HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 11-ի արտահերթ նիստում հաստատել է իր աշխատակարգը, հանձնաժողովի անդամների կողմից 2026-2027 թվականներին քաղաքացիների ընդունելության ժամանակացույցը, ինչպես նաև ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը։

Հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը տեղեկացրել է, որ այդ պաշտոնում ընտրելու համար «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Վաղինակ Վարդանովի թեկնածությունը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը։

Ելույթ ունենալով՝ Վաղինակ Վարդանովը շնորհակալություն է հայտնել «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը՝ իր թեկնածությունն այդ պատասխանատու պաշտոնում առաջադրելու համար։ Նա ներկայացրել է հանձնաժողովում աշխատելու իր տեսլականն ու նպատակները։

Քվեարկության արդյունքում Վաղինակ Վարդանովն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ։

ԱԺ լրատվականի փոխանցմամբ՝ հանձնաժողովը քննարկել է նաև ««Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկելի մատակարարման կազմակերպման և իրականացման կարգի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի տեղեկացմամբ պայմանագրով նախատեսվում է վերահսկելի օբյեկտների, ինչպիսիք են՝ թմրանյութեր, զենք, մշակութային, պատմական, արվեստի արժեքներ և այլն, պետական սահմանով ապօրինի փոխադրման ոլորտում կատարվող հանցագործություններին հակազդելու ուղղությամբ արդյունավետ միջոցների ձեռնարկում, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից համագործակցության առկա իրավական մեխանիզմների կատարելագործում։

Նախագիծը վերջնական քննարկվել և լրամշակվել է 2024 թվականի մայիսի 23-ին։

Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter