Փոշու ջրվեժ՝ կիսակառույց շենքերից․ ինչ արժե օդը աղտոտելը
Լուսինե Մկրտչյանը 6-ամյա որդուն ամիսը մի քանի անգամ տանում է ֆուտբոլի մարզումների։ Նրա նման շատ ծնողներ են ֆուտբոլն ընտրել՝ ապահովելու երեխաների ֆիզիկական ակտիվությունը․ մտածել են՝ կմարզվեն, առողջ կլինեն: Բայց Լուսինեն որդու մարզումներին անհանգիստ ու զայրացած է հետևում՝ աչքը հարևան շինհրապարակից բարձրացող փոշու ամպին։
Ավանում Ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտերից մոտ 300 մետր հեռավորության վրա «ՄԼ Մայնինգ» ընկերությունը բազմաբնակարան շենքեր է կառուցում։ Լուսինեն օրեր առաջ տեսանկարահանել է, թե ինչպես է կիսակառույց շենքերից փոշին ջրվեժի նման ցած թափվում։
«Հերիք չի քամի էր, մի հատ էլ երևում էր, թե ոնց են ներսից էդ ամբողջ աղբը, փոշին ներքև լցնում։ Քամի էլ չլինի, թափում են, տարածվում է։ Երևում է, որ ոչ մի կանոն չի պահպանվում։ Ու ներքևում 5-6 տարեկան երեխեք են պարապում, պատկերացնո՞ւմ եք»,- ասում է Լուսինեն։
Տեսանյութը Լուսինեն ուղարկել է կառուցապատող «ՄԼ Մայնինգին», ասել են՝ փոխանցել են համապատասխան բաժնին, կուսումնասիրեն։ Դրանից հետո էլի եղել է տարածքում, փոփոխություն չի նկատել։
«Բոլորն էլ կփաստեն, որ խայտառակ վիճակ է շինարարական ոլորտում։ Մենք էլ տանը ունենք օդի աղտոտվածությունը չափող սարք, թվերով էլ ենք տեսնում, որ չի համապատասխանում ստանդարտներին»,- պատմում է Լուսինեն։
Ինչպե՞ս պիտի կառուցապատողը կանխի օդի աղտոտումը
Քաղաքը շինարարական փոշուց պաշտպանելու համար Երևանի քաղաքապետարանը կառուցապատողներին պարտադրում է բազմաբնակարան շենքեր կառուցելու ընթացքում օգտագործել փոշեկլանիչ ցանցեր, ջրային թնդանոթներ ու փոշեճնշիչ սարքեր: Շինանյութի տեղափոխումն ու պահպանումը պետք է կազմակերպվի անթափանց թաղանթներով, պահեստավորումը՝ փակ տարածքներում կամ ծածկերով: Մայրաքաղաքի փողոցները չաղտոտելու համար էլ մեքենաները տարածքից պետք է դուրս բերվեն հատուկ մետաղական հարթակի վրա լվանալուց հետո: Արտանետումների ծավալը վերահսկելու համար 2023 թվականի սեպտեմբերից շինհրապարակներում պարտադիր պիտի լինեն նաև օդի որակը դիտարկող սարքեր։
Եթե այս նորմերը չեն պահպանվում, մինչև վերջերս գործող սահմանաչափերով կառուցապատողը տուգանվում էր 70-100 հազար դրամի չափով։ Օգոստոսին, օրինակ, շինհրապարակներում պատշաճ կահավորում չունենալու համար 138 արձանագրություն է կազմվել։ Քաղաքապետարանն ընդունում էր, որ տուգանքի այս չափը համադրելի չէ այն ծախսերի հետ, որ կառուցապատողը պիտի կատարի արտանետումները պակասեցնելու համար։ Ստացվում է՝ տուգանվելն ավելի ձեռնտու էր։
2026 թվականի օգոստոսի 29-ից տուգանքի այլ սահմանաչափեր են գործում․ առաջին խախտման դեպքում կառուցապատողը կտուգանվի 1.5-2 մլն դրամ, մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում՝ 3-4 մլն դրամ:
Նոր կարգավորումներով համայնքը նաև շինարարությունը 5, 10 կամ մինչև 30 աշխատանքային օրով կասեցնելու լիազորություն ունի։ Հուլիսին, օրինակ, թեժ գծի ահազանգով քաղաքապետարանը Կենտրոնում կասեցրել էր պատշաճ կահավորում չունեցող շինհրապարակի աշխատանքը՝ զգուշացնելով, որ նորմերը չպահպանողները կարող են անգամ շինթույլտվությունից զրկվել։
Միևնույն ժամանակ Երևանի քաղաքապետարանը տեղական տուրքերի և վճարների գծով արտոնություններ է տրամադրում այն կառուցապատողներին, որոնք օդի աղտոտումը կանխող միջոցներ են ձեռնարկում։ Օրինակ՝ եթե կառուցապատողը 2025-2026 թվականների ընթացքում շինհրապարակի կահավորման կանոնների խախտման հիմքով վարչական պատասխանատվության ենթարկված չլինի, շինթույլտվության ժամկետի երկարաձգման դեպքում կօգտվի տուրքի 85% արտոնությունից։
«ՄԼ Մայնինգի»՝ Ֆուտբոլի ակադեմիայի հարևանությամբ գտնվող շինհրապարակում, ըստ քաղաքապետարանի կայքում ներկայացված տվյալների, օդի որակը դիտարկող սարք չկա։ Տեսանյութում էլ երևում է, որ կահավորումը թերի է։ Քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը «Հետքին» հայտնեց, որ նախկինում ստուգայցեր կատարել են, նշված հասցեում ջրցան թնդանոթ ու ցանցեր եղել են, օդի որակը դիտարկող սարքն էլ է միացված եղել առցանց հարթակին։
«Չգիտեմ՝ ինչ պայմաններում սարքը էս պահին չկա, դա էլ կպարզենք, կհամադրենք նախկինում մեր արձանագրածի հետ, որովհետև էն, ինչ տեսանյութում երևում է, անընդունելի է։ Դրա հիման վրա լրացուցիչ ուսումնասիրություն կանենք, համապատասխան վարչարարություն կիրականացվի»,- նշեց Խոջայանը։
«ՄԼ Մայնինգը» Երևանում կառուցապատման մեծ ծրագրեր է իրականացնում։ Խոջայանի խոսքով՝ այս տարի մոտ երկու տասնյակ արձանագրություններ են կազմել ընկերության տարբեր շինհրապարակներում ստուգումներ անելուց հետո։
«Իրականում նման խոշոր կառուցապատողներն ավելի պարտաճանաչ են այդ հարցում, իրենց գրեթե բոլոր հասցեներում ունենում են պատշաճ կահավորում։ Էս դեպքը պիտի հասկանանք, միջոցներ ձեռնարկենք»,- ասաց Խոջայանը։
2026 թվականի հուլիսին քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատասխանատու վարչություններին խիստ հանձնարարական տվեց՝ մինչև տարեվերջ մարդիկ քաղաքում չպիտի խնդրահարույց շինհրապարակ տեսնեն․ Երևանի նոր ՏԻՄ օրենքի փաթեթով քաղաքապետարանը ունի բոլոր լծակները՝ վերահսկելու իրավիճակը։
«Այլևս ես չպետք է լսեմ և տեսնեմ բացատրություններ, թե ինչու որևէ մի շինարար պատշաճ կերպով չի իրականացրել իր կահավորումը: Որովհետև հիմա ձեր ձեռքին կան գործիքներ, որպեսզի ամբողջ քաղաքով դուք կազմակերպեք, որ բոլոր շինհրապարակները պատշաճ կահավորված լինեն», - ասաց Ավինյանը:
Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը նշում է՝ վերջին ամսում կառուցապատողներին իրազեկել են խստացումների ու տուգանքների բարձրացման մասին, իր գնահատմամբ՝ արդյունքն արդեն նկատելի է։
Մի բան, իհարկե, նկատելի է․ թղթի վրա գրված ու բանավոր հնչած խիստ հանձնարարականներն ու ֆինանսական սպառնալիքներն օդը չեն մաքրելու, բայց նոր կարգավորումներով տուգանվելը գոնե ավելի շահավետ չի լինի։
Տե՛ս նաև․
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել