HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին

«Ռուբեն Վարդանյան» հիմնադրամը հայտնում է, որ Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի (ով 2023 թվականի սեպտեմբերից ապօրինի պահվում է Բաքվի բանտում) կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, քսան մեծածավալ կտավից կազմված գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին:

«Պատերազմ և խաղաղություն» խորագրով 20 գործերը ընդգրկված են «100 ԿՏԱՎ» հավաքածուում, որն ներառում է սոցռեալիզմի հայ և ռուս հայտնի վարպետների աշխատանքներ՝ ընտրված ձեռներեց-բարերարներ Ռուբեն Վարդանյանի, Վլադիմիր Ավետիսյանի և Վլադիմիր Նեկրասովի մասնավոր հավաքածուներից:

Գյումրիին նվիրաբերված աշխատանքները նվիրված են Հայրենական մեծ պատերազմի հիշողությանն ու հետպատերազմյան ժամանակաշրջանին։ Դրանք ներառում են Բելերֆոն Դալաքյանի, Վիկտոր Աբրահամյանի, Ալեքսանդր Տատարենկոյի, Նիկոլայ Լոմակինի և այլ վարպետների գործեր, որոնք նախկինում ցուցադրվել են նաև արտերկրի բազմաթիվ ցուցահանդեսներում։

«Ռուբենի համար Գյումրին միշտ առանձնահատուկ քաղաք է եղել, որի զարգացմանը նա մասնակցել է իր հիմնադրամի միջոցով։ Մասնավորապես, նրա նախաձեռնած Բարեկամության այգու վերականգնումը կարևոր ներդրում էր քաղաքային միջավայրի զարգացման գործում։ Ուրախ եմ, որ «100 ԿՏԱՎ» հավաքածուից ընտրված այս գործերը կդառնան մշակութային հարուստ ավանդույթներ ունեցող Գյումրիի ժառանգության մասը և կցուցադրվեն հանրությանը»,- նշել է Վերոնիկա Զոնաբենդը:

Գյումրի համայնքի ղեկավարի փոխարինող Ավետիս Առաքելյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը երախտագիտությամբ ու ուրախությամբ է ընդունում այս արժեքավոր նվիրատվությունը:

Կտավները հանձնվել են Գյումրիի «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանին:

«Ուրախ ենք, որ մեր թանգարանը համալրվում է նման հավաքածուով, և շնորհակալ ենք տիկին Զոնաբենդին շռայլ նվիրատվության համար: Կտավներն իրենց արժանի տեղը կգտնեն թանգարանում, և առաջիկայում ցուցահանդեսի միջոցով դրանք կներկայացնենք արվեստասեր հանրությանն ու քաղաքի հյուրերին»,- ավելացրել է «Կումայրի» արգելոց-թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter