HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կստեղծվի սպորտի ոլորտի միասնական և կենտրոնացված տեղեկատվական բազա

Կառավարությունն ընդունել է որոշում՝ սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման և սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստրների մշակման, ներդրման ու վարման կարգի ֆինանսական ապահովման համար։

Որոշման նպատակն է սպորտի ոլորտի միասնական տվյալների բազայի ստեղծումը, որը կարող է աստիճանաբար դառնալ ոլորտի ռեգիստր և ծառայել վիճակագրության, քաղաքականությունների մշակման, որոշումների հիմնավորման, ֆինանսավորման գործընթացների, մոնիտորինգի և վերահսկողության համար։ Այն նաև կնպաստի համակարգի արդյունավետության բարձրացմանը՝ միաժամանակ ապահովելով կառավարման համակարգված և միջազգային ստանդարտներին համապատասխան թափանցիկ և արդյունավետ կառավարում։ Որոշման ընդունմամբ հնարավոր կդառնա կենտրոնացված թվային հարթակի ստեղծումը, որը կծառայի որպես պետական միասնական գործիք սպորտի ոլորտում տվյալների հավաքագրման և պահպանման համար, ինչը հնարավորություն կտա ապահովել պատշաճ թափանցիկությունն ու վերահսկողությունը։

Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, այդ նպատակով Կառավարությունը կհատկացնի 20,4 մլն դրամ։

«Սպորտի ուղղությամբ մեր անելիքներն ամրագրված են նաև Կառավարության նոր ծրագրում։ Դրա առաջնահերթ ուղղություններից է սպորտի ոլորտի կառավարման բարեփոխումը, որը չի կարող ընթանալ առանց թվայնացման պատշաճ գործընթացի և կառավարման տեղեկատվական համակարգերի ներդրման, որոնք նաև ոլորտային քաղաքականությունը կդարձնեն փաստահեն և տվյալահեն»,- ասել է նախարարը։

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ ներկայում սպորտի ոլորտում միասնական տվյալների շտեմարան և կառավարման տեղեկատվական համակարգ չկա և արդյունքում՝ ձևավորվող տեղեկատվությունը հաճախ մասնակի է, թերի կամ ժամանակին չի թարմացվում, ինչն ազդում է տվյալների ամբողջականության և հավաստիության վրա։ «Նոր ձևավորվող Սպորտի կառավարման տեղեկատվական համակարգն աստիճանաբար կդառնա ոլորտի միասնական ռեգիստր։ Համակարգում առկա տվյալները կօգտագործվեն վիճակագրության վարման, ոլորտային քաղաքականությունների մշակման, որոշումների հիմնավորման, ֆինանսավորման գործընթացների, նաև մոնիտորինգի և վերահսկողության նպատակով»,-ասել է Ժաննա Անդրեասյանը։

Համակարգը կունենա երեք հիմնական բաղադրիչ։ Առաջին բաղադրիչը վերաբերում է մարզադպրոցների գործունեության թվայնացմանը։ Այն հնարավորություն կտա հստակ վիճակագրություն վարել սպորտով զբաղվող երեխաների և երիտասարդների վերաբերյալ, ինչպես նաև հետևել նրանց առաջընթացին։ Երկրորդ ուղղությունը վերաբերում է բարձր նվաճումների սպորտի և մարզական ֆեդերացիաների գործունեության տվյալների թվայնացմանը, երրորդ բաղադրիչը՝ մասսայական սպորտին։ Վերջինս նախատեսում է տվյալներ հավաքագրել հանրության շրջանում ֆիզիկական ակտիվության ցուցանիշների, այդ թվում՝ մարզասրահներ հաճախելիության մասին։

Վարչապետը, որոշման համատեքստում, նախարարից հետաքրքրվել է Tour of Armenia հեծանվավազքի ընթացքից։ Ի պատասխան Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ երեկ հեծանվավազքի մեկնարկն է տրվել։ «Գավառից Մեծ Մասրիկ 136 կմ անցան 16 պրոֆեսիոնալ թիմեր, որի մեջ նաև Հայաստանն է ներկայացված։ Մեզ համար պատմական իրադարձություն է, որովհետև այս ստանդարտի և որակի մրցաշարի կազմակերպումը և մեծ հեծանվային սպորտը Հայաստան բերելը շատ կարևոր է մեր սպորտի հետագա զարգացման և մեր երկրի տեսանելիության, ինչպես նաև զբոսաշրջության գրավչության բարձրացման համար»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ այսօր էլ հեծանվորդները կանցնեն Կիրանց-Ստեփանավան ճանապարհը՝ 176 կմ։

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հեծանվային սպորտը ժամանակակից աշխարհում ամենամեծ տնտեսական կշիռ ունեցող մարզաձևերից մեկն է։ Ըստ վարչապետի՝ հեծանվային մշակույթը Հայաստանում զարգացնելը կնպաստի նաև խցանումների մեղմացմանը, առողջ ապրելակերպի խրախուսմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter