HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սրբազան պայքարի» գործով ՔԿ փորձագետի կրթությունը հարցեր առաջացրեց պաշտպանների մոտ. նա պատմաբան է

«Սրբազան պայքար»-ի գործով այսօր՝ սեպտեմբերի 10-ին, դատարանում շարունակեցին հարցաքննվել «Քննչական կոմիտեի փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 2 փորձագետներ։ Փորձագետները դատարան են հրավիրվել այս գործին առնչվող զենք-զինամթերքի վերաբերյալ իրենց տրամադրած եզրակացությունների կապակցությամբ։

Նրանցից մեկի՝ գլխավոր փորձագետ Համլետ Աղամալյանի մասնագիտական կրթությունը հարցեր առաջացրեց պաշտպանների մոտ։ Բանն այն է, որ փորձագետն ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 

Պաշտպաններին հետաքրքրում էր՝ այդ դեպքում որտեղ է փորձագետը համապատասխան կրթություն ստացել։ Համլետ Աղամալյանը հայտնեց՝ որևէ տեղ չի աշխատել, սակայն, որպես փորձնակ փորձաքրեագիտական կենտրոնում պրակտիկ և տեսական գիտելիքներ է ստացել, որից հետո որակավորում է անցել, քննություն հանձնել և դարձել փորձագետ։ Արդեն 2 տարվա աշխատանքային ստաժ ունի։

Հիշեցնենք՝ այս գործով մեղադրյալները 18-ն են։

Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։

Համլետ Աղամալյանի կատարած փորձաքննությունը վերաբերում էր մեղադրյալ Արմեն Իսրայելյանի տնից հայտնաբերված փամփուշտներին։ Ըստ փորձագետի՝ եզրակացությանը ներկայացվել են ընդհանուր 94 փամփուշտներ, որոնք պիտանի են կրակելու համար և հանդիսանում են ռազմամթերք։

Բագրատ Սրբազանը հարցրեց փորձագետին, թե ինչ են ցանկացել պարզել, ինչ հանձնարարություն է փորձագետին տրվել։

Համլետ Աղամալյանն ասաց՝ պետք էր պարզել՝ դրանք ռազմամթերք են, թե ոչ, եթե այո, ապա գործարանային արտադրության են, թե ինքնաշեն, և պիտանի են կրակելու համար, թե ոչ։

«Փաստորեն փորձաքննությունը նշանակել են, որ ասեք՝ փամփուշտը փամփուշտ է, որը հայտնաբերվել է գնդապետի տնից, ընդ որում, օրինական, ես չեմ հասկանում փորձագետի կարիքը որն է… Փորձաքննությունը նշանակվել է նրա համար, որ հնչեղություն լինի։ Զուտ պարզելու համար, որ սրանք զինամթերք են, դրա անհրաժեշտությունը չկա»,- հայտարարեց Սրբազանը։

Արման Իսրայելյանի պաշտպանը հայտնեց, որ ինքը և մյուս պաշտպաններն այս եզրակացության հետ կապված չէին միջնորդել հարցաքննել փորձագետին, քանի որ իրենց կողմից չի վիճարկվել ոչ զենքի մարտունակ լինելու հանգամանքը, ոչ փամփուշտների։

Դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտնեց՝ դատարանն է որոշել փորձաքննության եզրակացությունների հետ կապված բոլոր փորձագետներին հրավիրել։

Հաջորդ փորձանքննության եզրակացությունը տված փորձագետը կրկին Համլետ Աղամալյանն էր։ Պաշտպանները հետաքրքրվեցին՝ անզեն աչքով հնարավո՞ր է տարբերել փամփուշտները որսորդական են, թե մարտական։

Փորձագետը հայտնեց, որ որսորդականը մարտականից տարբերվում է դրոշմվածքներով, ինչպես նաև գնդակի և պարկուճի միացման տեղամասում մարտական փամփուշտներն ունենում են կարմիր ներկանյութեր։ Սակայն, անզեն աչքով կարող են տարբերել, թե ոչ, պատասխանել չի կարող։ Հետո ավելացրեց՝ եթե ծանոթ լինեն, թե հատակային մասում ինչ են ունենում փամփուշտները, կարող են տարբերել։

Պաշտպանները հետաքրքրվեցին նաև՝ Աղամալյանը փորձաքննությունում օգտագործված գրականությունից զատ նշել է որ այլ տեղեկատու նյութերից է օգտվել, որո՞նք են դրանք։

Փորձագետն ասաց՝ նաև համացանցից է օգտվել։

Պաշտպաններից մեկը հարցրեց փորձագետին՝ Վիքիպեդիայից օգտվե՞լ եք։

-Իհարկե,- պատասխանեց փորձագետ Աղամալյանը։

Պաշտպանն էլ ասաց՝ փորձագետը հաստատում է, որ օգտվել է գիտականորեն չհիմնավորված աղբյուրներից։

-Բոլոր աղբյուրները դիտարկվում են, համեմատություն է արվում գրականության հետ, և արդեն հիմք ենք ընդունում, որ դա այսպիսին է,- ասաց նա։

Մյուս փորձագետը Վահե Զաքարյանն էր, ով 16 տարվա աշխատանքային ստաժ ունի։

Նրա ներկայացրած փորձաքննությունը վերաբերում էր մեղադրյալ Արսեն Ղազարյանի բնակության վայրից հայտնաբերված 3 պարկուճին և մեկ փամփուշտին։

Փորձագետը հայտնեց, որ մարտական զենքից կարելի է կրակել որսորդական փամփուշտներ, քանի որ դրանց տրամաչափերը նույնն են, սակայն դրա համար նախատեսված չեն։

Ըստ նրա՝ որսորդականի ու մարտականի պարկուճները տարբերվում են դրոշմվածքներով։ Թե՛ մարտական, թե՛ որսորդական փամփուշտները, որոնք պիտանի են կրակելու համար, հանդիսանում են ռազմամթերք։ Սակայն, հայտնաբերված պարկուճները ռազմամթերք չեն, եթե դրանք ամբողջական լինեին, այդ դեպքում ռազմամթերք կհանդիսանային։

Պաշտպանը ասաց, որ այս ապացույցը վարույթին վերաբերելի չէ, քանի որ չկա նաև որևիցե այլ ապացույց, որը կհաստատեր, որ ենթադրյալ ահաբեկչության կամ իշխանությունը յուրացնելու համար մեղադրյալներից որևէ մեկը ցանկություն է ունեցել այն օգտագործել։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին։

Գլխավոր լուսանկարում՝ փորձագետ Համլետ Աղամալյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter