HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Լալայան

Մեր ազիզ ախպեր Իլհամը

Խոշոր հաշվով, վհատվել պետք չէ, որ Աստված մեզ Իլհամի պես հարևան է տվել: Դեռ մի բան էլ պետք է թաքուն ուրախանալ, երախտապարտ լինել նախախնամությանը, որ այդքան բարեգութ է եղել հայության հանդեպ: Չգիտեմ՝ ով է ասել, բայց շատ դիպուկ է նկատված. լավ է ունենալ տխմար թշնամի, քան խորամանկ բարեկամ: Այդ տեսակետից հայերի բախտը բերել է. Իլհամի պես մեկ թշնամին հարյուր կասկածելի բարեկամ արժե:

Եվ իսկապես, բոլոր այն բարիքները, որ իր իշխանության օրոք մեր ազգի համար, թեկուզև ակամա արել և շարունակում է անել անզուգական Հեյդարօղլին, Հայաստանը չի տեսել ոչ ժողովրդավար, քաղաքակիրթ Եվրոպայից, ոչ բարեկամ համարվող ԱՄՆ-ից, ոչ էլ անգամ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, ում հայկական որոշ շրջանակներ սիրում են պաշտամունքի հասնող, սակայն… անպատասխան սիրով: Բայց սա այլ թեմա է:

«Լավ, իսկ այդ ո՞ր բարի արարքների համար ենք պարտական թշնամի երկրի նախագահին»,- կհարցնի տարակուսած ընթերցողը: Պարզաբանենք՝ սկսելով ամենաթարմ օրինակից: Ասացեք, խնդրեմ, ո՞վ աշխարհի համար պարզ դարձրեց, որ արցախցին այլևս երբեք չի կարող ապրել մի պետության կազմում, որը քնած մարդուն կացնահարող բաշիբոզուկին հերոսացնելու մակարդակից դեռ չի աճել: Անտարակույս՝ Իլհամ Ալիևը:

Ավելին, մեկ գիշերվա մեջ նա ի շահ Հայաստանի կատարեց այնքան գործ, որքան երկու տասնամյակում ի զորու չեղան կատարելու մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը, ՀՀ իշխանությունները, քարոզչական մեքենան և խորհրդարանական դիվանագիտությունը միասին վերցրած: Այդպես, Հունգարիայի հետ խայտառակ գործարքի գնալով՝ Ալիև կրտսերը քողազերծեց բռնապետական, ոճրագործ Ադրբեջանի իրական դեմքը:

Երկրորդ, ո՞վ մերժեց «Մադրիդյան» կոչվող սկզբունքները՝ թույլ չտալով, որ հայերը կորցնեն ազատագրված տարածքները: Համենայն դեպս, դրանց գերակշիռ մասը: Դարձյալ մեր «ազիզ ախպերը»: Ո՞վ ռազմատենչ իր հայտարարություններով, պատմության կեղծարարությամբ, քարանձավային վայրագությանը բնորոշ գործողությունների կազմակերպմամբ, օրինակ՝ Նախիջևանի հայկական գերեզմանոցի խաչքարերի, մշակութային մեր մյուս կոթողների ոչնչացման ձեռնարկմամբ, կարծես թե բացեց միջազգային հանրության քնկոտ աչքերը:

Էլի՞ օրինակներ… խնդրեմ: Ո՞ւմ հայտնի չէ, որ համայն աշխարհում միայն Իլհամ Ալիևը կարող է ատելության, անհանդուրժողության և ներքին չարության «խմորից» պատրաստել հայ թշնամու այնպիսի հրեշավոր կերպար, որի ահից միջին վիճակագրական ադրբեջանցի զինապարտը կնախընտրի գլուխն առնել, հեռանալ իր երկրից, քան երբևէ գործ ունենալ մարդկային կերպարանքը կորցրած, ամենադաժան հաշվեհարդարի ունակ հակառակորդի հետ: Եվ դա ո՞ւմ օգտին է: Անշուշտ՝ Արցախի: Որքան շատ հայից սարսափի թշնամին ու հեռու ծլկի, այնքան ավելի անառիկ կմնան Արցախի սահմանները:

Այս շարքը կարելի է երկար շարունակել, բայց ասվածն էլ բավական է՝ համոզվելու համար, թե իսկապես որքան բարեհաճ է եղել Արարիչը՝ մեզ այդպիսի դրացի ընծայելով: Մեր նեղ օրին հասնող այդպիսի «ազիզ ախպեր»: Այլապես հայոց փոքր ու վտիտ օրրանը կուլ կգնար:

Շատ ցավալի կլինի միայն, եթե Հայաստանի և Արցախի բարձրաստիճան իշխանավորները, պատկան շրջանակները չկարողանան լավագույնս օգտվել Տիրոջ ողորմածությունից կամ, որ նույնն է, Իլհամի տհասության պտուղներից:

Բաց թողնել այդպիսի պատեհությունը՝ նշանակում է Իլհամից ավելի տհաս լինել:

Մեկնաբանություններ (4)

Վահե-2010
Չկասկածեք, նույն խմորից են հունցված:
Մլեհ
Իրար ճանաչում են, Ղարաբաղը չեն ճանաչում... http://chi.am/index.cfm?objectid=E4338AB0-FB64-11E1-BDB2F6327207157C
ominac
ես կը կարծեմ որ հեղինակը շատ աւելորդով ոգեւորուած է․ մեր եւ ատրպէյճանի յարաբերութիւնները կը որոշուին ուժային հարթակի վրայ․ եթէ եւրոպային շահին չի գար որ վիճակը փոխուի, դժուար որ հայերը իրենց արդարութեան ձեռքը խաղալով կրնան վիճակը փոխել․ թշնամիին այս տեսակ արարքներով պարզապէս ըլլալիքին ժամկէտը քիչ մը աւելի կը հեռացնէ, այսօրուայ արձախի իրականութիւնը լրիւ կերտուած է մեր ուժերուն համեմատ, թէ մենք եկուոր ենք թէ ոչ, եւ թէ մեր արարքը արդար է թէ ոչ, շատ քիչ ազդեցութիւն ունի, մենք այս ժամանակները պէտք է օգտագործենք մեր բանակը եւ երկրի ներքին աշխատանքային համակարգը զօրացնելով, արդեն 20 տարի ուշացած ենք այսօրուայ գողական երեակը նախագահի, արդարադատութեան եւ կաթողիկոսութեան տապալելու
Գեւորգ
Հարգելի ominac, Պետք չէ պեղել եվրոպական դիվանագիտության ընդերքը եւ այլն, եւ այլն... Մի?թե Դուք իսկապես այնաստիճան զուրկ եք հումորի զգացումից, որ չեք ընկալում տողատակի հեգնանքը կամ քմծիծաղը` ինչպես կուզեք: Հեղինակի նպատակն է շեշտել թշնամի պետության ղեկավարի քաղաքական տհասությունը եւ դրանից հմտորեն օգտվելու հույժ անհրաժեշտությունը: Ընդամենն այսքան բան: Հեղինակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter