HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բելառուսցի գործարար Վինիցկին ICSID-ում Հայաստանի դեմ ներդրումային հայց է ներկայացրել

Միկալայ Վինիցկին (Mikalai Vinitski) 2026թ․ սեպտեմբերի 4-ին Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում (ICSID) Հայաստանի դեմ հայց է ներկայացրել՝ պնդելով, որ Հայաստանի իշխանությունները քաղաքական նպատակներով թիրախավորել են իր ներդրումները։ Վինիցկին իր պահանջը ներկայացրել է՝ հղում կատարելով 2001թ․ Բելառուս–Հայաստան երկկողմ ներդրումային համաձայնագրին, ինչպես նաև ԵԱՏՄ մասին պայմանագրին։

Վինիցկին Բելառուսի և Ռուսաստանի երկքաղաքացիություն ունեցող գործարար է և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի բիզնես գործընկերը։

Կուսակցության անդամ Իվետա Տոնոյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել էր, որ Վինիցկին Հայաստանի կառավարությանը վեճի վերաբերյալ ծանուցում է ուղարկել՝ հղում անելով նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ ներդրումային համաձայնագրին և Եվրասիական տնտեսական միության պայմանագրին։ Գործարարի պնդմամբ՝ Հայաստանի կառավարությունը խախտել է այդ համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները։

Վինիցկին ներդրումներ է կատարել Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ ընկերություններում, այդ թվում՝ «Արարատցեմենտ», «Մուլտի Գրուպ Կոնցեռն», «Մուլտի Վելնես Կենտրոն» և «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ընկերություններում, որոնց բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է Գագիկ Ծառուկյանին։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը Հակակոռուպցիոն դատարանի 2026թ․ հուլիսի 13-ի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը։

Գործարարի շահերը ICSID-ում պաշտպանում է ԱՄՆ-ում գործող «Grigoryan Disputes» փաստաբանական գրասենյակը, որի հիմնադիրը Սարգիս Գրիգորյանն է։

2026թ.-ի փետրվարին Կարեն Անդրեասյանը ICSID-ին ներկայացրել էր արբիտրների (իրավարարներ) և հաշտարարների թեկնածուներ՝ մինչև 2032թ. փետրվարի 4-ը պաշտոնավարելու ժամկետով։ Նրանց թվում է «Ջի Փարթներս» ընկերության հիմնադիր տնօրեն Սարգիս Գրիգորյանը։ Վերջինս նույն կենտրոնում քննվող «Սանիթեք»-ն (Sanitek S.a.r.l.) ընդդեմ Հայաստանի գործով իրավաբանական խմբի կազմում ներկայացրել է ընկերության շահերը։ Ներկայացված բոլոր թեկնածուներն ընդգրկվել են ICSID-ի արբիտրների և հաշտարարների հանձնախմբերում։

Ի դեպ, Սարգիս Գրիգորյանը միջազգային կենտրոնին ներկայացվել է դեռևս այն ժամանակ (2026թ.–ի փետրվարի 4), երբ «Սանիթեքի» գործով վճիռ կայացված չէր (վճիռը կայացվել է 2026թ.–ի մայիսի 22-ին, իսկ նույն տարվա ապրիլի 24-ին տրիբունալը հայտարարել է վարույթը փակված):

Այդ ժամանակ Սարգիս Գրիգորյանը պարզաբանել էր, որ շահերի բախում չկա: Նրա խոսքերով՝ արդարադատության մատչելիությունը հասանելի է բոլորին, իսկ թե ում և երբ ես ներկայացնում, ICSID-ի պահանջների մեջ չի մտնում:

Գլխավոր լուսանկարում Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնը՝ https://changarbitration.com/ կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter