Կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների նորոգման աշխատանքների համար հատկացվել է ավելի քան 1 մլրդ դրամ
Կառավարության որոշմամբ կապահովվի կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքների իրականացումը։
Ըստ այդմ՝ նախատեսվում է ճանապարհների հիմնանորոգման/միջին նորոգման համար կատարել վերաբաշխում շուրջ 1 մլրդ 98 մլն ազար դրամի և ուղղել այդ ճանապարհահատվածների հիմնանորոգման/միջին նորոգման աշխատանքների և դրանց նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերմանը: Որոշմամբ նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 9.83 կմ, որից 9.63 կմ հիմնանորոգում և 0.2 կմ միջին նորոգում: Աշխատանքները նախատեսվում են ավարտել ընթացիկ տարում։
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նշել է, որ խոսքը 14 դպրոց տանող ճանապարհների մասին է:
Վարչապետը թվարկել է այն դպրոցները, որոնց ճանապարհների մասով նախատեսվում նորոգման, հիմնանորոգման աշխատանքներ կատարել. Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Նոր-Ամանոսի կրթահամալիր (ճանապարհի երկարությունը՝ 0.5 կմ), Նոր Եդեսիայի Ն. Շնորհալու անվ. միջնակարգ դպրոց (0.9 կմ), Սասունիկի միջնակարգ դպրոց (0.9 կմ), Թալին համայնքի Լուսակնի միջնակարգ դպրոց (0.6 կմ), Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատի Թ.Խաչատրյանի անվ. միջնակարգ դպրոց (0.35 կմ), Լոռի մարզի Վանաձոր համայնքի Վանաձորի Ս. Նալղռանյանի անվան թիվ 13 ավագ դպրոց (0.4 կմ), Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 հիմնական դպրոց (0.3 կմ), Տաշիր համայնքի Մեդովկայի միջնակարգ դպրոց (0.5 կմ), Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կապսի միջնակարգ դպրոց (0.7 կմ), Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ակների կրթահամալիր (1.34 կմ), Կապան համայնքի Սյունիքի կրթահամալիր (Վարդավանքի հիմնական դպրոցը միավորվելու է Սյունիքի կրթահամալիրին) (0.22 կմ), Գորիս համայնքի Հարժիսի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոց (0.4 կմ), Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Չիվայի միջնակարգ դպրոց (1.817 կմ), Տավուշի մարզի Իջևան համայնքի Գանձաքարի միջնակարգ դպրոց (0.7 կմ)։
Նիկոլ Փաշինյանը նշել է՝ ինչպես խոստացել են, նորակառույց և հիմնանորոգված դպրոց տանող բոլոր ճանապարհները պետք է նորոգեն։
Անդրադառնալով կլաստերային դպրոցների կառուցմանը և տրանսպորտային ծախսերին՝ վարչապետը տեղեկացրել է, որ նախնական քննարկվում էր միայն տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու հարցը, սակայն ծնողների հետ քննարկումների արդյունքում որոշվել է, որ փորձնական իրականացնել մի ծրագիր, որի շրջանակում որոշ տեղերում կտրամադրվի տրանսպորտային ծախսերի փոխհատուցում։
Անդրադառնալով աշակերտների առաջադիմության վերաբերյալ PISA միջազգային հետազոտությանը և դրա հետ կապված քննադատություններին, մասնավորապես՝ ընդդիմադիրների, Նիկոլ Փաշինյանը նշել է՝ այդ քննադատությունները կատարելապես անհասկանալի և անընդունելի են։
Այդ համատեքստում երկրի ղեկավարն անդրադարձել է 300 դպրոցի ծրագրին և հիշեցրել, որ դրանից հետո ևս 300 դպրոցի ծրագիր է սկսվելու, հետո՝ ևս 350. մոտ 700 դպրոց դեռ պետք է կառուցվի, հիմնանորոգվի, որպեսզի շատ թե քիչ կրթության հասանելիություն ապահովվի երեխաների համար: «Մենք դպրոց չենք բացում, մենք դպրոցների ավերակների վրա փորձում ենք հանրակրթության համակարգ ձևավորել։ Ինչպե՞ս կարող է 35 տարվա անկախություն ունեցող երկրում 1000 դպրոց կառուցելու կենսական անհրաժեշտություն լինել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով ուսուցիչների ատեստավորմանը՝ վարչապետը հավելել է նաև, որ անկախության տարիների ընթացքում ոչ ոք չի պահանջել, որ ուսուցիչներն աշխատեն իրենց հմտությունների զարգացման ուղղությամբ։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ սրանք հարցեր են, որոնց հետ առերեսվելու անհրաժեշտություն կա։ «Մենք գլոբալ գրագիտության խնդիր ունենք իմանալու՝ ինչ է պետությունը, ինչ է հասարակությունը, ինչ են միջազգային հարաբերությունները, ինչ է տնեսությունը, մշակույթը, ամեն ինչը»,-նշել է վարչապետը։
Արձագանքելով՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ PISA նախաձեռնությանը մասնակցելը ՀՀ կառավարության որոշումն է եղել՝ համապատասխան տվյալներ ստանալու նպատակով։ Ըստ նրա՝ հետազոտության մասնակիցների 88 տոկոսը 10-րդ դասարանցիներ են եղել։ Նախարարի գնահատմամբ՝ PISA-ի հետազոտությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին Կառավարության ծրագրով և կրթության ռազմավարությամբ իրականացված բոլոր քայլերը ճիշտ ուղղությամբ են։ «Մենք այդ իրավիճակը հասկացել ենք շատ վաղուց, և դրա համար են բոլոր փոփոխությունները նախաձեռնվել և իրականացվում՝ չնայած դիմադրությանը»,- ասել է նախարարը։
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նորություն չէ, որ այդտեղ առկա են լրջագույն խնդիրներ, որովհետև տարիներով մեր դպրոցը հիմնված է եղել անգիրի վրա. «Բնական գիտությունների կիրառականությունը ինչպե՞ս պիտի բարձր լիներ։ Մեր Կառավարությունն է, որ դպրոցներում լաբորատորիաներ է ստեղծում։ Ինչպե՞ս պիտի քիմիայի կամ ֆիզիկայի կիրառական գիտելիք ձևավորվեր, և աշակերտները հասկանային՝ ինչպես կիրառել այդ օրինաչափությունը, եթե համապատասխան պայմանները չկան»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ բոլոր ուղղություններով իրականացվող աշխատանքները թույլ են տալու, որ հաջորդ հետազոտությանը, որն իրականացվելու է 2029 թ.-ին, ուրիշ արդյունքներ արձանագրվեն։
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ շատ կարևոր է նաև, որ առկա խնդիրները ճիշտ ախտորոշվեն. «Եթե մեր հետագա քայլերում ինչ-որ բան փոխելու կամ լավարկելու կարիք կա, ապա այդ ուղղությամբ էլ ուշադիր լինենք։ Իսկապես կարևոր է, որ քննարկումները մասնագիտական լինեն»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել