Կառավարությունն առաջարկում է միավորել Վանաձոր և Փամբակ, Արարատ և Վեդի համայնքները
Կառավարությունն առաջարկում է Լոռու մարզում Վանաձոր և Փամբակ համայնքների միավորմամբ ձևավորել նոր՝ Վանաձոր խոշորացված համայնք՝ 22 բնակավայրով, իսկ Արարատի մարզի Արարատ և Վեդի համայնքների միավորման արդյունքում նոր՝ Արարատ խոշորացված համայնք՝ 32 բնակավայրով։ Այս մասին հաղորդում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանի խոսքով վերոնշյալը Կառավարության կողմից իրականացվող վարչատարածքային բարեփոխումների հերթական փուլն է։
Լրացումներն ու փոփոխությունները կատարվելու են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում:
Զեկուցողը նշել է, որ նախկինում իրականացված միավորման 99 ծրագրերով 915 համայնքների փոխարեն այսօր առկա են 64 միավորված համայնքներ, որոնցից 57-ը բազմաբնակավայր են։ Ըստ գործադիրի ներկայացուցչի՝ նախաձեռնության ընդունմամբ համայնքների ընդհանուր թիվը կդառնա 62։ «Միավորման նշված ծրագրերն իրականացվել են փնջային կամ շրջանային մոդելներով»,- տեղեկացրել է Առնակ Ավետիսյանը և հավելել՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շրջանային մոդելով միավորված համայնքներն առավել արդյունավետ են իրականացնում տեղական ինքնակառավարումը, ունեն զարգացած ենթակառուցվածքներ, ֆինանսական և մասնագիտական կարողություններ։ Այս համատեքստում զեկուցողն ընդգծել է, որ Կառավարությունը շարունակելու է խոշորացման և վարչատարածքային բարեփոխումների քաղաքականությունը շրջանային մոդելով։
Հարակից զեկույցում Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահե Ղալումյանը բարձրաձայնել է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը։ Պատգամավորի դիտարկմամբ համայնքների խոշորացումն ամբողջությամբ դրական է անդրադառնում հետագայում համայնքների զարգացման վրա։
Նախաձեռնությունը քննարկվել և ընդունվել է առաջին ընթերցմամբ սեպտեմբերի 14-ի ԱԺ նիստում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել