ էլեկտրոնային աճուրդի մասնակիցը, մրցակից չունենալու դեպքում, գույքը կարող է գնել լոտի մեկնարկային գնին հավելելով սահմանված չափի գումարը։ Շուտով հնարավոր կլինի ամփոփել համայնքային հողերի էլեկտրոնային աճուրդով վաճառքի արդյունքները։ Այն հնարավորություն կտա վերլուծելու և գնահատելու համայնքի սեփական գույքը էլեկտրոնային աճուրդով վաճառելու և ՏԿԵՆ–ի մեթոդաբանության արդյունավետությունը։
Նշված մեթոդաբանության մեջ արդեն իսկ խնդրահարույց մի ձևակերպում կա․ «Հաղթող մասնակիցը աճուրդի կազմակերպչին է ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը ․․․ օտարերկրյա քաղաքացին՝ անձնագրի պատճենները և թարգմանությունը»։
Հայաստանի սահմանադրության 60 հոդվածին հակասող այս ցուցումը վրիպա՞կ է, անուշադրության սխա՞լ, թե՞ երկրի հիմնարար օրենքի շրջանցում։ Սահմանադրության համաձայն՝ «Հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի»: Ճիշտ է՝ մեթոդական ուղեցույցը գերակա չէ երկրի Սահմանադրությանը և օրենքներին, բայց այն պետք է կազմվի օրենքների հիման վրա։
Հողերի ուղղակի վաճառք՝ վճարի տարաժամկետումով և գրավադրումով
Այս տարվա հուլիսին Կառավարության առաջարկով փոփոխություններ են կատարվել նաև հողամասերն ուղղակի վաճառքով իրացնելու կարգում։ Հողային օրենսգրքի 66 հոդվածը լրացվել և սահմանվել է, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքը կարող է իրականացվել տարաժամկետ վճարման պայմանով՝ համայնքի ավագանու սահմանած դեպքերում և կարգով: Տարաժամկետ վճարման պայմանով հողամասի ուղղակի վաճառքի դեպքում հողամասը գնորդին հանձնելու պահից համարվում է համայնքի մոտ գրավադրված` մինչև գնորդն ամբողջությամբ կվճարի գույքի արժեքը: Համայնքի գրավի իրավունքը ենթակա է պետական գրանցման:
Հողային օրենսգրքի 65 և 66-րդ հոդվածներում կատարված փոփոխություններով որոշակիորեն ընդլայնվել են ավագանու իրավասությունները։ Մասնավորապես 65–րդ հոդվածով ավագանուն թույլ է տրվել համայնքի սեփական հողամասերն անհատույց սեփականության իրավունքով տրամադրել սոցիալական կամ բարեգործական կամ համայնքում ներդրումային ծրագրեր (այդ թվում` «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՊՄԳ ծրագիր) իրականացնելու նպատակով:
Նշված դեպքերում նվիրատվության կամ նվիրաբերության պայմանագրում, ինչպես նաև ավագանու որոշման մեջ, պետք է նշվեն հողամասի օգտագործման նպատակներն ու պայմանները: Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը կամ դրա նկատմամբ իրավունքները համայնքի ավագանու որոշմամբ կարող են ներդրվել իրավաբանական անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում: Ընդ որում, ներդրվող հողամասի կամ դրա նկատմամբ իրավունքի արժեքը չպետք է ցածր լինի տվյալ հողամասի կադաստրային արժեքից:
Հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրով կամ ՊՄԳ պայմանագրով պետք է սահմանվեն իրականացվելիք ծրագրերը կամ ներդրման չափն ու պայմանները, ինչպես նաև հողամասի ուղղակի վաճառքի պայմանների խախտման համար պատասխանատվությունը:
Այսուհետ թույլատրելի է նաև պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն առանց մրցույթի վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելը։ Ավագանին պետք է սահմանի նաև այդ դեպքերը։ Այս փոփոխություններով Կառավարությունն, ըստ էության, օրինականացրել է հողամասերը վարձակալության հանձնելու գործող պրակտիկան։ Հողերի վարձակալություններն, իրականում, մրցույթով չէին տեղի ունենում, հիմնականում պայմանավորվում էին համայնքի ղեկավարի հետ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել